Պեսկովն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարությանը | Region

Պեսկովն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարությանը

Ապրիլ 10,2024 14:33

Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև հարաբերություններում առկա բարդ հարցերը կլուծվեն երկխոսության միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Հուսով ենք, որ առաջնորդները հնարավորություն կունենան քննարկել այս ամենն ամենաբարձր մակարդակով։ Բացի այդ, երկխոսությունները տեղի են ունենում աշխատանքային մակարդակում։ Եվ, իհարկե, մենք կարծում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր բարդ կողմերը, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում, իրենց լուծումը կգտնեն հենց նման երկխոսության շրջանակներում»,- նշել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել և նաև հավելել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ  հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:

Նորություններ