Իրանի նախագահը բացատրել է, թե ինչու նոր գերագույն առաջնորդը չի հայտնվում հանրության առաջ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդը միանգամայն առողջ է, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ խուսափում է հանրությանը ներկայանալուց։ CBS News-ին տված հարցազրույցում նա պատմել է նաև գերագույն առաջնորդի հետ ունեցած իր հանդիպումների ու պետական որոշումների կայացման հարցում նրա դերակատարության մասին։
Փեզեշքիանի խոսքով՝ պաշտոնը ստանձնելուց հետո ինքը երկու անգամ հանդիպել է Իրանի նոր գերագույն առաջնորդի հետ։ Հանդիպումներից մեկը տևել է ավելի քան յոթ ժամ։
Պատասխանելով հարցին, թե ինչու իշխանության գալուց ի վեր գերագույն առաջնորդը գրեթե չի երևում հանրությանը, իսկ նրա լուսանկարները չեն հրապարակվում, Փեզեշքիանը դա բացատրել է նոր հարձակումների սպառնալիքով։
«Պատճառներից մեկն այն է, որ նրանք ամեն դեպքում փորձում են պարզել նրա գտնվելու վայրը, երբ դա իրենց պետք է լինում»,- նշել է նա։
Փեզեշքիանն այս մտավախությունները կապել է Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի նախկինում հասցրած հարվածների հետ։ Նրա խոսքով՝ իրանցի պաշտոնյաները բանակցությունների մեջ էին, երբ հարձակման ենթարկվեցին։
«Մենք բանակցում էինք, իսկ նրանք սպանեցին այդ մարդկանց։ Իմաստ չունի նորից բանակցել, որպեսզի գան ու կրկին սպանեն»,- հայտարարել է նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ Իրանում հիմա վստահ չեն՝ արդյոք նման սպանությունները չեն կրկնվի։
Հաղորդավարուհի Բրեննանն առանձին հարցրել է Փեզեշքիանին նոր գերագույն առաջնորդի առողջական վիճակի մասին՝ հաշվի առնելով, որ, ըստ նախագահի, նա վիրավորվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ, որոնց հետևանքով զոհվել էին նրա հայրն ու ընտանիքի այլ անդամներ։
Մասնագիտությամբ բժիշկ Փեզեշքիանը հավաստիացրել է, որ գերագույն առաջնորդը որևէ շարունակական առողջական խնդիր չունի։
«Բժշկական տեսանկյունից նա լիովին առողջ է։ Սա լսում եք բժշկից, ուստի ընդունեք որպես փաստ։ Նա ոչ մի խնդիր չունի»,- ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանի խոսքով՝ իրենց վերջին հանդիպման ժամանակ գերագույն առաջնորդը կարողացել է ժամերով նստել և ազատ փոխել մարմնի դիրքը։
CBS-ի հաղորդավարուհու ճշտող հարցին՝ արդյոք առաջնորդի ոտքերն ու դեմքը վերականգնվել են վնասվածքներից հետո, Փեզեշքիանը դրական պատասխան է տվել։
«Այո»,- ասել է նա։
Նախագահը նաև հայտնել է, որ նոր գերագույն առաջնորդը մասնակցում է Իրանի արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումների կայացմանը։
Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել է հատուկ խումբ, որի կազմում ընդգրկված է տարբեր պետական ու ուժային կառույցների, խորհրդարանի և կառավարության վեց ներկայացուցիչ։ Նրանք խորհրդակցում են և համատեղ որոշումներ կայացնում։
«Այն ամենը, ինչի շուրջ մենք խոսել ու քննարկումներ ենք ունեցել, ձևավորվել է փոխհամաձայնեցման արդյունքում»,- հայտարարել է Փեզեշքիանը։
Նա ընդգծել է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ երկրում որոշումների կայացումը շարունակվում է բնականոն հունով։
Այն հարցին, թե արդյոք նոր գերագույն առաջնորդը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, Փեզեշքիանն ուղիղ չի պատասխանել։ Փոխարենը նա նշել է, որ դիվանագիտական բոլոր որոշումները կայացվում են հստակ համաձայնեցված մեխանիզմով։
«Իրանում ստեղծվել է վեց հոգանոց թիմ․․․ Նրանք բանակցում ու խորհրդակցում են, և փոխհամաձայնեցման միջոցով հանգում են վերջնական որոշումների»,- ասել է Իրանի նախագահը։
