«Եթե Մոսկվան պահպանի վերահսկողությունը հայկական երկաթուղու նկատմամբ, Ալիևը կհասնի իր նպատակներին՝ TRIPP-ը կվերածվի «Զանգեզուրի միջանցքի»»․Ստեփանյան
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նյու Յորք և հանդիպումները միջազգային գործընկերների հետ առաջին հերթին անհրաժեշտ է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների պրիզմայով։ Այս պահին Հայաստանի ղեկավարության համար թիվ մեկ խնդիրը Մոսկվայի հետ հարաբերությունների բնույթի փոփոխությունն է»,այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատմականորեն այդ հարաբերությունները համարել է «էքսկլյուզիվ»՝ ըստ էության դրանք կառուցելով ուղղահայաց (վերադաս-ենթակա) տրամաբանությամբ, ինչպես եղել է Հայաստանի Երրորդ Հանրապետության ակունքներից սկսած՝ առնվազն մինչև 2022 թվականը։ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է փոխել այդ մոդելը՝ Մոսկվայի և Երևանի միջև հաստատելով հորիզոնական, ինքնիշխան և հավասարազոր հարաբերություններ, ինչպիսիք գոյություն ունեն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող նորմալ պետությունների միջև։
Մոսկվան, վերլուծաբանի դիտարկմամբ, դեռևս չի ընդունում այս մոտեցումը և ամեն կերպ ձգտում է պահպանել իր էքսկլյուզիվությունը։ Նյու Յորքում կայացած հանդիպումներն ու արտաքին աջակցության փնտրտուքը, առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից, նպատակ ունեն ապահովելու այն քաղաքական հենարանը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերությունները հորիզոնական հարթություն տեղափոխելու համար։
Արևմտյան աջակցությունը, տնտեսական հեռանկարները և TRIPP նախագիծը
Հայաստանն արդեն ստանում է շոշափելի օժանդակություն Եվրամիությունից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ուշագրավ է ԵՄ Խորհրդի որոշումը, ըստ որի ազատականացվում է դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերը բազմաթիվ ապրանքատեսակների համար։
«Ակնհայտ է, որ եվրոպացիները չեն գալու մեր փոխարեն լուծեն Ռուսաստանի հետ առկա խնդիրները, բայց ԵՄ-ն իր գործիքակազմով փորձում է էապես աջակցել Հայաստանի տնտեսությանը»,-նշում է Ստեփանյանը։
ԱՄՆ-ի հետ համագործակցության տիրույթում առանձնահատուկ նշանակություն ունեն անցած տարվա օգոստոսի 8-ինստորագրված պայմանավորվածությունները։ Ստեփանյանն առաջին հերթին առանձնացնում է արհեստական բանականության ոլորտում «FIREBIRD»-ի նախագծերը, որոնք պարունակում են ինչպես քաղաքական, այնպես էլ խորը տնտեսական բաղադրիչ։ Նրա կարծիքով՝ Հայաստանի զարգացման տեսլականը հենվում է բարձր տեխնոլոգիաների և տնտեսական արդիականացման վրա։ Ստեփանյանն ասում է՝ եթե Հայաստանը հետևողականորեն շարունակի ընթանալ այս ուղիով, առաջիկա տասնամյակում իրական հնարավորություն կունենա ոչ միայն հասնելու, այլև առաջ անցնելու Ադրբեջանին տնտեսական ցուցանիշներով՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի տնտեսությունն այժմ առնվազն երեք անգամ մեծ է Հայաստանից, սակայն ունի մոնոպոլ ու ավտորիտար բնույթ․ Ժողովրդավարական և տեխնոլոգիապես զարգացող Հայաստանի համար սա ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական ու աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող գործոն է»։
Ռուսական ճնշումները
Ռուսաստանի հետ հարաբերությունները հորիզոնական հարթություն տեղափոխելու ճանապարհին Հայաստանը բախվում է պարբերական սպառնալիքների։
Կրեմլը պարբերաբար սպառնում է՝ եթե Հայաստանը շարունակի եվրաինտերգրման ուղին, գազը թանկացնել, վերջերս էլ մամուլում գրել էին, թե Հայաստան մատակարարվող գազը կարող են անջատել՝ «վերանորոգման» պատրվակով։
Ստեփանյանի կարծիքով՝ այս սպառնալիքների հիմքում իրականում ՀՀ-ի՝ դեպի ԵՄ ընտանիքի մաս կազմելու ձգտումը չէ, այլ՝ Մոսկվայի ներկայությունն ու լծակների պահպանումը։
Ստեփանյանը հիշեցնում է՝ նախկինում (Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին) գազի գնի թանկացման սպառնալիքի տակ Հայաստանը քայլ առ քայլ զիջել է իր ռազմավարական ակտիվներն ու ինքնիշխանությունը՝ Իրան-Հայաստան գազամուղի վերահսկողության զիջումը Ռուսաստանին, «ՀայՌուսգազարդի» 50% բաժնեմասի փոխանցումը, ինչի արդյունքում ընկերությունը դարձավ «Գազպրոմ Արմենիա»՝ զրկելով Հայաստանին որևէ մասնաբաժնից։
Այս քաղաքականությունը հիմնավորվում էր նաև «անվտանգության ապահովմամբ»։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը (ապա՝ ԵԱՏՄ-ին) անդամակցելու որոշումը նույնպես փաթեթավորվեց անվտանգային սպառնալիքներով։ «Սակայն այդ զիջումները չապահովեցին անվտանգություն․ դրանց ողբերգական արտացոլումը դարձավ Արցախի կորուստը և էթնիկ զտումը։ Զիջումների քաղաքականությունը բերեց 100%-անոց կախվածության և հասցրեց ռազմավարական պարտության»,-ասում է վերլուծաբանը։
Նա նկատում է՝ խնդիրը Եվրամիությանն անդամակցելը կամ չանդամակցելը չէ (Հայաստանն այս պահին ԵՄ չի գնում), խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնումն է և սեփական տարածքի ու կոմունիկացիաների նկատմամբ լիակատար վերահսկողության սահմանումը։
Հարավային Կովկասի կոմունիկացիաներն ու հայկական երկաթուղու վերահսկողությունը
Ստեփանյանն ասում է՝ տասնամյակներ շարունակ Ղարաբաղյան հակամարտությունը Մոսկվայի համար եղել է տարածաշրջանը փակ պահելու միջոց, որպեսզի Ռուսաստանի տարածքով անցնող հյուսիսային երթուղին լինի Կենտրոնական Ասիան և Չինաստանը Եվրոպային կապող միակ ցամաքային ճանապարհը։ Ուկրաինական պատերազմի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով այդ երթուղիների փակվելուց հետո Հարավային Կովկասը դարձել է հիմնական աշխարհաքաղաքական կռվանը։
Տարածաշրջանային ապաշրջափակումը, ներառյալ TRIPP նախագիծը, ենթադրում է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Նախիջևան ուղղությունների բացում։ Այս ամենի թիվ մեկ նախապայմանը, ինչպես նշում է Ստեփանյանը, հայկական երկաթուղին սեփական վերահսկողության տակ վերադարձնելն է։
«Եթե Ռուսաստանը պահպանի վերահսկողությունը հայկական երկաթուղու նկատմամբ, TRIPP նախագիծն ու տարածաշրջանային ապաշրջափակումը կզրոյացվեն։ Այդ պարագայում Ադրբեջանը կհասնի իր նպատակներին՝ TRIPP-ը կվերածվի բացառապես «Զանգեզուրի միջանցքի»՝ կապելով Ադրբեջանը Նախիջևանի հետ, առանց դեպի Թուրքիա և Եվրոպա շարունակության, ինչը հակասում է Հայաստանի պետական շահերին»,-նշում է քաղաքական վերլուծաբանը։
Ինչպես լուծել երկաթուղու խնդիրը
Հայաստանի երկաթուղային համակարգը 30 տարի ժամկետով հանձվել է ռուսական կողմին կոնցեսիոն կառավարմամբ, պայմանագրի ժամկետը լրանում է 2038-ին։ TRIPP նախագծի շրջանակներում կառուցվող կամ վերականգնվող երկաթուղու հատվածը չի կարող կառավարվելու ռուսական կողմից, TRIPP-ն ու ռուսական կառավարմամբ երկաթուղին անհամատեղելի են։ ՀՀ կառավարության դիրքորոշումն է՝ քանի որ Ռուսաստանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները ռիսկեր են ստեղծում միջազգային ներդրողների և բեռնափոխադրողների համար, ՀՀ կառավարությունն Մոսկվային առաջարկել է երկաթուղու կոնցեսիոն իրավունքները փոխանցել երրորդ կողմի (օրինակ՝ Ղազախստանին) կամ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում այդ հատվածները դուրս բերել ռուսական կոնցեսիոն պայմանագրից։
Մոսկվան չի ուզում զրկվել Հայաստանի հարավով անցնող կոմունիկացիների «տիրապետումից»։
Նման իրավիճակում, ինչպես Դավիթ Ստեփանյանն է ասում, երկու լուծում կա՝ Մոսկվայի հետ համաձայնության գալ և վճարել կոնցեսիոն պայմանագրի դադարեցման համար գումարը։ Ընդ որում, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատրաստ են աջակցել Հայաստանին ֆինանսական այս հարցում։ Սակայն, ըստ Ստեփանյանի, Մոսկվայի կողմից համաձայնության գալու հավանականությունը ցածր է, քանի որ նրա նպատակը նախագծերի կանխումն է։ Երկաթուղու նկատմամբ հայկական վերահսկողության վերականգման հնարավոր մյուս տարբերակն, ըստ վերլուծաբանի, հետևյալն է՝ եթե բանակցությունները ձախողվեն, Հայաստանը ստիպված կլինի խզել պայմանագիրը։
«Սա ծայրահեղ, բայց այլընտրանք չունեցող քայլ է, քանի որ հապաղումը աշխատում է Հայաստանի դեմ»,-ասում է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ այս հարցում Հայաստանի շահերը լիովին համընկնում են ԱՄՆ-ի շահերի հետ, սակայն հակասում են Ռուսաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահերին, որոնք ձգտում են թույլ չտալ Հայաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական դերի բարձրացումը։
Հայ-ադրբեջանական հարաբերություններ․ Ալիևի երկակի խաղը և խաղաղության երաշխիքները
Ադրբեջանական կողմի վարքագիծը պարունակում է ակնհայտ երկակիություն․ մի կողմից Իլհամ Ալիևը հայտարարում է աննախադեպ խաղաղության մասին, մյուս կողմից՝ հնչեցնում է ագրեսիվ սպառնալիքներ, Հայաստանին մեղադրում «ռևանշիզմի» մեջ։
Բաքվի այս վարքագիծն ունի հստակ պատճառներ։ Ստեփանյանն ասում է՝ Ադրբեջանի համար նախընտրելի էր 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի տրամաբանությունը, որով Ռուսաստանի հետ համատեղ վերահսկողություն էր ստանում Հայաստանի տարածքի նկատմամբ (ինչը հետագայում Մոսկվան կարող էր վաճառել Բաքվին, ինչպես Լաչինի միջանցքը)։
Ստեփանյանը նկատում է՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո տարածաշրջան մտավ նոր խաղացող՝ ԱՄՆ-ն, որի ազդեցությունն այս պահին գերազանցում է Ուկրաինայում ներքաշված Ռուսաստանի ազդեցությանը։
«Ալիևը չէր կարող մերժել խաղաղության գործընթացը, որի հետևում կանգնած է Վաշինգտոնը, սակայն փորձում է ամեն կերպ դանդաղեցնել այն։ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ իրական խաղաղությունն ու կոմունիկացիաների բացումը բերելու են Հայաստանի տնտեսական ու քաղաքական կտրուկ ուժեղացմանը։ Լինելով ավտորիտար պետություն՝ Ադրբեջանը վտանգ է տեսնում ժողովրդավարական Հայաստանի զարգացման մեջ և փորձում է պատերազմի սպառնալիքի, քաղաքական շանտաժի ու խուճապի տարածման միջոցով կանգնեցնել այդ ընթացքը»,-ասում է Ստեփանյանը։
Կայուն խաղաղության գրավականը
Քաղաքական վերլուծաբանը գտնում է՝ տարածաշրջանում պատերազմի բացառման և կայուն խաղաղության ձևավորման թիվ մեկ գրավականը տարածաշրջանային խորը համագործակցությունն է։
Նա վստահ է, որ Ալիևը չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ, այլ օգտագործում է պատերազմի սպառնալիքը՝ հավելյալ զիջումներ կորզելու համար։
Ստեփանյանի կարծիքով՝ որքան շատ լինեն համատեղ ենթակառուցվածքային նախագծերը՝ երկաթուղիներ, ճանապարհներ, գազատարներ, այնքան մեծանալու է երկրների փոխկախվածությունը, ինչը նվազեցնելու է ռազմական էսկալացիայի ռիսկերը․«Այս ամբողջ շղթայի հիմնաքարը հայկական երկաթուղու վերադարձն է Հայաստանի լիակատար վերահսկողության ներքո, ինչը պահանջում է արագ և վճռական որոշումներ»։
Նելլի Բաբայան
