Հայաստանի 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր ՀՀ 4 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Այսպես՝ Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են։ Այսինքն ընտրողը քվեարկում է ոչ թե կուսակցության ցուցակի, այլ կոնկրետ թեկնածուի օգտին։
Մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում, բացառությամբ բազմաբնակավայր համայնքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով
Լերմոնտովոյում ավագանու անդամների ընտրութան հետ միաժամանակ անցկացվում են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։
Լոռու մարզի Թումանյան համայնքում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Այսինքն՝ ընտրություններին մասնակցում են կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները թեկնածուների ընտրական ցուցակներով։ Ընտրողը քվեարկում է քաղաքական ուժի ցուցակի օգտին, իսկ ավագանու մանդատները բաշխվում են ընտրությունների արդյունքներով։
Նշենք, որ Թումանյան և Լերմոնտովո համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են մեկական թեկնածուներ՝ գործող համայնքապետերը։
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նոր կարգավորումների համաձայն՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար սահմանվել է Հայաստանում փաստացի գտնվելու պարտադիր պայման։ Այս ՏԻՄ ընտրություններին արդեն գործում է ընտրելու իրավունքի նոր կարգավորումը՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում առնվազն 366 օր փաստացի չգտնվելու դեպքում քաղաքացին չի կարող մասնակցել ընտրություններին, նրա անունը ընտրացուցակներից հանում են։
ԿԸՀ տեղեկացմամբ՝ այսօր ժամը 08:00-ից բացվել են բոլոր 14 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։
