«Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է, թե չէ»․ Փաշինյան | Region

«Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է, թե չէ»․ Փաշինյան

Հոկտեմբեր 01,2026 13:30

«Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որ մենք դրանց անընդհատ չենք անդրադառնում։ Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա։ Մենք Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր ենք սահմանել, և դա նրա համար է, որպեսզի չստացվի, որ մենք տարբեր կերպ ենք վերաբերվում հայրենիքի համար զոհված մեր քույրերին ու եղբայրներին»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը Հանրային հեռուստաընկերությունը համերգ է հեռարձակել, արդյոք սա պետության վերաբերմունքը չէ զոհերի ընտանիքներին։

Փաշինյանի խոսքով՝ սեպտեմբերի 13-ի կամ ապրիլյան պատերազմի հետ կապած, էսկալացիայի այլ օրերին էլ հատուկ ուղերձներ չեն եղել, ու զոհվածների հարազատները կառավարությանն են դիմել, թե՝ իզո՞ւր էին զոհերը, մոռացության եք տվել։ «Հանրային հեռուստատեսության հետ կապված՝ այստեղ անպատեհություն կա՞։ Իհարկե։

Բայց պիտի հասկանանք՝ իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ մենք տասնյակ զոհեր չենք ունեցել։ Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Ո՞նց վերաբերվենք։ Հետո գալու է նոյեմբերի 9-ը։

Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է, թե չէ։ Իսկ մնացած օրերի՞ն։ Խնդիրն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի, և կարող է պարզվի, որ մեր բոլոր շաբաթ-կիրակիները և ընդհանրապես, եթե մենք մեր պատմությանն առերեսվենք 365 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են »,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը Հանրային հեռուստաընկերությունը Թաթայի համերգն է հեռարձակել, ապա հանրային մեծ դժգոհությունից հետո ներողություն է խնդրել։

Նորություններ