2027-ի բյուջեն․674 մլրդ՝ թոշակներին, 616 մլրդ՝ ՊՆ-ին, 276 մլրդ՝ առողջության ապահովագրությանը, հիփոթեքի տոկոսների վերադարձը գերազանցում է գյուղատնտեսության բյուջեին
4 տրիլիոն 72 միլիարդ դրամ․ այսքան ծախս է նախատեսվում ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով, որը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։
2027 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է՝
-
- Եկամուտներ՝ 3 տրիլիոն 603 միլիարդ դրամ
- Ծախսեր՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ
- Դեֆիցիտ (պակասուրդ)՝ 468.18 մլրդ դրամ
Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝
-
- Արտաքին աղբյուրներ՝ 280.67 մլրդ դրամ (ընդհանուր դեֆիցիտի 59.9%-ը)
- Ներքին աղբյուրներ՝ 187.51 մլրդ դրամ (ընդհանուր դեֆիցիտի 40.1%-ը)
Ո՞ւր են գնալու պետական բյուջեի գումարները, որ ոլորտին որքան են հատկացնելու։ ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի՝ ըստ ծրագրերի և միջոցառումների կազմված ծախսային աղյուսակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետության ծախսերի ամենամեծ մասը սոցիալական ոլորտի վրա է։ Միևնույն ժամանակ, մեծ գումարներ են նախատեսված պաշտպանության, պետական պարտքի սպասարկման, կրթության, ենթակառուցվածքների և առողջապահության համար։
Ամենամեծ գումարը՝ թոշակների համար
Բյուջեի առանձին ծրագրերը դիտարկելիս ամենամեծ ծախսային ուղղություններից է կենսաթոշակային ապահովումը՝ մոտ 674 միլիարդ դրամ։
Համեմատության համար՝ 674 միլիարդ դրամը մոտ 60 միլիարդ դրամով ավելի է, քան պաշտպանության ապահովման համար նախատեսված 613.8 միլիարդը։
Բանակի համար՝ ավելի քան 600 միլիարդ դրամ
2027-ի նախագծով պաշտպանության նախարարության ընդհանուր բյուջեն կկազմի 616.5 միլիարդ դրամ, որից 613.8 միլիարդ դրամն ուղղվելու է «ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում, արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում» ծրագրին։ Հիշեցնենք, որ 2026 թվականին պաշտպանության ոլորտի համար նախատեսված էր 566 միլիարդ դրամ։
ՊՆ բյուջեում ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններին կհատկացվի ավելի քան 1 միլիարդ դրամ։
Պետությունը պարտքի համար նախատեսում է խոշոր գումար
Մեկ այլ խոշոր ուղղություն, որն անմիջապես առնչվում է ոչ թե որևէ նոր ճանապարհի կամ շենքի կառուցմանը, այլ պետության ֆինանսական պարտավորություններին, պետական պարտքի կառավարումն է։
ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեն կկազմի 446.9 մլրդ դրամ, որից կառավարության պարտքի սպասարկմանը կհատկացվի մոտ 417 միլիարդ դրամ։
Առողջապահության նախարարության բյուջեի մեծ մասը՝ համընդհանուր ապահովագրությանը
Առողջապահության նախարարության համար ընդհանուր նախատեսված է մոտ 348.1 միլիարդ դրամ։ Դրա ամենախոշոր ծրագրերից մեկը առողջության համընդհանուր ապահովագրության ծառայություններն են՝ մոտ 276 միլիարդ դրամ։
Այսինքն՝ միայն այս ծրագրի վրա նախատեսվող գումարը ամբողջ պետական բյուջեի մոտ 6.8 տոկոսն է։
Առողջապահական ենթակառուցվածքների բարելավում, կարողությունների զարգացում ծրագրին կհատկացվի 1.3 միլիարդ դրամ։
Առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկնիկաներում մատոււցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար կհատկացվի 9.4 միլիարդ դրամ, շտապ օգնությանը՝ 2.3 միլիարդ դրամ։
Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության հասանելիության և մատչելիության բարձրացում, ծառայությունների մատուցման հասցեականության բարելավում ծրագրին կհատակացվի մոտ 10.9 միլիարդ դրամ։
Կրթություն, գիտություն, մշակույթ և սպորտ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ընդհանուր նախատեսվում է մոտ 435.9 միլիարդ դրամ հատկացնել։ Այստեղ ամենախոշոր ուղղություններից մեկը հանրակրթությունն է՝ մոտ 144.3 միլիարդ դրամ։
Բացի դրանից, մոտ 126.5 միլիարդ դրամ նախատեսվում է հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնելու, կառուցելու և բարելավելու համար։ Այսինքն՝ դպրոցների և մանկապարտեզների շենքերի հետ կապված ծրագիրն ինքնուրույն կազմում է բյուջեի մոտ 3.1 տոկոսը։
Մեկ այլ խոշոր ուղղություն է մասնագիտական կրթությունն ու ուսուցումը՝ մոտ 19 միլիարդ դրամ, իսկ բարձրագույն կրթության և հետավարտական ուսումնառության ծրագրին նախատեսվում է մոտ 13.3 միլիարդ դրամ։
«Գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների հետազոտությունների իրականացում, գիտական ներուժի զարգացում, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանում» ծրագրով նախատեսվում է 30.7 միլիարդ դրամ հատկացնել։
Հայաստանում մեծ սպորտի շարունակական զարգացմանը նպաստելու և միջազգային հարթակներում ՀՀ դիրքի բարելավման համար կհատկացվի մոտ 12.3 միլիարդ դրամ։
Ակադեմիական քաղաքի ստեղծմանն ուղղած աշխատանքների համար կհատկացվի 6.7 միլիարդ դրամ։
«Ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի և պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը նպաստելու» համար կհատկացվի 13.5 միլիարդ դրամ։
Մարզերի մշակութային զարգացման ծրագրին կհատկացվի 310 միլիոն դրամ,
Որքան գումար է հատկացվում ճանապարհներին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն 362.1 միլիարդ դրամ է։ Այստեղ առանձնանում է ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը՝ մոտ 140.6 միլիարդ դրամ։
Այս գումարը ամբողջ պետական բյուջեի մոտ 3.5 տոկոսն է։
Տարածքային զարգացման ծրագրին նախատեսվում է ևս մոտ 153.6 միլիարդ դրամ։
Իսկ գյուղատնտեսությանը որքա՞ն է հասնում
Գյուղացու համար ամենահետաքրքիր հարցերից մեկը հենց սա է։
2027 թվականի նախագծի ծրագրերի ցանկում գյուղատնտեսության հետ անմիջականորեն կապված մի քանի խոշոր ուղղություններ կան։
Ըստ նախագծի՝ էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 83.2 միլիարդ դրամ, որից՝
Գյուղատնտեսության խթանման ծրագրին՝մոտ 14 միլիարդ դրամ։
Գյուղատնտեսության արդիականացման ծրագրին նախատեսվում է մոտ 28.5 միլիարդ դրամ։
Ոռոգման համակարգի առողջացմանը՝ մոտ 16.3 միլիարդ դրամ։
Անասնաբուժական ծառայություններին՝ մոտ 2.6 միլիարդ դրամ։
Իսկ գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման համար նախատեսվում է մոտ 1.6 միլիարդ դրամ։
Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրին կհատակացվի 7 միլիարդ դրամ։
«Մշակաբույսերի միջին բերքատվության բարձրացում:ՀՀ գյուղատնտեսական նշանակության ողջ հողատարածքի համար կազմված ագրոքիմիական քարտեզներով ապահովվածություն: Հացահատիկի և հատիկաընդեղենի արտադրության ծավալների ավելացում» ծրագրի իրականացման համար կհատկացվի 2 միլիարդ դրամ։
Աշխատանք և բարեկեցություն
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության բյուջեն կկազմի 1.084 տրիլիոն դրամ։ Նախարարության բյուջեով նախատեսվում է «Պարգևավճարներ և պատվովճարներ» ծրագրով առանձին կատեգորիայի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացման համար հատկացնել մոտ 10.5 մլրդ դրամ, աղքատության մեղմում և ծայրահեղ աղքատության կրճատմանը՝ 16.7 միլիարդ դրամ։
Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների որակի բարելավում ծրագրով նախատեսվում է 6 միլարդ դրամ։
Ժողովրդագրական վիճակի բարելավման և բազմազավակության աճին նպաստելու համար կհատկացվի 83.4 միլիարդ դրամ։
Բացի այս նախատեսվում է մշտական բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովվածության բարելավման համար հատկացնել 19․7 միլիարդ դրամ, որից «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրին՝ 121 միլիոն դրամ։
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում ծրագրի բյուջեն կկազմի 4.9 միլիարդ դրամ։
2027 թվականի պետական բյուջեով նախատեսված այլ ոլորտների գումարները
ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 446.9 մլրդ, որից կառավարության պարտքի սպասարկում մոտ 417 միլիարդ դրամ կհատկացվի։
Հիպոթեքի տոկոսների վերադարձ
Բյուջեի խոշոր ծրագրերից է նաև հիպոթեքային վարկերի վճարված տոկոսների գումարի վերադարձը։ Այս նպատակով նախատեսվում է մոտ 122.6 միլիարդ դրամ։
Այս ծրագրի գումարը նույնիսկ ավելի մեծ է, քան գյուղատնտեսության արդիականացման և խթանման ծրագրերի գումարները միասին։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը կհատկացվի 22.5 միլիարդ դրամ։
Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն կկազմի 13.1միլիարդ դրամ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն 32․3 միլիարդ դրամ։
Ներքին գործերի նախախարարությանը՝ 144.1 միլիարդ։
Արդարադատության նախարարությանը՝ 27.4 միլիարդ դրամ։
Ազգային անվտանգության ծառայության բյուջեն կկազմի 61.7 մլրդ։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն 3․4 միլիարդ դրամ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջեն՝ մոտ 24.3 միլարդ դրամ
ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն՝ մոտ 1,8 միլիարդ դրամ։
ՀՀ Ազգային ժողովի բյուջեն՝մոտ 7.6 միլիրադ դրամ։
Նելլի Բաբայան
