Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը հնարավոր է տվյալներ է փոխանցել Ադրբեջանին, նա ձերբակալվել է լրտեսության կասկածանքով | Region

Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը հնարավոր է տվյալներ է փոխանցել Ադրբեջանին, նա ձերբակալվել է լրտեսության կասկածանքով

Հոկտեմբեր 07,2026 11:39

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը հնարավոր է տվյալներ է փոխանցել Ադրբեջանին։  Այս մասին գրում է  DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Der Spiegel ամսագրին։

80-ամյա Ավգուստ Հանինգը ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության փորձի կասկածանքով։ Ձերբակալվել է նաև նրա նախկին ենթականերից մեկը, որը նաև  հատուկ ծառայության ղեկավար կազմի  աշխատակից է։  Այս աշխատակցի միջոցով Հանինգը, ըստ մեղադրանքի, տարիներ շարունակ գումարի դիմաց ստացել է գաղտնի փաստաթղթեր։ Նրան, ի թիվս այլնի, մեղադրում են օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի համար «դոսյե» կազմելու մեջ։

Ըստ DW-ի՝  հայտնի չէ՝ արդյոք վերջինս ստացել է այդ դոսյեն, թե՝ ոչ։ Հանինգը նաև, ըստ տեղեկությունների, տարիներ շարունակ քաղաքական տեղեկատվություն է տրամադրել մեկ այլ օտարերկրյա հետախուզության աշխատակցի։

Քննիչները ենթադրում են, որ Աուգուստ Հանինգը Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո վերլուծական զեկույցներ է կազմել «օտարերկրյա հետախուզական ծառայության անվտանգության ապարատի աշխատակցի» համար։

«Դա կարող էր լինել ադրբեջանական հետախուզության սպա»,- նշում է Der Spiegel-ը։

Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ պետական ծառայությունից հեռանալուց հետո Հանինգն աշխատել է մասնավոր բիզնեսում որպես խորհրդատու ու լոբբիստ։ Նրա զբաղեցրած պաշտոններից մեկը գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամությունն էր։

Դաշնային դատախազության հետաքննությանը թափ է հաղորդել մեկ այլ աղմկահարույց գործ, որի դատավարությունն ընթանում է Համբուրգում։ Հանինգի բնակարանում խուզարկություններ էին իրականացվել 2025 թվականին։

Ենթադրվում է, որ Հանինգը լրտեսություն է արել  հօգուտ Իսրայելի։  Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Süddeutsche Zeitung թերթը, պնդում են, որ խոսքը Ռուսաստանի մասին չէ, որի լրտեսական ակտիվությունը Գերմանիայում կտրուկ աճել է։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Հանինգին սպառնում է 6 ամսից մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

 

 

Նորություններ