«Գուցե դժգոհություն առաջացնի, բայց եթե ուզում ենք ունենալ որակյալ բուժծառայություն, բժիշկները պետք է լիցենզավորվեն»․Վիոլետա Զոփունյան
Հայաստանում բուժաշխատողի մասնագիտական գործունեության թույլտվությունն այսուհետ համարվելու է անհատական լիցենզիան։ 2027 թվականի հունվարից մեկնարկող գործընթացին պետք է մասնակցի շուրջ 20 հազար ավագ բուժաշխատող և դեղագետ։ Բոլոր գործող մասնագետները պարտավոր են լիցենզավորման քննությունները հանձնել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վիոլետա Զոփունյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց, որ սա առողջապահության ոլորտում որակի ապահովմանն ուղղված դրական բարեփոխում է․ «Սա ուղղված է բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը։ Լիցենզավորումը գուցե որոշակի անհարմարություն և դժգոհություն առաջացնի բուժաշխատողների մոտ՝ որպես լրացուցիչ գործընթաց, սակայն, ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում սա անհրաժեշտություն է։ Եթե ուզում ենք ունենալ դասական, որակյալ ծառայություն, չենք կարող միայն սարքավորումները կամ ծառայությունները լիցենզավորել։ Պետք է լիցենզավորվի նաև բուժաշխատողը»։
Զոփունյանի խոսքով՝ բուժաշխատողների շրջանում այս լիցենզավորման գործընթացը կարող է դժգոհություն առաջացնել, քանի որ վերջին շրջանում հատկապես առողջապահության համընդհանուր ապահովագրության և էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ բժիշկների վրա պատասխանատվության մեծ բեռ է դրված, ու այժմ էլ մի գործընթաց է սկսվում, որով պետք է հենց բժիշկն անցնի։ Այնուամենայնիվ, ինչպես նկատեց փորձագետը, քննությունն անցնելուց հետո մասնագետները ստանալու են լիցենզիա և 5 տարի անխափան շարունակելու են իրենց գործունեությունը։
Ինչպե՞ս է անցկացվելու քննությունը
- Գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար կիրառվելու է արհեստական բանականության (ԱԲ) հենքով աշխատող համակարգ։ Մուտքը լինելու է դեմքի ճանաչմամբ (Face ID)։ Հարթակը տեսախցիկի միջոցով վերահսկելու է կասկածելի շարժումները, կողմնակի ձայները և համակարգչով այլ գործողությունները։
- Թեստերը ներառելու են ինչպես մասնագիտական, այնպես էլ բուժաշխատողի էթիկայի կանոններին վերաբերող հարցեր։ Հարցաշարերը և գրականության ցանկը հասանելի կլինեն Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական կայքում (nih.am) մինչև նոյեմբերի 1-ը։
- Քննությունը չհանձնելու դեպքում տրամադրվելու է 3 փորձի հնարավորություն։ Փորձերի միջև պարտադիր ժամանակային ընդմիջում չկա․ բուժաշխատողն ինքն է ընտրում քննության կամ վերահանձնման օրը։
Լիցենզիա և Հավաստագիր․ որն է տարբերությունը
Նոր կարգավորմամբ այս երկու փաստաթղթերը տարբերակվում են․
- Լիցենզիան մասնագիտական գործունեության թույլտվություն է, որտեղ նշվելու է կոնկրետ մասնագիտացումը։ Եթե բժիշկն ունի մի քանի մասնագիտացում, յուրաքանչյուրի համար հանձնելու է առանձին քննություն։
- Հավաստագիրը փաստում է շարունակական մասնագիտական կրթությունը (ՇՄԶ) և հիմք է հանդիսանալու անհատական լիցենզիան 5 տարին մեկ ավտոմատ երկարաձգելու համար։
Ովքե՞ր են մասնակցելու գործընթացին
- Ավագ բուժաշխատողներ․ Պահանջը տարածվում է բոլոր ավագ բուժաշխատողների վրա՝ անկախ աշխատանքային փորձից կամ բուհն ավարտելու տարեթվից (համապատասխանում է ԵՄ և ԱՄՆ ստանդարտներին)։ Այս փուլում փոփոխությունը չի վերաբերում միջին բուժանձնակազմին (բույժքույրեր, մանկաբարձներ, լաբորանտներ)։
- Կլինիկական օրդինատորներ․ 2026–2027 ուսումնական տարվա օրդինատորները ստանալու են անցումային լիցենզիա, կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո կհանձնեն կենտրոնացված քննություն։
- Լաբորատոր մասնագետներ․ Կլինիկական լաբորատոր ախտորոշման այն մասնագետները, որոնք մինչև 2014 թվականը ներառյալ ունեն 10 տարվա անընդմեջ փորձ, 2027-ի հունվարի 1-ից կդիտարկվեն որպես ավագ բուժաշխատող և կանցնեն լիցենզավորում։
Քննություններին նախապատրաստվելու համար առանձին վճարովի արձակուրդ չի նախատեսվում, սակայն բուժաշխատողները կարող են օգտագործել ՇՄԶ կրեդիտներ հավաքելու համար օրենքով սահմանված տարեկան 10 աշխատանքային օրը։
Տիրուն Մարգարյան
