Դա սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ ոչ մի բան տեղի չէր ունենա»․Փաշինյանը Շաքիի դեպքի մասին | Region

Դա սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ ոչ մի բան տեղի չէր ունենա»․Փաշինյանը Շաքիի դեպքի մասին

Հոկտեմբեր 07,2026 19:34

Խորհրդարանում այսօր կառավարության ներկայացուցիչները պատասխանում են պատգամավորների հարցերին։ Այսօրվա հարցերի մեծ մասը վերաբերում է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու ու Շաքիի բնակիչների տուն ներխուժելուն։ Այս նույն թեմայով հարց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստացի մնացել է մենակ զինված թշնամու դեմ, ապա նշեց, որ կառավարությունը ռազմաշքերթներ էր իրականացնում, գերժամանակից զենքեր էր ցուցադրում․«Պնդում եմ, որ եթե չկա քաղաքական կամք օգտագործել այդ զենքերը, երբ վտանգված է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ուրեմն այդ ռազմաշքերթը նույնպես կեղծ է»:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, որ եթե ադրբեջանական կողմից լինի կրակոց, հայկական կողմը չի պատասխանելու․«Դուք այստեղ, նաև երեկ ձեր հարցազրույցի ժամանակ զբաղվել եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ՝ ինչ-որ մառախուղ պատճառաբանելով, թե երբ նրան ձերբակալում էին, դիմադրություն ցույց չէր տալիս և այլն։ Հնարավո՞ր է, որ շուտով հանդես գաք ինչ-որ չափով նաև դատապարտելով Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանին, ով հերոսաբար և անձնազոհաբար պաշտպանում էր իր երեխաներին, փաստացի թշնամու կրակոցին պատասխանել է, վիրավորել է նրան և ինքնապաշտպանվել է»:

Հովսեփյանի այս հարցերին ի պատասխան Փաշինյանն ասաց․«Ձեր ասածից ակնհայտ դարձավ, որ ձեր իշխանության ժամանակ կոնկրետ Շաքիի դեպքը լիներ, երբ զինվորն անցել էր կամ լուր էր եղել նման, Հայաստանի Հանրապետությունում կհայտարարվեր ռազմական դրություն, բանակը կբերվեր առաջին մարտական վիճակի, հրետանային կրակով կմշակվեր սահմանային ամբողջ տարածքը, օդուժը կռմբակոծեր Ադրբեջանի մերձագա դիրքերը, բոլոր հրետանային, հրթիռային համակարգերը կբերեին գործի: Դուք ընդամենը ապացուցում եք այն, այն, որ ասում էի սեպտեմբերին պատերազմ է սկսելու»:

Ապա Փաշինյանը անդրադարձավ կոնկրետ դեպքին, նշելով․«Սիրելի քաղաքացիներ, չնայած հասկանում եմ, որ մայրական բնազդը երբեմն ամեն ինչից շատ ուժեղ է, հասկանալի է, բայց երբ որ ոստիկանություն են զանգում, դիմում են ոստիկանություն, ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին։ Էլի եմ ասում՝ պետք չի․․․ ինչ-որ տենց բաներ եք արդեն նկարագրում արդեն՝ հեսա կգնաք, կհասնեք․․․ Ըստ էության, ես հասկացա, որ ռազմական դրություն որ չենք հայտարարել, դա հերթական ձեզ համար փաստարկն է, թե ինչքան անպաշտպան է Հայաստանի Հանրապետությունը»:

Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիրների նկարագրած իրավիճակը Շաքիում տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունի․ «Դա կրիմինալ մի միջադեպ է, ցավոք, Հայաստանում ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։ ՀՀ-ում բազմաթիվ մարդիկ կան դատապարտված սահանն ապօրինի հատման համար։ Աշխարհում չկա մի այդպիսի սահման, որի ապօրինի հատման փաստ տեղի չի ունենում անընդհատ»։

Արեգա Հովսեփյանն արձագանքեց, ասաց, որ Փաշինյանի ելույթից հետևությունն այն է, որ Շաքիի բնակչուհունին՝ Անի Ավետիսյանը փաստորեն ոչ թե պիտի պաշտպաներ իր երեխաներին, այլ պիտի զանգեր ոստիկանություն։ Իսկ Փաշինյանն էլ ի պատասխան ճշտեց՝ Անի Ավետիսյանն արդեն զանգած է եղել, որովհետև տունը, նախնական տվյալներով, որտեղ ադրբեջանցի զինվորը մտել է, մարդիկ այդտեղից մի քանի օր բացակա են եղել․«Հետո երեխաները տեսել են, որ տանն օտար մարդ կա, զանգել են մայրիկին։ Մայրիկը զանգել է ոստիկանություն, դե գյուղ տեղ է՝ մինչև ոստիկանությունը հասնի, փաստն այն է, որ մայրիկն ավելի շուտ է տեղ հասել։ Դա սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ ոչ մի բան տեղի չէր ունենա»։

 

 

 

 

Նորություններ