Մեղրիում զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ի վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։
ՀՀ քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ հընթացս հանդես կգա հաղորդագրություններով։
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- հայտնել է Աբրահամյանը։