Իշխանությունների անտարբեր վերաբերմունքը չափ ու սահման չունի. Գյումրիի վթարային շենքերի բնակիչներ
Գյումրիի վթարային շենքերի խնդիրը լուծում չի ստանա նաև 2024 թվականին: Ընթացիկ տարվա պետական բյուջեում դրանց ամրացման համար դարձյալ գումար նախատեսված չէ: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:
88-ի երկրաշարժի հետևանքով առավել վթարային ավելի քան 90 շենք կա Գյումրիում, որոնցից 4-ը՝ առաջնահերթ ամրացման ենթակա: Վթարային շենքերի խնդիրը երկար տարիներ անտեսված է, պետական կառույցները դրանց ցուցակները վաղուց չեն թարմացնում, իսկ վերջին 15 տարիներին այդ շենքերում արդեն վթարայնության աստիճանն էլ չի գնահատվել: Շարունակ փլուզումների ենթարկվող վթարայինների համար «ամրացման առաջնահերթություն» ասվածը վաղուց է կորցրել իր նշանակությունը:
Գյումրիի վթարային շենքերի ցուցակը գլխավորող Իսահակյան 9 բնակելի շենքում մշտապես փլուզումների վտանգ կա, իսկ բնակիչների բարձրաձայնումները որեւէ արձագանք չեն ստանում: