Ադրբեջանի ժողովուրդը չի ուզում Ալիևի պատճառով դառնալ մատաղացու գառ. միջազգայնագետ
«Այս փուլում Բաքվի հետ սահմանազատման և սահմանագծման գնալու անհրաժեշտություն չկա, առայժմ պետք է առկախել գործընթացը»,-RegionsTV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
«Պետք է սպասել՝ հասկանալու համար, թե տարածաշրջանում ինչ փոխակերպումներ են տեղի ունենալու և այդ փոխակերպումների արդյունքում արդյոք Ալիևն է լինելու Ադրբեջանի այն ներկայացուցիչը, ում հետ Հայաստանը պայմանագիր կստորագրի»,-նշեց Բալասանյանը:
Հնարավոր փոխակերպումները միջազգայնագետը կապում է Իրան-Իսրայել լարվածության ավելացման, այդ գործընթացում Բաքվի ներգրավվածության հետ:
«Եթե խոսքը գնա Իրան-Ադրբեջան ուղիղ բախման մասին, հաշվի առնելով, որ Ադրբեջանի բնակչությաւն մեծ մասը շիադավան է և Իրանն այնտեղ հսկայական ազդեցություն ունի, սա անկասկած բերելու է հսկայական հուզումներ Ադրբեջանի ներսում, որը չեմ բացառում, որ կարող է ավարտվել իշխանափոխությամբ: Ադրբեջանի ժողովուրդը չի ցանկանում Ալիևի պատճառով դառնալ մատաղացու գառ Իրանի հարվածների տակ»,-ընդգծեց Բալասանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է ձգձգել գործընթացը՝ զուգահեռ զարգացնելով տնտեսությունը, ամրապնդելով հարաբերությունները դաշնակիցների հետ, զարգացնելով նրանց հետ ռազմատեխնիկական, տնտեսական համագործակցությունը:
«Եթե Ադրբեջանը հնարավորություն ունենար Տավուշում հողեր վերցնել, դա արդեն արել էր, Ադրբեջանը շատ լավ գիտի՝ ինքը Տավուշում մեկ սանտիմետր անգամ առաջ գալ չի կարող՝ հաշվի առնելով ռելիեֆի առանձնահատկությունը, մեր դիրքային առավելությունները և այլն, այդ պատճառով փորձում են սպառնալիքներով, վախեցնելով Հայաստանին ստանալ այդ տարածքները, որից հետո ինքը կանգ չի առնելու»,- նշեց Բալասանյանը: