Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի Մեծ խնդիրներ:
Այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ տեղ սահմանված չէ։ Ընդամենն առկա է Հայաստանի Կառավարության ղեկավարի 23.05.2023թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման հանձնաժողով ստեղծված լինելու փաստը և դրա անհատակակ կազմը։
Չկա որևէ իրավական ամրագրում, թե այդ հանձնաժողովն ինչ իրավասություն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպես է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում։
Սա նշանակում է, որ քիչ առաջ այդ հանձնաժողովի անունից Կառավարության տարածած հայտարարության նպատակն է այս քաղաքական բավարձակ անթույլատրելի գործընթացը ինստիտուցիոնալ-իրավական կեղծ շղարշով քողարկեը։
Տեղի ունեցածը նաև սկզբունքորեն հակասում է սահամանազատման միջազգային պահանջներին։
ՀՀ կառավարության ղեկավարը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները, ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մարդկանց տներին ու նրանք հայտնվում են ճանապարհներին։
Պարզաբանումը, թե ճանապարհների էական խնդիրներ չեն առաջանում և կարող են կառուցվել այլընտրանքային ճանապարհներ, ընդամենը փորձ է՝ կոծկելու համար մարդկանց և երկրի անվտանգության համար առաջացող իրական խնդիրները։
Բացարձակ անընդունելի է Կառավարության ղեկավարի արդարացումը, թե առանց այդ էլ որոշ գյուղեր ադրբեջանական նշանառության ներքո են. ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու և նշանառությունը վերացնելու փոխարեն Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով՝ արդարացնելու համար քաղաքական որոշումները։
Առանց այն էլ Բաղանիսի ճանապարահատվածը եղել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախի տակ և ժամանակ առ ժամանակ կրակել են երթևեկող մեքենաների ուղությամբ, հիմա դուրս է գալիս Կառավարության ղեկավարի այս որոշմամբ նրանք ավելի են մոտենում ճանապարհին»,- հայտարարել է Թաթոյանը։
Կիրանց գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհն անվտանգ չէ և հայտնվելու է ադրբեջանական զինված ծառայողների դիտարկման տակ։
Ադրբեջանը շարունակում է մխրճված մնալ ՀՀ Տավուշի մարզին պատմակող տարածքներում և դրանք պահել օկուպացված։
Մինչդեռ, Հայաստանի Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ նաև վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտագությանը։
Ընդ որում, ակնհայտ է, որ Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները։