«Թեհրանը պատրաստ է ոչնչացնել Իսրայելի միջուկային օբյեկտները». իրանցի գեներալ | Region

«Թեհրանը պատրաստ է ոչնչացնել Իսրայելի միջուկային օբյեկտները». իրանցի գեներալ

Ապրիլ 20,2024 21:00

– Իրանը հայտնել է, որ Իսրայելի բոլոր միջուկային օբյեկտները տեղորոշված են.

– Իրանի և Ադրբեջանի միջև լուրջ հակամարտության հավանականություն կա.   

Այն, ինչ տեղի ունեցավ Իրանում ապրիլի 19-ի գիշերը, ի սկզբանե լի էր անորոշությամբ։ Ամերիկացի լրագրողներն առաջինը հայտնեցին Իսրայելի ենթադրյալ հարձակումների մասին: Ընդ որում, խոսքը հրթիռային հարվածի մասին էր։  Սակայն, ըստ Իսլամական Հանրապետության պետական լրատվամիջոցների, գրանցվել է 3 փոքր ԱԹՍ-ի թռիչք:

Դիտորդների խոսքով՝ Իսրայելի պատասխանը, որը լուրջ վնասներ չէր հասցրել, այնքան «սահմանափակ» էր, որքան կարող էր հանդուրժել Իրանը: Իսրայելը հրթիռներով չի հարձակվել Իրանի թիրախների վրա՝ սահմանափակվելով միայն դրոններով։ Թիրախը եղել է Սպահանը, որի մոտ գտնվում են խոշոր ավիաբազան, հրթիռային համալիրն ու բազմաթիվ միջուկային օբյեկտներ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունից հայտնել են, որ ոչ մի միջուկային օբյեկտ չի տուժել: Սիրիայում Իրանի ռազմական օբյեկտները ևս հարձակման են ենթարկվել: Հաղորդվում է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաև Իրաքի Ալ-Իմամ շրջանում:

Սա սպասելի հարձակում էր, քանի որ ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ անպատասխան չի թողնի Իրանի հարվածը: Իսրայելի բանակը հրաժարվել է պաշտոնական մեկնաբանություն տալ: Ի դեպ, իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Իրանում, Սիրիայում և Իրաքում  «հրավառությունները» ուղղակիորեն կապված են այաթոլլա Ալի Խամենեիի 85-ամյակի հետ:

Չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը Թել Ավիվին խնդրել էր չպատասխանել Իրանին, հարվածը, այնուամենայնիվ, հասցվեց։ Իսրայելը նախապես զգուշացրել է Վաշինգտոնին իր ծրագրերի մասին:

Իրանական ԶԼՄ-ները և պաշտոնատար անձինք միջադեպը որակել են ոչ թե Իսրայելի, այլ «սադրիչների» հարձակում: Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին հայտարարել է, որ իրենց զգոնության շնորհիվ խոցվել են գրոհող օդային թիրախները:

«Թեհրանի արձագանքը, եթե Իսրայելը Իրանի դեմ հետագա ռազմական գործողություն ձեռնարկի, կլինի «անհապաղ և առավելագույն աստիճանի» – CNN-ի եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Եթե իսրայելական ռեժիմը կրկին արկածախնդրության գնա և գործի Իրանի շահերի դեմ, մեր հաջորդ պատասխանը կլինի անհապաղ և առավելագույն աստիճանի», – հայտարարել է իրանցի նախարարը: «Մենք չենք փորձում Մերձավոր Արեւելքում լարվածություն և ճգնաժամ ստեղծել կամ սրել նման իրավիճակը, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ իսրայելական ռեժիմը չի կրկնի անցյալի ակնհայտ սխալը»: Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ հնարավոր «առավելագույն պատասխանի» մանրամասները ծրագրվել են իրանական զինված ուժերի կողմից: Իրանի գլխավոր դիվանագետը նաև հույս է հայտնել, որ Իսրայելի հնարավոր գործողությունները կարող են դադարեցվել Միացյալ Նահանգների կողմից, և որ Սպիտակ տունը Իսրայելին արկածներ փնտրելու նոր թույլտվություն չի տա:

Իրանա-իսրայելական հակամարտությունում Իրանն աշխարհին ցույց տվեց իր ժամանակակից սպառազինությունը և միևնույն ժամանակ ցուցադրեց իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի խոցելիությունը: Կարծես թե Թեհրանը որոշել է առայժմ սահմանափակվել դրանով։  Արևմուտքը մտահոգված է, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարվածն իրանական միջուկային օբյեկտներին, կստիպի Իրանին վերսկսել միջուկային զենք ստեղծելու իր ծրագիրը:

Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության ծառայության ղեկավար Ահմեդ Հաքթալեբը հայտարարել է, որ Իրանը կարող է փոխել իր դիրքորոշումը միջուկային քաղաքականության վերաբերյալ՝ նկատի ունենալով Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջուկային զենք չստեղծելու վաղեմի հրապարակային խոստումը:

Ինչպես հաղորդում է TOLISHMEDIA լրատվական գործակալությունը, վկայակոչելով IRNA-ին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջուկային պաշտպանության եւ անվտանգության ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ահմեդ Հաքթալեբը հայտնել է, որ «Իրանը պատրաստ է ոչնչացնել Իսրայելի միջուկային օբյեկտները»:  «Սիոնիստական հակառակորդի (Իսրայելի) միջուկային կենտրոնների գտնվելու վայրը տեղորոշված է, և մենք բոլոր թիրախների մասին անհրաժեշտ տեղեկատվություն ունենք. ի պատասխան նրանց ենթադրյալ գործողությունների՝ մենք պատրաստ ենք հզոր հրթիռներ արձակել թիրախները ոչնչացնելու համար», – ասել է գեներալը:

Իրանա-իսրայելական ստվերային պատերազմը դարձել է բաց և թեժ։ Շատ արևելագետ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ աշխարհը բառացիորեն մեկ քայլ է հեռու երրորդ համաշխարհային պատերազմից, ու եթե Իրանի և Իսրայելի փոխադարձ հարձակումները շարունակվեն, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Այս էսկալացիան սպառնալիք է նաև մեզ համար։  Իրանը մեր հարևանն է, մեր դաշնակիցն ու լուրջ գործընկերը, որի հետ մենք դարավոր պատմություն ունենք, և այդ երկրի համար Սյունիքը կարմիր գիծ է։

Իսրայելական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Իսրայելի և Ադրբեջանի կառավարությունների միջև բանակցություններ են ընթանում Իրանի հետ սահմանին Իսրայելին 3 ավիաբազա տրամադրելու շուրջ: Դա նշանակում է, որ տրամադրվելու են օկուպացված Արցախի տարածքները։ Սրանով է պայմանավորված նաև այն, որ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո կառուցվեց Ֆիզուլիի օդանավակայանը։ Եթե այս վկայությունները հաստատվեն, մենք ականատես կլինենք Իրանի և Ադրբեջանի միջև լուրջ առճակատման։

 

                 Զաբելա Ավագյան

Նորություններ