Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
– Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք եւ շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը:
– ԼՂ-ում տեղակայվելու եւ խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում եւ Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունում: ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: