Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հայտարարել 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև մինչև մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:
2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
Նշվում է, որ զորակոչը կիրականացվի հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ զորացրում՝ հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: