Գյումրիի 2024 թ.-ի բյուջեն ընդունվեց. 2 տարվա թմբիրից հետո ավագանին ակտիվացել է | Region

Գյումրիի 2024 թ.-ի բյուջեն ընդունվեց. 2 տարվա թմբիրից հետո ավագանին ակտիվացել է

Հունվար 23,2024 20:44

Գյումրիի ավագանին այսօր արտահերթ նիստով հաստատեց 2024 թվականի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանը: Անցած տարեվերջին բյուջեի նախագծին դեմ էին քվեարկել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները; Արդյունքում, քաղաքի բյուջեն չէր հաստատվել:

25 օր անց քաղաքապետարանը ներկայացրեց ընթացիկ տարվա բյուջեի փոփոխված նախագիծը, որում տեղ էին գտել նաև նախորդ տարբերակին դեմ քվեարկած խմբակցությունների առաջարկները: Մասնավորապես, շների ստերջացման համար 30 մլն դրամի փոխարեն 40 մլն դրամ է հատկացվելու, այլ ռազմավարություն է լինելու, բայց ապաստարանների կառուցման մասին խոսք դարձյալ չկա:

Փողոցաշինության ցանկն է փոխվել, որում ընդգրկվել են ոչ թե քաղաքապետարանի հայեցողությամբ ընտրվածները, այլ՝ բնակիչների մատնանշածները: Գյումրիի գլխավոր կամրջի վիճակի տեխնիկական ուսումնասիրություն կկատարվի և այն կհիմնանորոգվի:

Իսկ քաղաքապետարանի անձնակազմին հատկացվող պարգևավճարները հաջորդ տարվա բյուջեում «աշխատավարձ» ձևակերպումն են ստացել: Քաղաքապետարանի ապարատի աշխատողների աշխատավարձը կբարձրանա 15 տոկոսով:

Բյուջեն հաստատելուց առաջ ելույթ ունեցան նախորդ նախագծին դեմ քվեարկած խմբակցությունների ղեկավարները, հայտարարեցին, որ այս անգամ կողմ են քվեարկելու, բայց վերապահումով՝ հանուն քաղաքի զարգացման, հանուն նոր ծրագրեր չձախողելու: Առաջարկեցին ու պնդեցին, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հնարավորություն տա իրենց վերահսկել բյուջեի կատարումը: Սամսոնյանը համաձայնեց. պատրաստ է համագործակցել:

ՔՊ խմբակցության ղեկավարն էլ նշեց, որ նոր ավանդույթ է ձևավորվում, երբ ավագանու անդամները կարողանում են ակտիվ լինել: Ըստ նրա, ավագանին չպիտի լինի գրպանային, իր մանդատը ի շահ ժողովրդի պետք է ծառայեցնի, ու կողմ են քվեարկում, որ հնարավորություն տան «Բալասանյան դաշինքին» ավելացված դոտացիայի պայմաններում քաղաքը ոտքի կանգնեցնել:

27 կողմ ձայնով հաստատվեց տարեկան աշխատանքային պլանը և 2024 թվականի բյուջեն: Նախորդ չընդունված տարբերակի համեմատ այս նախագծում  ավելի քան 96 մլն դրամով աճել են սեփական եկամուտները: Իսկ 2023 թվականի համեմատ 2024-ի բյուջեն ավելի կլինի 1 մլրդ 400 մլն դրամով, հիմնականում ավելացված դոտացիայի հաշվին և կկազմի ավելի քան 5 մլրդ 770 մլն դրամ:

 

Կարինե Կազարովա

Նորություններ