Գորիսեցի տնտեսագետ դիմահարդարի նոր հոբբին և եկամտի աղբյուրը | Region

Գորիսեցի տնտեսագետ դիմահարդարի նոր հոբբին և եկամտի աղբյուրը

Հունիս 28,2024 11:58

Գորիսեցի Աննա Դանիելյանը, որին շատերը գիտեն որպես Անչոկ,  արդեն մի քանի օր տաքսի ծառայություն է մատուցում միայն կանանց և աղջիկներին։

Աննան մասնագիտությամբ տնտեսագետ է, սովորել է Գորիսի պետական համալսարանում։ Երկրորդ մասնագիտություն էլ ունի. 2004 թվականից աշխատում է գեղեցկության սրահում, դիմահարդարում ու ավելի է գեղեցկացնում կանանց և աղջիկներին։

Հիմա էլ նոր հոբբի ունի, որը նաև եկամտի աղբյուր է իր համար։ Ամուսնու նվիրած ավտոմեքենայով տաքսի ծառայություն է մատուցում իգական սեռի ներկայացուցիչներին։ Օրվա մեջ մինչև 10 պատվեր է կարողանում ընդունել, քանի որ համատեղում է մյուս աշխատանքի հետ։

«Աղջիկների հետ ճանապարհ գնալը ուրախ է անցնում: Բոլոր ծանոթներս, ընկերներս մեծ ոգևորությամբ արձագանքեցին այս որոշմանս, ասում են՝ մեր քաղաքին դա պետք է»,-պատմում է Աննան:

Թեև մեքենա վարում է երկար ժամանակ, սակայն վարորդական իրավունք ստացել է  2022 թվականին։

«Ինձ համար շատ հաճելի է ղեկին, սիրում եմ երաժշտություն լսել, երկար ճանապարհ գնալ։ Երբեմն խոչընդոտների եմ հանդիպում, սակայն դրանք այնքան փոքր են, որ կարողանում եմ շրջանցել։ Գորիսում տաքսի վարող կնոջ չեմ հանդիպել, այդ իսկ պատճառով որոշեցի նոր մշակույթ ձևավորել քաղաքում։ Ինձ դիմում են կանայք ու աղջիկները, որոնց անվտանգ ու ապահով հասցնում եմ անհրաժեշտ վայրը»,- նշում է Աննա Դանիելյանը։

Նկարահանումները՝ հեռախոսով:

Միլլանա Լալայան

Նորություններ