Պատմական նոր հանգրվան. վտանգներ եւ հնարավորություններ
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը համընկավ հերթական փուլի հետ, երբ Հայաստանն ու Թուրքիան կրկին փորձում են կարգավորել հարաբերությունները, իսկ հայ հանրությունը քննարկում է հնարավոր նախապայմանների հարցը: Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, Հայաստանն այսօր բոլորովին այլ իրողությունների ու մարտահրավերների առաջ է կանգնած: Հետպատերազմական ծանր հետևանքներ, Արցախի հարցում խիստ անորոշ իրավիճակ:
Իսկ արցախյան հիմնահարցը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը մշտապես Թուրքիայի համար եղել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման: Հայաստանի իշխանությունները թուրքական կողմի հետ հանդիպումներից հետո պնդում են, որ չկան նախապայմաններ, և որ Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ շահագրգիռ է հարևանի հետ հարաբերությունները կարգավորել, բայց առանց նախապայմանների: Հասարակական-քաղաքական շրջանակները պնդում են՝ Հայաստանը, պարտվելով 44-օրյա պատերազմում և համաձայնվելով զիջումների գնալ, արդեն իսկ կատարել է թուրքական նախապայմանները: