Հայաստանյան իմ առաջին տպավորությունները | Region

Հայաստանյան իմ առաջին տպավորությունները

Օգոստոս 21,2024 11:00

– Ինչպե՞ս է «Դեպի Հայք»-ի մասնակից բրիտանացին ընկալում Հայաստանը՝ այստեղ  երեք շաբաթ ապրելուց հետո։ Քրիստոֆեր Քրոուսընն իր նախնիների երկրի, մշակույթի և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին այնքան էլ շատ բան չգիտի, բայց արդեն բավականին շատ տպավորություններ ունի:

Նշեմ, որ սա իմ առաջին այցը չէ Հայաստան։ Ես ձեզ կպատմեմ, թե առաջին անգամ ինչպես հայտնվեցի Հայաստանում։ Դա 2022 թվականին էր․ որպես համալսարանի երրորդ կուրսի ուսանող, մեկ կիսամյակ հնարավորություն ունեի սովորել Թբիլիսիի համալսարանի ռուսաց լեզվի ֆակուլտետում։ Վրաստանում գտնվելու ընթացքում մի քանի կուրսընկերների հետ որոշեցինք հերթական շաբաթ-կիրակին անցկացնել  Երևանում։ Ուրբաթ երեկո արդեն Հայաստանի մայրաքաղաքում էինք, իսկ կիրակի երեկոյան, գիշերային գնացքով վերադարձանք Թբիլիսի։ Իմ ծանոթությունը Հայաստանի հետ շատ կարճ էր։ Ժամանակը քիչ էր, ուստի ես և իմ ընկերները, ինչպես սովորաբար անում են զբոսաշրջիկները, ժամանակ ունեցանք միայն շրջել մայրաքաղաքում, տեսնել ամենահայտնի տեսարժան վայրերը և փորձել հայկական ամենահայտնի ուտեստները: Ուրախ էի, որ հնարավորություն ունեցա ծանոթանալ այն երկրին, որի հողում իմ նախնիներից ոմանք իրենց արմատներն են ունեցել։ Բայց, ափսոսանք ունեի, քանի որ ժամանակի սղության պատճառով չկարողացա ավելին իմանալ Հայաստանի  մասին․ բնական է, չես կարող երկրի մասին դատել երկօրյա ճանապարհորդությամբ՝ լինելով միայն մայրաքաղաքի թանգարաններում, պատկերասրահներում, 1-2 ռեստորան-սրճարաններում։

Բայց այս անգամ ես այլևս որպես զբոսաշրջիկ չեմ այստեղ: Ես ժամանել եմ Մեծ Բրիտանիայից օգոստոսի 2-ին և մինչև դեկտեմբեր տառացիորեն ապրելու եմ հյուրընկալ ընտանիքի հետ, իսկ գուցե՝ ավելի երկար։ Ես աշխատում եմ տեղական բիզնեսներում՝ որպես «Դեպի Հայք» կազմակերպության անդամ և փորձում եմ հնարավորինս ինտեգրվել հայ հասարակությանը. սա բոլորովին այլ փորձ է:

Ահա իմ առաջին տպավորությունները Հայաստանի մասին, այն երկրի, որտեղ ապրել են իմ նախնիները։

Նախ շաբաթվա մեծ մասն անցկացրեցի Երևանում։ Չնայած այն հանգամանքին, որ կրկին կարճ ժամանակով մնացի մայրաքաղաքում, կարող եմ ասել, որ դեռ ընդհանուր տպավորություն ունեմ քաղաքի մասին։ Երևանը հետաքրքիր ճարտարապետությամբ գեղեցիկ քաղաք է, ինձ հատկապես դուր եկավ Կասկադը։ Հայաստանի մայրաքաղաքը, ինչպես աշխարհի բոլոր մայրաքաղաքները, շատ աղմկոտ է, մարդիկ անընդհատ ինչ-որ տեղ են շտապում, շինարարությունն ամենուր է, այստեղ կարելի է հանդիպել աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց։ Ես անմիջապես հասկացա, որ Երևանը, ինչպես Անգլիայի Լոնդոնը, չի ներկայացնում ամբողջ երկիրը և հայ ազգի իրական էությունը հասկանալու համար պետք է գնալ մարզեր։
Եվ, արդյունքում, հայաստանյան նոր ու, գուցե, ավելի վավերական տպավորություններ փնտրելով՝ որոշեցի Հայաստանում գտնվելուս առաջին ժամանակահատվածն անցկացնել Գյումրիում։

Գյումրի գնալու ճանապարհին հայտնաբերեցի մի գեղեցիկ հայկական գյուղ։ Այս երկրի բնությունն ուղղակի ապշեցուցիչ է՝ մեքենայի պատուհանից անվերջ սարեր ու լեռներ են երևում, որոնք, ինձ թվում է, վեր են խոյանում աստվածաշնչյան ժամանակներից։ Ճանապարհին, մեքենայի մեջ, ես չէի կարող չմտածել Հայաստանի բարդ ու դժվարին պատմության մասին. որքան քաղաքակրթություններ են իրենց հետքը թողել այստեղ, քանի-քանի ասպատակությունների տակ է հառաչել այս հինավուրց և դարերով արյունով ողողված երկիրը…

Այս լիրիկական ու շատ զգացմունքային մտքերից հետո՝ եկա Գյումրի։

Ինչպես եմ ես ընկալում այն ​​քաղաքը, որտեղ ապրում եմ արդեն երկու շաբաթ։

Նախ, պետք է ասել, որ ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ես ոչ թե 110 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքում եմ, այլ ընդհակառակը, ինչ-որ փոքրիկ քաղաքում։ Սա, հավանաբար, պայմանավորված է շատ բազմահարկ շենքերի բացակայությամբ, երթուղային տաքսիների՝ որպես հասարակական տրանսպորտի միակ ձևի կիրառմամբ և կյանքի համեմատաբար հանգիստ տեմպով։

Բացի սրանից, ինձ թվում է, որ Գյումրիում ես ինչ-որ էկզոտիկ բան եմ ներկայացնում։ Հասկանալի է, որ իմ հայկական արմատներն այնքան էլ աչքի չեն ընկնում  արտաքինիս մեջ և դրանով արդեն տեղացիների համար հետաքրքրություն եմ ներկայացնում։ Նրանք հատկապես մեծարում են ինձ իրենց ուշադրությամբ, երբ ես «Դեպի Հայք»-ի կամավորներից մեկի հետ նստում եմ երթուղային տաքսի և սկսում եմ բրիտանական առոգանությամբ անգլերեն խոսել։

Թեև, ես շեշտեցի, որ Գյումրին հանգիստ ու հանդարտ քաղաք է, բայց այստեղ աշխույժ է մշակութային կյանքը։ Քաղաքի հրապարակում հաճախ են տեղի ունենում տարբեր փառատոներ և երաժշտական ​​միջոցառումներ․ կան բազմաթիվ թանգարաններ՝ նվիրված քաղաքում ծնված արվեստագետներին, գրողներին ու երաժիշտներին: «Դեպի Հայք»-ի անդամների հետ այցելեցինք Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արվեստի պատկերասրահը, և ես շատ տպավորված էի գյումրեցի այս երկու արվեստագետների վարպետությամբ: Հայաստանի մշակութային մայրաքաղաքն իսկապես համապատասխանում է իր անվանը:

Բացի այդ, հատկանշական է, որ քաղաքը լիովին չի վերականգնվել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Անկեղծ ասած, ես տեսա ավելի շատ վնասված ու լքված շենքեր, քան սպասում էի։ Ավելին, «Անի» թաղամասում, որտեղ ես ապրում եմ հյուրընկալող ընտանիքիս հետ, ինձ թվում է, որ իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում կենսամակարդակի բարձրացմանը․ մեղմ ասած՝ բարելավելու կարիք կա։ Թեև բնակարանները հաճախ շատ գեղեցիկ և հարմարավետ են, քանի որ մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի դրանցում ապրելը հաճելի և հարմարավետ լինի, տարածքի բազմաթիվ շենքեր և ենթակառուցվածքներ խարխուլ են և վերանորոգման կարիք ունեն:

Մինչ այժմ ընթերցողին պատմել եմ Երևանից, հայկական գյուղից և Գյումրիից ստացած տպավորություններս։ Ստորև դուք կգտնեք մի քանի ընդհանուր տպավորություններ՝ Հայաստանի մասին, որոնք ես ստացել եմ այս ընթացքում։

Նախ՝ ես չէի կարող չնկատել ռուսական ուժեղ ազդեցությունը, որը կա Հայաստանում։ Ընթերցողի համար երևի տարօրինակ է, բայց ինձ միշտ թվում է, որ ես հիմա հետխորհրդային տարածքում եմ. այս լճացումը գրավեց իմ աչքը, քանի որ համալսարանում ես ուսումնասիրում էի ռուսաց լեզուն, Ռուսաստանի պատմությունն ու մշակույթը: Այստեղի ճարտարապետությունն անվրեպ խորհրդային է, գովազդի մեծ մասը կրկնօրինակված է ռուսերենից, շատերը խոսում և հասկանում են գրեթե ամեն ինչ՝ ռուսերենով, շատ են լսում ռուսական երաժշտություն, Գյումրիում կա ռուսական ռազմաբազա, և այս ցուցակը կարելի է շարունակել։ Որպես բրիտանացի, ով մեծացել է Մեծ Բրիտանիայում և շատ է ճանապարհորդել անգլիախոս աշխարհում, ես պարզապես սովոր չեմ ապրել աշխարհաքաղաքական այլ ոլորտում և կարծում եմ, որ Ռուսաստանի ազդեցությունը հատկապես նկատելի է այստեղ՝ միջազգային քաղաքականության փխրուն վիճակի պատճառով:

Երկրորդ՝ ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանում երթևեկության կանոններ չկան։ Չնայած ես բրիտանական վարորդական իրավունք ունեմ, բայց կարծում եմ, որ քանի դեռ ես այստեղ եմ, դուք չեք տեսնի ինձ մեքենա վարելիս: Մեծ Բրիտանիայի համեմատ՝ այստեղ ճանապարհները մեղմ ասած՝ հետաքրքիր են:

Ի վերջո, այն մարդիկ, ում ես հանդիպել եմ Հայաստանում, շատ բարի են և հյուրընկալ: Եթե ​​ես մոլորվել, կորցրել եմ ճանապարհս կամ ինչ-որ բան եմ փնտրում, մարդիկ շատ մեծ պատրաստակամությամբ են օգնում ինձ։ Միկրոավտոբուսներում բոլորը զիջում են իրենց տեղը տարեցներին, կամ երեխաներով ուղևորներին. աշխատավայրում իմ գործընկերները շփվում են ինձ հետ, ինչպես իրենց երկարամյա աշխատակցի հետ. հյուրընկալող ընտանիքս անում է ամեն ինչ, որ ես զգամ ինչպես տանը։ Բոլորը, օգտվելով առիթից, հյուրասիրում են ինձ համեղ ուտեստներ և խմիչք: Գործընկերներս, ինչպես մայրս ու քույրս են տանը, ինձ անընդհատ կերակրում են, և քանի որ Հայաստանում ամեն ինչ թարմ է ու համեղ, հատկապես՝ ձմերուկը, ես գրեթե չեմ կարողանում հրաժարվել։ Հավանաբար սա է պատճառը, որ հայերը ֆիզիկապես ուժեղ են և հաջողակ և´ ծանրամարտում, և´ ըմբշամարտում, բայց սա, իհարկե, կատակ է։

 

Նորություններ