Անտոկոս վարկ, էժան վառելիք, ոռոգման ջուր․․․ ի՞նչ նոր խոստումներ կլինեն ընտրություններին
Աշոցք համայնքի Սարագյուղ և Սիզավետ գյուղերի բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է և կերաբույսերի մշակությունը։ Երկու աշխատանքն էլ ծանր է և ոչ եկամտաբեր։ Հեռավոր այս գյուղերում շուրջ 7 ամիս մսուրային շրջան է, հետևաբար շատ ծախսատար է անասուն պահելը։ Իսկ հողագործական աշխատանքները բարդացնում են ոռոգման ջրի բացակայությունն ու դիզվառելիքի բարձր գները։
Այս տարի Սիզավետի միջնակարգ դպրոց ընդամենը մեկ առաջին դասարանցի է ընդունվել։ Նույն պատկերն է հարևան Սարագյուղում։ Տեղի դպրոցում ևս մեկ առաջին դասարանցի է սովորում, և հետաքրքիր է, որ այդ փաստը մեծ ուրախություն է պատճառել համագյուղացիներին։
Ըստ Սիզավետի և Սարագյուղի բնակիչների, ևս մեկ լուրջ խնդիր կառաջանա, եթե փակվեն իրենց գյուղերի դպրոցները և երեխաները ստիպված լինեն հաճախել Բավրայի նորակառույց կրթօջախ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ գյուղական բնակավայրերում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով իրականացնում են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակն առաջին հերթին տարածքային համաչափ զարգացումն է։ Համաչափ զարգացման մասին, սակայն, խոսք լինել չի կարող, քանի դեռ նման գյուղերում երիտասարդներն ապագա չեն տեսնում և բնական աճ չկա։
Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում վերաբերում են շենք-շինությունների կառուցմանն ու նորոգմանը և որոշ հատվածների բարեկարգմանը, սակայն գյուղացիները տասնյակ հարցեր են առաջ քաշում, որոնց լուծման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել, թեև խոստումներ եղել են։
