«Ենթադրում եմ՝ Ալիևը կարծում է, որ Թրամփի չընտրվելու դեպքում, TRIPP երթուղին այլևս ակտուալ չի լինի հաջորդ նախագահի համար»․ինչո՞ւ է Ալիևը նշում, որ Թրամփի ուղին հնարավոր է բացվի 2028-ին
Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, թե երկու երկրների միջև խաղաղությունը հաստատվում է ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օրերս հայտարարել է, որ Բաքուն ակնկալում է TRIPP նախագծի հնարավորինս շուտ իրականացումը, իսկ նախագահ Ալիևը հայտարարել է Հայաստան բեռների տարանցման արգելքի վերացման մասին։
Թբիլիսիում կայացած Մետաքսի ճանապարհի 5-րդ համաժողովում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն, առանց ժամկետները նշելու, հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարելի է համարել պատրաստ, մնում են վերջնական մանրամասները, և երբ ժամանակը գա, այն կստորագրվի»։
«Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար Լիլիթ Դալլաքյանը RegionsTV-ի հետ զրույցում նկատում է՝ ադրբեջանական կողմը նմանատիպ հայտարարություններ վաղուց է անում։ Նրանք, ըստ Դալլաքայանի, ասում են, որ «Միջին միջանցքի» բացումը օգուտ կբերի Հայաստանին։ Սակայն Աստանայում նախագահ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի», այլ ոչ թե TRIPP-ի՝ Թրամփի ուղու մասին։
Դալլաքյանի խոսքով՝ Ալիևը մանևրում է, բայց նրա հռետորաբանությունը պատահական չէ։
«Չեմ կարծում, որ դա միայն անվանումների հարց է։ Մենք գիտենք, որ «Զանգեզուրի միջանցքը» ի հայտ եկավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, իսկ TRIPP-ը՝ այս տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրից հետո։ Դեռևս պարզ չէ, թե ով է թելադրելու Հարավային Կովկասում՝ Դոնալդ Թրամփը, թե՞ Վլադիմիր Պուտինը։ Թրամփի վերաբերմունքը Պուտինի նկատմամբ նույնպես անհասկանալի է, քանի որ նա ամեն անգամ, երբ հեռախոսով խոսում է Ուկրաինայի մասին, փոխում է իր դիրքորոշումը այս հարցում»։
Լիլիթ Դալլաքյանը վստահ չէ՝ արդյոք Ալիևը ցանկանում է խաղաղություն Հարավային Կովկասում, չնայած որ նա երբեմն ակնարկներ է անում Միացյալ Նահանգներին՝ պայմանագրեր կնքելով, իսկ երբեմն՝ Մոսկվային։
Նա նշեց, որ Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունից հետո նրանց միջև հարաբերություններն արդեն կարգավորվել են, նույնիսկ շատ ջերմացել։ Հայտնի է, որ Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում TRIPP նախագծին, ռուսական կողմն այդ մասին բազմիցս է հայտարարել։
Դալլաքյանը կարծում է, որ եթե կա հիմք, վերջին հայտարարությունները կարող են դրական լինել, և նշեց, որ Ադրբեջանը նման հայտարարություններ է անում արդեն երկու տարի։
Խաղաղության համաձայնագրի նրբությունների և դրա ստորագրման ժամկետների վերաբերյալ Լիլիթ Դալլաքյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ներկայացնում է անընդունելի պայման՝ փոփոխություն կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ։
«Սա Հայաստանի որոշելիքն է։ Մենք հասկանում ենք, որ Սահմանադրության փոփոխությունը պատրվակ է Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը խոսեց այս մասին, բայց հայկական կողմը սա չի դնում խաղաղության համաձայնագրի պայմանի մեջ։ Ավելին, անհասկանալի է, թե ինչու է սահմանազատման գործընթացը կանգ առել։ Եթե պետք է բացվեն հաղորդակցությունները, սահմանները պետք է սահմանազատված լինեն։ Տավուշի մարզում սահմանազատումից հետո Ալիևը ստացավ այն, ինչ իրեն անհրաժեշտ էր։ Ես միշտ ասել եմ, որ դրանից հետո գործընթացը կանգ կառնի։ Մենք տեսնում ենք, որ այն դեռ չի վերսկսվել»,-նշեց քաղաքագետը։
Ալիևը Աստանայում Սյունիքով անցնող ճանապարհն անվանելով «Զանգեզուրի միջանցք, ասել է, որ հնարավոր է այն բացվի 2028 թվականի վերջին։
Այս առնչությամբ Դալլաքյանն ասաց․«Ես չեմ հասկանում, թե ինչու է Ալիևը հաղորդակցությունների բացման մասին խոսելիս նշում 2028 թվականը: Մենք գիտենք, որ այդ հաղորդակցությունները արդեն կառուցվել են ադրբեջանական կողմում: Եթե հաղորդակցությունները բացվեն 2028 թվականին, տրամաբանական է, որ խաղաղության պայմանագիրը նույնպես կստորագրվի 2028 թվականին: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում այդ տարի նախագահական ընտրություններ են անցկացվելու: Ես հաստատ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ Ալիևը կարծում է, որ Թրամփը եթե չվերընտրվի, նրա անունով կոչված TRRP երթուղին այլևս արդիական չի լինի հաջորդ նախագահի համար: Ռևանշիզմի և Հայաստանում ռուսական բազայի մասին իր հայտարարություններով Ալիևը այստեղ չի կիրառում օգոստոսի 8-ի համաձայնագիրը և արժեզրկում է այն: Ինձ համար առեղծված է, թե ինչու է նա կրկին խոսում Զագեզուրի միջանցքի մասին՝ TRIPP-ի փոխարեն»։
Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը՝ Հայաստան բեռների տարանցման և ղազախական ցորենի Ադրբեջանով Հայաստան տարանցման սահմանափակումները վերացնելու մասին, Լիլիթ Դալլաքյանը նշեց, որ հացահատիկը շատ կարևոր ապրանք է և ողջունեց Ղազախստանից հացահատիկի ներմուծումը։
Քաղաքագետը հիշեցրեց, որ Մարիա Զախարովան բազմիցս շանտաժի է ենթարկել հայկական կողմին՝ իր հայտարարություններով, որ Հայաստան ներմուծվող հացահատիկի առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից։ Ուստի, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ են այլընտրանքային ուղիներ և հացահատիկի մատակարարումների դիվերսիֆիկացումը կարևորագույն նշանակություն ունի։
Լիլիթ Դալլաքյանը ընդգծեց, որ մատակարարումների դիվերսիֆիկացիան ազգային անվտանգության հարց է և ողջունելի է համարում մեկ մատակարարից կախվածությունը նվազեցնելուն ուղղված ցանկացած քայլ։
Նա նաև ւոշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ղազախստանն այժմ կենտրոնանում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների դիվերսիֆիկացման վրա, նաև հիշեցրեց, որ Տոկաևի որոշ հայտարարություններ, ըստ որոնց՝ Թուրքիան Ղազախստանի համար շատ կարևոր գործընկեր է, և Եվրոպայի հետ հարաբերությունների դիվերսիֆիկացումը կարևորագույն նշանակություն ունի Ղազախստանի համար․«Ես կարծում եմ, որ այստեղ դեր են խաղացել և՛ Ղազախստանի, և՛ Հայաստանի շահերը։ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որից մենք ուզում ենք դուրս գալ, բայց ինչ-ինչ պատճառներով հիմա չենք կարող։ Մենք պետք է առևտուր անենք այս կազմակերպության անդամների հետ, որոնք կարող են օգուտ բերել Հայաստանին։ Բայց ես չեմ ուզում, որ մեր հացահատիկի մատակարարումները դիվերսիֆիկացվեն ադրբեջանական ճանապարհով, քանի որ մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի Ալիևը մի քանի տարի անց, Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո ինչ կլինի, և ինչ քայլեր կձեռնարկի Վլադիմիր Պուտինը»։
Նա նշեց Հայաստանի պարենային անվտանգության ապահովման կարևորությունը, հատկապես աշխարհաքաղաքական անկայունության համատեքստում: Նա նկատեց՝ «ղազախստանյան ցորենը Հայաստան չի ներմուծվում Ադրբեջան-Հայաստան ճանապարհով, Իջևանով, այլ ներմուծվում է Վրաստանի միջոցով․«Ցորենի խմբաքանակը կհասնի Ակտաու-Բաքու երկաթուղով, ապա՝ ադրբեջանական և վրացական երկաթուղիներով: Սա աշխարհի խաչմերուկ չէ. Ադրբեջանը միայն կապող օղակ է, և սա հաղորդակցության ուղիների բացում չէ»:
Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ այս երթուղին հնարավոր է, բայց Հայաստանին անհրաժեշտ են հուսալի երթուղիներ: Նա նշեց, որ չնայած Ուկրաինայում պատերազմ է, այդ երկիրն ունի միջանցք և հացահատիկ է մատակարարում Սև ծովով:
«Հայաստանը գտնվում է շատ բարդ աշխարհագրական դիրքում, ուստի որքան շատ երթուղիներ, այնքան դրական լուծումներ: Մենք հասկանում ենք, որ այնտեղ Թուրքիան է, իսկ Իրանը պատժամիջոցների տակ են: Բոլոր երթուղիներն ունեն դրական և բացասական կողմեր, բայց կարծում եմ՝ Ալիևը չի ցանկանում հիմա ապակառուցողական թվալ: Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը չի կարող հուսալի լինել որպես գործընկեր կամ տարանցիկ երկիր: Կարծում եմ՝ Ալիևին կարող է ինչ-որ բան դուր չգալ ու նա կրկին կփակի այս տարանցումը։ Ինչպես մի օր ասաց, որ վերացնում են սահմանափակումները, հաջորդ օրը կարող է սահմանափակումներ մտցնել»,-ասաց Դալլաքյանը։
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները վերացնելու մասին։ Դալլաքյանը կարծում է, որ Փաշինյանը դա լավ գովազդելու է․« Փաշինյանի նախընտրական քարոզարշավը կօգտագործվի որպես փիար հնարք. սա կլինի նրա գլխավոր կարգախոսը ընտրությունների ժամանակ՝ խաղաղությունն արդեն եկել է Հայաստան, և եթե մենք վերընտրվենք՝ Հարավային Կովկասում խաղաղություն կլինի»։
Զաբելա Ավագյան
