Ինչպե՞ս են մոլոկան փոքրիկները սովորում հայերեն. մեկ դասաժամ՝ ԳԱԼԱ-ի տեսախցիկի ներքո | Region

Ինչպե՞ս են մոլոկան փոքրիկները սովորում հայերեն. մեկ դասաժամ՝ ԳԱԼԱ-ի տեսախցիկի ներքո

Նոյեմբեր 27,2021 19:02

Նարինե Մաթևոսյանը արդեն 21 տարի աշխատում է Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի միջնակարգ դպրոցում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Այստեղ աշակերտների գերակշիռ մեծամասնությունը մոլոկաններ են: Շատ քիչ թվով, բայց այս դպրոցում սովորում են նաև ազգությամբ հայ և եզդի երեխաներ:

Նարինեն սիրով է աշխատում մոլոկան փոքրիկների հետ: Ընդ որում, նրանց սերը փոխադարձ է: Չկա մի օր, որ բացիկների տեսքով նվերներ չստանա: Մի ամբողջ հավաքածու ունի՝ ցուցադրության արժանի:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ին՝ բարդ է եղել ճանապարհը, սակայն հիմա առանց այս փոքրիկների իր կյանքը չի պատկերացնում:

Մոլոկանները ինչպես Ֆիոլետովո, այնպես էլ Լերմոնտովո գյուղերի միջնակարգ դպրոցներում թեև սովորում են հայոց լեզու, գրել, կարդալ, բայց որպես կանոն չեն խոսում, քիչ են շփվում հայերի հետ:

Ստացվում է, որ առաջին դասարան ոտք դրած փոքրիկը հայերեն ոչինչ չգիտի: Սա չափազանց բարդ է դարձնում մանկավարժի գործը: Նարինե Մաթևոսյանը, ով ստացել է հայկական կրթություն և մեծացել ընտանիքում, որտեղ օտարալեզու բառեր օգտագործելն անգամ արգելված է եղել, ստիպված է եղել սովորել ռուսերեն:

Հայերենի ուսուցման լուրջ խնդիրներ ևս կան, որոնց մասին մանկավարժը անգամ գիտական հոդվածներ է հասցեագրել համապատասխան մարմիններին: Դասաժամերը քիչ են բարդ հայոց լեզուն սովորելու համար:

Բարդ է հատկապես ծնողի հետ աշխատանքը: Լերմոնտովոյում հաճախ երեխան դպրոց է գնում ոչ թե սովորելու, այլ հանգստանալու համար: Բազմազավակ ընտանիքներում ծնողները քիչ ժամանակ են կարողանում հատկացնել կրթությանը: Մանկավարժը այստեղ մնում է միայնակ երեխայի հետ:

Նարինեն ասում է՝ նախանձում է մոլոկաններին… Իրենցից շատ բան ունենք սովորելու: Օրինակ այն, թե ինչպես են փայփայում իրենց լեզուն ու մշակույթը՝ շուրջ 2 դար ապրելով Հայաստանում:

Նորություններ