«Ես չգիտեմ՝ ինչու իմ պահով նման որոշում չի կայացվել: Դրա պատասխանը ժամանակի ընթացքում մենք կստանանք»․ Շահրամանյանը՝ ադրբեջանցիների կողմից՝ իրեն չձերբակալելու մասին | Region

«Ես չգիտեմ՝ ինչու իմ պահով նման որոշում չի կայացվել: Դրա պատասխանը ժամանակի ընթացքում մենք կստանանք»․ Շահրամանյանը՝ ադրբեջանցիների կողմից՝ իրեն չձերբակալելու մասին

Սեպտեմբեր 27,2024 14:12

«Ես մի քանի անգամ  հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունն ու պատասխանատվությունը այն ժամանակ, երբ Արցախից գրեթե բոլորը հրաժարվել են: Մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- այս մասին այսօր  Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն՝ անդրադառնալով Արցախի լուծարմանն ու արցախցիների բռնի տեղահանմանը։

Նրա խոսքով՝ մենք 2023 թվականի սեպտեմբերին հայտնվել ենք շատ ծանր ու բարդ իրավիճակում:

Հարցին՝ լուրեր են շրջանառվել, որ 2021-ին եւ դրանից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկացել է հրաժարական տալ, բայց իրեն չեն թողել, այդ ժամանակ իր թեկնածությունը քննարկվե՞լ է որպես Արցախի նախագահի թեկնածու, Շահրամանյանը պատասխանեց․«Իմ թեկնածությունը քննարկվել է վերջին օրերին, Արայիկ Հարությունյանի հրաժարական տալու օրերին: Ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը՝ հասկանալով  իրավիճակի բարդությունը եւ չխուսափելով այն  պատասխանատվությունից: Ես շատ լավ գիտակցում էի՝ ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը»:

Մեկ այլ հարցի՝ ձեզ ինչպե՞ս հաջողվեց ուղղաթիռով Արցախից հասնել Հայաստան, իսկ Արցախի մնացած ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ոչ, նա պատասխանեց․ «Ես չեմ կարող մեկնաբանել որոշումները, որոնք կայացվում էին Ադրբեջանում: Այդ մարդկանց ձերբակալելու, գերեվարելու որոշումները կայացնում էին ադրբեջանցիները: Ես չգիտեմ՝ ինչու իմ պահով նման որոշում չի կայացվել: Դրա պատասխանը ժամանակի ընթացքում մենք կստանանք»:

Հնարավոր չէ՞ր ադրբեջանցիների հետ բանակցությունների չգնալ եւ չստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը, ի՞նչ կլիներ այդ դեպքում, այս հարցին էլ Շահրամանյանն այսպես պատասխանեց. «Ես այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ: Ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչպիսին է լինելու ելքը: Մինչև վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց տները: Մենք բանակցում էինք  ադրբեջանական կողմի հետ, որպեսզի պահպանենք իրավիճակը կայուն եւ սկսենք բանակցություններ Արցախի եւ Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի վերաբերյալ: Բայց Ադրբեջանի կողմից համապատասխան չենք ստացել այդ երաշխիքները, որ ժողովուրդը կարող է անվտանգ շարունակել այնտեղ ապրել»:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, ըստ որոնց՝  Արցախի ղեկավարությունը հրաժարվեց Սոֆիայում Ադրբեջանի հետ բանակցություններից եւ գնաց բանակցելու Եվլախում, Շահրամանյանն ասաց՝այդ ժամանակ նախագահը Արայիկ Հարությունյանն էր․«Ինչքան ես տեղյակ եմ, արցախյան կողմը երբեք բանակցություններից չի հրաժարվել, ոչ մի տեղ, ոչ մի պարագայում»:

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելում բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, քաղաքացիներ՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու։

Չորս տարի առաջ այսօրը ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին  Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։

Նորություններ