Չորս տարի առաջ այսօրը սկսվեց 44-օրյա պատերազմը
Չորս տարի առաջ այսօր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանական զինված ուժերը շփման գծի բոլոր ուղղություններով կիրառում էին անօդաչու թռչող սարքեր, հրետանի, արգելված զենքեր, հրթիռակոծվում էին խաղաղ բնակավայրերը։
44 օր տեւած պատերազմի հետեւանքով հայկական կողմը կորցրեց տարածքներ՝ Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։
Զոհերի թիվն, ըստ քննչական կոմիտեի, 3812 է, 200-ից ավելի անհետ կորածներ կան։
2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ադրբեջանի վերահսկողությանն անցավ Քարվաճառի, Աղդամի շրջանները,Շուշին, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր։
Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։
2023 թվականի աշնանը Արցախը հայաթափվեց, ադրբեջանը կրկին ռազմական ագրեսիա սկսեց, Արցախի իշխանությունները հայտարարեցին Արցախի հանրապետության լուծարման մասին, տեղի ունեցավ արցախցիների բռնի տեղահանում։