Գտնվել են Խնձորեսկում բնակվող ընտանիքին պատկանող կովերը
Սահմանամերձ Խնձորեսկ գյուղում բնակվող Մանգասարյանների ընտանիքից REGIONSTV-ին տեղեկացրել են, որ իրենց կորած անասունները գտնվել են։
«Չգիտեմ ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում են գտել, զանգեցին ամուսնուս ասացին, որ կովերը գտնվել են»,-հայտնել է տանտիկինը։
Կապ հաստատեցինք նրա ամուսնու` Գոռ Մանգասարյանի հետ, ով նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների շնորհիվ անասուններն արդեն իրենց մոտ են։
«Ինձ կանչեցին սահմանի մոտ, իրենց անմիջական միջամտությամբ բոլոր անասունները վերադարձրին։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱԱԾ-ի աշխատակիցներին և ձեզ` լրատվամիջոցներին՝ խնդիրը բարձրաձայնելու և իմ անասուններն ինձ վերադարձնելու համար»,-ավելացրեց Գոռ Մանգասարյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սահմանամերձ Խնձորեսկում բնակվող Մանգասարյաններին պատկանող 14 խոշոր եղջերավոր անասուններն անհետացել էին: Ընտանիքի անդամները վստահ էին, որ անասունները ձորով հատել են սահմանը։