Հալեպն ընկավ. ո՞վ է կանգնած Սիրիայում զինյալների հարձակման հետևում

Հալեպում վերջին օրերի իրադարձություններն այնքան սրընթաց են զարգացել, որ շատերը հարց են տալիս՝ ինչպե՞ս ստացվեց, որ Սիրիայի ռազմավարական շրջանը, որի ազատագրման համար մարտեր են մղվել չորս տարի շարունակ և որն ազատագրվել է 2016 թվականին, հանկարծ 4 օրից էլ քիչ ժամանակում կրկին գրավվեց ահաբեկիչների կողմից: Հալեպում իրավիճակը կրկին սրվել է, և շատ փորձագետներ սկսում են վերլուծել, թե ով է կանգնած այս անսպասելի զարգացումների հետևում: Կառավարական ուժերի և տարբեր խմբավորումների, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների միջև առճակատումը զգալիորեն ահագնացել է։ Որոշ քաղաքագետներ մատնանշում են արտաքին խաղացողների ակտիվության աճը, որոնք, օգտագործելով տարածաշրջանի անկայունությունը, ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը։
REGIONSTV-ին տված հարցազրույցում տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, վերլուծելով Սիրիայում տիրող իրավիճակը, նշել է, որ լայնածավալ հարձակման արդյունքում ծայրահեղական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը կարողացել է մի քանի օրվա ընթացքում զգալի հաջողությունների հասնել: «Բնականաբար, ինչպես սիրիական, այնպես էլ նրանց սատարող ռուսական և իրանական հատուկ ծառայությունների բացթողումը կարելի է համարել այն փաստը, որ նրանք չեն իրականացրել այնպիսի կարևոր և զգայուն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կանխատեսում, որ նման հարձակում կարող է տեղի ունենալ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, և սիրիական բանակն այս պահին լուրջ աջակցություն չունի։ Դա նշանակում է, որ ահաբեկիչների հարձակումը բավականին զանգվածային է, ինչի մասին վկայում են զոհերն ու ավերածությունները»։
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ Սիրիայում իրավիճակը լարվել է Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո՝ մի քանի պատճառներով: «Առաջինը աշխարհում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է, այսինքն՝ գլոբալ լարվածությունը, որն առկա է Եվրոպայում Ուկրաինայում պատերազմի պատճառով, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում Իրանի եւ Իսրայելի միջեւ շարունակվող դիմակայությունը։ Արդյունքում, մի կողմից մենք տեսնում ենք Արևմուտքի մեծ կոնսոլիդացիա Ռուսաստանի դեմ, ինչպես նաև զգալի համերաշխություն տարածաշրջանում Իրանի դեմ։ Հաշվի առնելով այն, որ Բաշար Ասադը նույնպես համարվում է Իրանի և Ռուսաստանի դաշնակիցը, Ասադի հակառակորդները իրավիճակը բարենպաստ են գնահատել նրա դեմ գործողություն իրականացնելու համար և հարձակում են կազմակերպել Հալեպի վրա: «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն է, սակայն նրան աջակցում են տարածաշրջանի մի շարք երկրների, ինչպես նաև արևմտյան երկրների հատուկ ծառայությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, Իսրայելը և Թուրքիան: Այս գործողության նպատակն է նոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի և Իրանի համար, քանի որ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա և զգալիորեն կրճատել է իր ներկայությունը Սիրիայում: Իրանը թուլացել է 2020 թվականից, «Հեզբոլլահը» բավականին ճնշվել է իսրայելական գործողությունից հետո, ինչպես նաև Սիրիայում տարբեր իրանամետ խմբավորումներ թուլացել են Իսրայելի գործողությունների արդյունքում: Եվ, ինչպես տեսնում ենք, դա շատ հաջող գործողություն էր, քանի որ կարճ ժամանակահատվածում նրանք փաստացի կարողացան գրավել Հալեպ և Իդլիբ Նահանգների հիմնական մասը, ինչպես նաև որոշակի գործողություններ իրականացնել հարևան շրջանների ուղղությամբ»,- ասաց Արմեն Պետրոսյանը։
Փորձագետի խոսքով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից Էրդողանը հակասահմանադրական դիրքորոշում է որդեգրել և իրեն դիրքավորել է որպես Բաշար Ասադի հակառակորդ: «2020 թվականից հետո Էրդողանը փորձել է երկխոսություն սկսել Ասադի հետ, սակայն սիրիական կողմը մերժել է դա Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման պահանջով։ Բացի այդ, չի բացառվում, որ դրան դեմ են եղել Ասադի հիմնական դաշնակիցները՝ Իրանն ու Ռուսաստանը։ Այնպես որ, եթե ինչ-որ փուլում Ասադը չստանա անհրաժեշտ աջակցությունը Իրանից կամ Ռուսաստանից, նա կարող է փորձել երկխոսության մեջ մտնել Էրդողանի հետ, ինչը, իմ կարծիքով, լուրջ հետևանքների կհանգեցնի»,-կարծիք հայտնեց փորձագետը։
«Բացի այդ, այս պահին և Իսրայելը, և Թուրքիան ունեն բավականին մոտ դիրքորոշումներ և շահեր, այսինքն այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, թուլացնում է Իրանին և Ռուսաստանին, ինչպես նաև Ասադի կառավարությանը։ Ինչ վերաբերում է Սիրիայում Թուրքիայի և Իրանի բախման հնարավորությանը, ապա ես, իհարկե, ուղղակի բախում չեմ ակնկալում, բայց շահերի և ազդեցությունների բախում միշտ էլ եղել է։ Իսկ եթե Իրանի և Թուրքիայի հարաբերությունները վատթարանան, դա իր հերթին կանդրադառնա մեր տարածաշրջանի, մասնավորապես Հարավային Կովկասի վրա, և կողմերն անհաշտ կդառնան միմյանց հետ»։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ամենակարևոր հարցն այն է, թե Սիրիայում տեղի ունեցածն ինչպես կարող է ազդել Հարավային Կովկասի, հատկապես Հայաստանի վրա: «Նախ, Սիրիայում կրկին ակտիվանում են այս տարածաշրջանում մի քանի կարևոր դերակատարներ՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Մասնավորապես, Իրանի դիրքերի թուլացումը, իհարկե, կարող է հանգեցնել ավելի համարձակ քայլերի Ադրբեջանի կողմից, որը Թուրքիայից օգնություն է ստանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար պայքարում»։
Ինչ վերաբերում է սիրիահայերի ճակատագրին, Արմեն Պետրոսյանը նշեց, որ սա այս պահին ամենազգայուն թեման է, որովհետև դեռ շատ մեծ է անորոշությունը, քանի որ գործողությունները շատ արագ են ընթացել: «Հիմա շատ պարզ չէ, թե ինչ իրավիճակ կլինի Հալեպում։ Հաշվի առնելով ահաբեկչական խմբավորման նախկին քաղաքականությունը՝ այստեղ կլինի բավական դաժան կրոնական ծայրահեղական կառավարում, որը կուժեղացնի անվտանգության սպառնալիքները քրիստոնյաների, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի համար: Եվ դաժան ու ծայրահեղական կառավարման արդյունքում չեն բացառվում քրիստոնյաների և հայ համայնքի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ՝ հաշվի առնելով, որ հայ համայնքը միշտ աչքի է ընկել ասադամետ դիրքորոշմամբ, և հենց այդ պատճառով էլ հայ համայնքը կարող է բռնաճնշումների ենթարկվել: Պարզապես այս պահին իրավիճակը բավականին մշուշոտ է, տեղաշարժի խնդիր կա, օդանավակայանը չի աշխատում, քաղաքից դուրս գալը բավականին վտանգավոր է, դրա համար էլ մինչև հիմա երթևեկություն չկա»,- ընդգծեց փորձագետը։
Այնուամենայնիվ, ըստ ԶԼՄ-ների, Սիրիայի կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ հետ մղելով ահաբեկիչների հարձակումները:
Զաբելա Ավագյան
Նորություններ

