Սիրիայի իշխանությունները Հալեպի առաջնորդարանի ղեկավարությանը վստահեցրել են, որ երաշխավորում են հայության անվտանգությունը․ Զարմիկ Պողիկյան
Գրեթե մեկ ամիս է անցել այն օրվանից, երբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման իսլամիստները տապալեցին Բաշար Ասադին։ Ինչպես են Սիրիայի նոր իշխանությունները վերաբերվում քրիստոնյաներին, մասնավորապես, հայ համայնքին և հայ քրիստոնյաներին: Ինչպես են Սիրիայում հայերը նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Այս և այլ հարցերի շուրջ REGIONS TV-ն զրուցել է Հալեպում հրատարակվող «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ:
–Գրեթե մեկ ամիս է անցել այն օրերից, երբ «Հայաթ Թահրիր ալ–Շամ» խմբավորումը տապալեց Բաշար Ասադի իշխանությունը։ Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը Սիրիայում։
– Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ժողովրդի մեջ ընդհանուր առմամբ հույս առաջացավ, որ Սիրիային բաժին հասած պատժամիջոցները մասամբ կմեղմանան, երկրի հարաբերությունները տարբեր երկրների հետ բնականոն կդառանան, տնտեսությունը աստիճանաբար կսկսի վերականգնվել, պատերազմական լարված իրավիճակը կմեղմանա եւ ժողովուրդը 14-15 տարվա պատերազմի ծանր բեռը կթոթափի։ Այս իմաստով ժողովրդի մեջ հույս եւ լավատեսություն կար, թեեւ որոշ անձանց մոտ կար մտահոգություն, որ իրենց հանդեպ բախումներ կամ վրեժխնդրություն կլինի, սակայն աստիճանաբար այդ մտավախություններն էլ մեղմացան եւ ընդհանուր առմամբ լավատեսություն է տիրում։ Սակայն միեւույն է, դեռ հստակ չէ, թե իրավիճակը ինչպես կզարգանա առաջիկա ամիսների ընթացքում, այնպես որ կա զգուշավոր լավատեսություն, որովհետեւ անորոշությունը շատ-շատ է։ Թեւե որոշ զարգացումներ դեպի լավը կա՝ արդեն վառելիք են տրամադրվում, որոշ սննդամթերքի գները նվազել են, բայց ընդհանուր առմամբ տակավին անգործություն է տիրում երկրի մեջ, մարդիկ գործազուրկ են, պետական հաստատությունները դեռեւս ամբողջությամբ չեն գործում։
– Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Սիրիայի նոր իշխանությունը վերաբերվում քրիստոնյաների և հատկապես հայերի կրոնական, մշակութային իրավունքներին: Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն վարի էթնիկ, կրոնական կամ որևէ այլ հիմքով խտրականության քաղաքականություն: Սակայն նոր իշխանության կողմնակիցների հարձակումները քրիստոնյաների և ալավիների վրա շարունակվում են։
– Իշխանափոխությունից հետո մտավախություն կար հատկապես քրիստոնյա ժողովրդի մոտ, սակայն իշխանությունները անմիջապես հանդիպումներ ունեցան հատկապես քրիստոնյա հոգեւոր առաջնորդների հետ բոլոր նահանգներում, բոլորն էլ միաբերան վստահեցնում են, որ որեւէ ձեւով արգելք չեն հանդիսանալու ազգային, կրոնական, մշակութային առանձնահատկությունների պահպանման համար։ Արդեն եկեղեցական արարողություններ են տեղի ունենում տարբեր նահանգներում, երբեմն անհատական խախտումներ լինում են, ինչպես օրինակ տոնածառի հրկիզումը տեղի ունեցավ, սակայն անմիջապես իշխանությունները միջամտեցին, ներողություն խնդրեցին։ Մերթընդմերթ խախտումներ իհարկե կտեսնենք, բայց ընդհանուր առմամբ նոր իշխանությունները հարգանքով են մոտենում կրոնական, ազգային փոքրամասնություններին։
– Հալեպում իրավիճակը որքանով է հանգիստ: Ապահովվա՞ծ է արդյոք Հալեպի հայ համայնքի անվտանգությունը:
– Սիրիահայերի մոտ ի սկզբանե կար խուճապային տրամադրություն, որովհետեւ բախումներից, պատերազմական իրավիճակում մարդիկ խուճապահար էին, թե ինչ է լինելու հետո։ Այդ օրերին կային ընտանիքներ, որոնք տեղափոխվեցին Հայաստան։ Սակայն, իրավիճակի հանդարտեցման, մեղմացմանը զուգահեռ ներկայումս այլեւս խուճապի մթնոլորտ չկա, ընդհակառակը լավատես են, որ առաջիկա օրերին կամաց-կամաց իրավիճակը կկայունանա եւ տնտեսությունը կսկսի քայլ առ քայլ վերականգնվել։ Այդ լավատեսությունը կտիրի բոլորի մոտ, բայց կրկնում եմ՝ զգուշավոր լավատեսություն է, որովհետեւ հնարավոր չէ վերջնական որոշումներ կայացնել մինչեւ որ գետնի վրա շոշափելի արդյունքներ չլինեն։ Ներկա իշխանությունների Հալեպի գրասենյանկների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել առաջնորդարանի ղեկավարության հետ եւ երաշխավորել, որ իրենք երաշխավորում են հայության անվտանգությունը, վստահեցնելով, որ իրենց փափագն է, որպեսզի բոլորը ձեռք ձեռքի տված աշխատեն եւ բոլորս սատարենք Սիրիայի բարելավման ուղղությամբ։
– Գործու՞մ են արդյոք հայկական եկեղեցիներ Սիրիայում։ Ինչպե՞ս եք նշել Ամանորը և ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Սուրբ Ծնունդը:
– Այսօր բոլոր նահանգներում գործում են բոլոր հայկական եկեղեցիները, մենք Ամանորը շատ լավ դիամավորեցինք, թեեւ ուշ ժամերին մարդ չկա փողողցներում, որովհետեւ ուշ ժամերին անապահովություն է տիրում։ Ըստ այդմ՝ տոնական մթնոլորտը գիշերվա ժամերին չկա։ Պետք է ասեմ նաեւ, որ Նոր տարվա օրերին իշխանությունները հսկում էին ողջ հայկական թաղամասերը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց տոնական արարողություններն անվտանգ տոնել։ Այսինքն, հայկական թաղամասերը այս օրերին հսկվում էին ոստիկանների կողմից, սակայն գիշերվա ժամերին խորհուրդ էին տալիս փողոցներում չմնալ՝ սեփական անվտանգությունից ելնելով։
Պատրաստվում ենք Սուրբ Ծննդյան տոներին, Հալեպի Սուրբ Աստվածածին եւ սրբոց Մարիամ եկեղեցիներում պետք է մատուցվի սուրբ պատարագ, որին պատրաստվում ենք մասնակցել բոլորս՝ ինչպես ամեն տարի։ Իշխանություններն ամեն դեպքում հորդորում են զգուշավոր լավատեսությամբ մոտենալ եղելություններին, մինչեւ որ երկրում վերջնական կայունություն հաստատվի, պետական ինստիտուտները սկսեն ամբողջապես աշխատել, բնական է, որ այս ամենը ժամանակ է պահանջում։
– Սիրիահայ համայնքը կապ պահպանո՞ւմ է Հայաստանի կառավարության հետ: Որքանո՞վ է Հայաստանի կառավարությունն օգնում սիրիահայերին։ Զգու՞մ եք արդյոք Հայաստանի աջակցությունը։
Ամուր կապեր կան դեսպանության եւ հյուպատոսության հետ: Սիրիայի մեջ ՀՀ հյուպատոսությունը եւ դեսպանությունը պատերազմի ծանր օրերին ամեն կերպ օժանդակեցին հայերին, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ Հայաստան՝ անձնագրեր տրամադրելով եւ տեղափոխման հարցը դյուրացնելով։ Այդպիսով, մեծ օգնություն ցուցաբերվեց այն սիրիրահայերի համար, ովքեր ՀՀ քաղաքացիություն ունեին եւ ուզում էին Հայաստան մեկնել։
Զաբելա Ավագյան
Գլխավոր լուսանկարը՝ Զարմիկ Պողիկյանի ֆեյսբուքյան էջից