Անցած տարի ավելացել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատական հայցերի թիվը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի վերլուծության համաձայն՝ ՀՀ-ում 2024-ին լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների գրանցված խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 2023 –ի ցուցանիշը
Հայաստանում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների գրանցված խախտումների ընդհանուր թիվը 2024 թվականին գերազանցել է 2023 թվականի ցուցանիշը․ 208 փաստ՝ 2023 թվականի 200-ի դիմաց։ Այս մասին տեղեկացնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։
Ըստ կոմիտեի՝ նախորդ տարի լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ
15 դեպք է արձանագրվել, տուժող՝ 24, ճնշումներ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ՝ 71 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ՝ 122 դեպք։
2023 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 6 դեպք է արձանագրվել, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների՝ 60 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների՝ 134 դեպք։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի վերլուծության համաձայն՝ տարվա ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնություններ գրանցվել են հիմնականում երկրորդ եռամսյակում։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատմանն ի պատասխան ընդդիմադիր ուժերը բողոքի զանգվածային ակցիաներ էին կազմակերպում, և հենց այդ իրադարձությունները լուսաբանելիս լրատվամիջոցների աշխատակիցները ենթարկվել են բռնությունների մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների ու ճնշումների։ Միայն այդ ընթացքում լրագրողների իրավունքների այդպիսի խախտումների ընդհանուր թիվը հասել է 20-ի։ Դրանցից 13-ը տեղի են ունեցել իրավապահների, 7-ը՝ բողոքի ակցիաները կազմակերպող ընդդիմադիրների կամ նրանց աջակիցների գործողությունների արդյունքում։
Նախորդ տարվա համեմատ, 2024 թվականին 7-ով ավելացել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատական հայցերի թիվը՝ հասնելով 43-ի։ Դրանցից 17-ը ներկայացվել են պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից, 13-ը՝ ձեռնարկատիրական ընկերությունների կամ գործարարների, 3-ը փաստաբանների, 1-ը ՀԿ-ի, 1-ը ընդդիմադիր գործչի, 8-ը՝ այլ ֆիզիկական անձանց կողմից։
Պաշտոնյաների ներկայացրած դատական հայցերը հիմնականում ուղեկցվել են մեծ գումարային փոխհատուցման պահանջներով։ Այս առումով առավելապես աչքի են ընկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրանցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների 3-ական նոր հայց է ներկայացրել։
2024 թվականին իրականացված մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրավիճակը խնդրահարույց է նաև տեղեկատվության ազատության ոլորտում։ Այստեղ նույնպես տարվա կտրվածքով արձանագրվել է խախտումների զիգզագաձև պատկեր․ ըստ եռամսյակների՝ 41, 19, 40 և 22 փաստ։ Պետական մարմինները պատշաճ կերպով բաց չեն ԶԼՄ-ների հետ աշխատանքում և, ըստ լրագրողների վկայությունների, փորձում են թաքցնել հատկապես այն տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է բացահայտել գործունեության թերություններն ու հնարավոր չարաշահումները։ Տարածված երևույթ է մնում տեղեկություններ տրամադրելու համար օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետի խախտումը (23 դեպք)։ Որոշ դեպքերում այդ գործընթացն անհարկի ձգձգվում և հասցվում է 30 օրվա՝ առանց պատշաճ հիմնավորման, թե այդ ընթացքում ինչ լրացուցիչ աշխատանքներ պետք է իրականացվեն (11 դեպք)։
Առավել խնդրահարույց են հարցումներին լղոզված, առանց պատշաճ հղումների, թերի պատասխանները (36 դեպք)։ Անհիմն վկայակոչվում են պետական կամ այլ գաղտնիքները և անձնական տվյալների պաշտպանությունը, ինչի քողարկմամբ չեն տրամադրվում հրապարակման ենթակա տեղեկություններ (12 դեպք)։
Տարվա ընթացքում կարևոր զարգացումներ են տեղի ունեցել լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող գլխավոր՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն արդիականացնելու ուղղությամբ։ Այդ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը մշակվել է լրագրողական կազմակերպությունների, այդ թվում՝ ԽԱՊԿ-ի, ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Freedom House միջազգային կազմակերպության գործակցությամբ, քննարկման առարկա դարձավ ապրիլի 29-ին կայացած խորհրդարանական լսումներին։
Օրենսդրական փոփոխություններն ու լրացումները կատարելագործելու նպատակով օրինագիծը ուղարկվել է փորձաքննության՝ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով։ Հոկտեմբերի 14-ին այդ կառույցը ներկայացրել է իր եզրակացությունը, տարեվերջի դրությամբ նախագիծը խմբագրվում է։
Առաջարկվող փոփոխությունների նպատակն է որակյալ լրագրության խրախուսումը, մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կայացումն ու զարգացումը, պետության կողմից այդ համակարգի ճանաչումը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տարվա ընթացքում շարունակել է հետամուտ լինել 2015թ․ հունիսին տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի իրադարձությունների ժամանակ տուժած լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Երկրի ներսում անցնելով բոլոր ատյանները և սպառելով հնարավորությունները՝ ԽԱՊԿ-ի աջակցությունն ստացած լրագրողները 2021 թվականին դիմել էին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե։ 2024թ․ սեպտեմբերի 4-ին միջազգային այս ատյանը, վերահաստատում ստանալով բողոքը քննելու պահանջի վերաբերյալ, խնդրել է ուղարկել ամբողջական գործը՝ անգլերեն թարգմանությամբ: Հոկտեմբերի 10-ին այն ուղարկվել է, գործընթացը շարունակվում է։