Մենք Թուրքիայի հետ ունենք խոսակցություն Գյումրի-Կարս երկաթգծի մասով, երբ ապաշրջափակումը լինի՝ նպատակ ունենք կապվել Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ․Միրզոյան

Մարտի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին։ Ստորև ներկայացված են պատգամավորների կողմից հնչեցված հարցերը և պատասխանները։
Հարց (Լիլիթ Մինասյան). «Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Պարո՛ն Միրզոյան, երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հնչել է կարծիք Հայաստանի Հանրապետության առաջարկների վերաբերյալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով. քանիիցս շեշտվել է տվյալ հայտարարության մեջ, որ Հայաստանն իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, իսկ հայկական կողմի առաջարկները որակվել են ոչ պրակտիկ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք»:
Արարատ Միրզոյան. «Շնորհակալություն հարցի համար, տիկի՛ն Մինասյան: Իրականում, ինչպես և բազմիցս ասել ենք, մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել. Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն՝ ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Ինչ վերաբերում է հարցի բուն իմաստին, մենք, կրկին, քանիցս ասել ենք` մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով» և նաև դրա տրամաբանության մեջ և այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ ենք արել: Այնպես որ այստեղ ավելացնելու շատ բան իրականում չկա, հանրահայտ են մեր դիրքորոշումները:
Բայց ես ուրիշ բան կուզենայի ասել` առիթից օգտվելով. հարցը միայն Ադրբեջանի մասին և մասով չէ: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, ներառում է, օրինակ, մեր արևմտյան հարևանին։ Մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով, մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում, երբ այն տեղի ունենա, նպատակ ունենք կապվել, օրինակ, նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ և այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք»։
Արձագանք. «Պարո՛ն Միրզոյան, Դուք շեշտեցիք նաև Կենտրոնական Ասիան։ Իհարկե, մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը թե՛ արևմուտքում, թե՛ արևելքում, թե՛ հյուսիսում, թե՛ հարավում բավականին լուրջ արձագանք է գտել, բայց Կենտրոնական Ասիան շեշտելով՝ հիշեցի վերջերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որում նա շեշտում էր, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է: Իհարկե, չէի ուզենա մեկնաբանեիք ասուլիսը, բայց կխնդրեի Ձեր կարծիքն այս համագործակցության մասով»։
Արարատ Միրզոյան. «Տիկի՛ն Մինասյան, ես կարող եմ ասել, որ Ձեր նշած անձը կամ անտեղյակությունից, կամ թերևս շարունակաբար ինչ-որ իրողությունները խեղաթյուրելու և շարունակաբար սև գույներով իրականությունը ներկելու մոլուցքից է հավանաբար էդպիսի գնահատական արել: Իհարկե, չեմ կիսում։ Շատ ուղիղ օրինակ կարող եմ ասել` մենք և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ։ Նույն Չինաստանի հետ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, երկու կողմերը հանդես են եկել մամլո հաղորդագրությամբ, որտեղ, ի միջի այլոց, շատ հետաքրքրական կերպով ողջունվում են և՛ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և՛ մեր նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկը», այսինքն վերջինս ողջունվում է Չինաստանի կողմից: Շատ ոլորտներ, որոնց մասին կարելի է և՛ բարձրաձայն խոսել, և՛ բարձրաձայն չխոսել։ Մենք այդ խոսակցությունը զարգացնելու ենք, նախատեսվում են բարձրաստիճան այցեր. ես նաև հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան։ Հնդկաստանի հետ մեր համագործակցության մասին շատ ավելի շատ տեղեկություններ են հայտնի հանրությանը։ Ժամանակը սպառվեց, չեմ կարող մանրամասնել։ Շնորհակալ եմ»։
–
Հարց (Տաթևիկ Գասպարյան). «Պարո՛ն Միրզոյան, մի քանի օր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես եկավ իր հերթական կոչով, որին իրականում չէի անդրադառնա, եթե այն չառնչվեր մեզ համար նուրբ և կարևոր թեմային` գերիների թեմային։ Այսպես, նա նշում է, որ գերիների ազատ արձակման բանալին Փաշինյանի ձեռքում է, և Երևանը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները, քանի դեռ բոլորին ազատ չեն արձակել: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ»:
Արարատ Միրզոյան. «Գիտեք, ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները և դա պայմանավորի որևէ բանով: Ես, սովորաբար, չգիտեմ` որքանով եք նկատել, թե չէ, ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց մասին կամ նրանց ասածների մասին, բայց էս դեպքում երևի չեմ կարող չանել։ Իսկապես, առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ որ պատկերացնում եմ, որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները, հասկանում եմ՝ թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանն ավելին է եղել։ Մեր կողմից կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ, և մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունն օր առաջ իրականություն դառնա և բոլոր եղած խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում և՝ գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը, որը, անշուշտ, վարչապետն էլ քանի անգամ այսօր արդեն ասաց, մեր առաջնահերթություններից մեկն է և մեր օրակարգում է»:
Արձագանք. «Շնորհակալություն։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, դժվար թե իրենց սթափության աստիճանն ավելին լիներ, որովհետև այդ դեպքում գոնե իր նախընտրած որևէ մի փայլուն, պսպղուն փաստաթուղթ կունենայինք այժմ մեր առաջ դրած: Շարունակելով գերիների թեման՝ նշեմ, որ անցած շաբաթ նաև բողոքի ակցիա եղավ. Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ, և այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ի՞նչ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»։
Արարատ Միրզոյան. «Բողոքի ակցիան՝ նկատի ունե՞ք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Կրկին՝ զավեշտալի է: Բողոքի ակցիան, որը պահանջում էր, որ ԱԳՆ-ն հայտարարություն անի, տեղի ունեցավ այն պահին, երբ ԱԳՆ-ն արդեն հայտարարություն արել էր: Գիտեք, բազմիցս ասել ենք, որ միայն ամպագոռգոռ հայտարարություններով չի և միայն հրապարակային երևացող գործունեությամբ չի, որ մենք հետամուտ ենք լինում պահվող անձանց, ռազմագերիների օր առաջ ազատ արձակմանը, դրա համար մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերը, նախ և առաջ, իհարկե, դիվանագիտական խողովակներով: Բաներ կան, որ տեսանելի են, և ես զարմանում եմ, որ, օրինակ, գործընկերները կամ չեն տեսնում, կամ ջանք չեն գործադրում այդ մասին իմանալու, կամ գիտեն, ուղղակի չեն նշում, որովհետև հարմար է ասել` ոչինչ չի արվում:
Գիտեք՝ 2020 թվականի պատերազմից ի վեր 150-ից ավել գերի է եղել, և նրանց մեծ մասն, այնուամենայնիվ, հիմա ազատության մեջ է: Ես ուզում եմ մի շաբաթվա կամ 10 օրվա թարմության մի քանի տեսանելի բաներ թվարկել: Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը, թերևս, այս հարցով ամենապատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային և այդ «դատավարություններում» գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային: Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ: Այս ամբողջը վերջին մի շաբաթվա-տասը օրվա բան եմ ասում: Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ. կրկին, այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում: Մեր հանդիպումից երկու-երեք օր անց Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը` Վոլկեր Տյուրկը, հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց։ Սա դեռ մի շաբաթն եմ թվարկել, տասը օրը և մենակ երևացող բաներ, որոնց մասին մամուլում որևէ դրսևորում է եղել, հայտարարություն է եղել, ռելիզ է եղել և այլն, Այսքանը: Շնորհակալ եմ»։
–
Հարց (Ալխաս Ղազարյան). «Պարո՛ն նախարար, Բելառուսում բլոգեր Ռոզա Բաբախանյանի ազատումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց որպես իր միջամտություն, նույնիսկ օդանավակայանում հրապարակային դիմավորեցին և այլն։ Ես ուզում էի հետաքրքրվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ինչ-որ բան արե՞լ է այս քաղաքացու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության համար: Եվ բացի դա, ընդդիմադիր շրջանակներն էլ այդ ընթացքում այսպես թմբկահարում էին, թե այ տեսեք, ներկայիս իշխանությունները փչացրել են հարաբերությունները, դրա համար համապատասխանաբար չեն կարող միջամտել և անդրադառնալ այս խնդրին»:
Արարատ Միրզոյան. «Շնորհակալություն, տիկի՛ն Ղազարյան: Գիտեք, ես չգիտեմ` ով ինչ դիմավորում է արել, ով ինչ ճանապարհում է արել կամ այլ միջոցառումներ. մենք ազատ երկիր ենք, բոլորն իրավունք ունեն այդպիսի բաներ անելու։ Ես կարող եմ Ձեզ փաստեր ասել։ Փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական նոտայով դիմել է բելառուսական կողմին, հայցել է տեղեկատվություն Ձեր նշած՝ ՀՀ քաղաքացու վերաբերյալ, երեք օր անց ստացել է բելառուսական կողմի պատասխանը, որը ասում էր, որ այդ անձն ազատազրկված է տասնհինգ օրով և ժամկետը լրանալուց հետո բաց է թողնվելու։ Ո՞վ է ջանք գործադրել բաց թողելու համար, ո՞վ է ներկայացրել որպես իր ձեռքբերում, չգիտեմ, մեզ այդքան էլ չի հետաքրքրում։ Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին տասնհինգ օր հետո բաց է թողնվելու, մնացածն ով ում ուզում է, թող ծաղիկ նվիրի, քավլիցի, մենք առարկություններ չունենք: Դուք, որ ասում եք, որ Բելառուսի հետ մենք վատթարացրել ենք հարաբերությունները, հարաբերությունները վատթարացրել են այն մարդիկ, ովքեր պաշտոնապես և հրապարակավ ընդունել են, որ Բելառուսն օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ընթացքում, և այդ մարդիկ ամենևին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ չեն: Այդ հայտարարություններն արած մարդիկ Բելառուսի ներկայացուցիչներն են»։
Արձագանք. «Պարո՛ն նախարար, նաև նշեմ, որ որոշ անհատներ էլ տեղին անտեղի, անընդհատ անդրադարձ էին կատարում այս նույն հարցին՝ բայց կարծես ոչ թե մտածելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության մասին, այլ ավելի շատ սեփական փիառի հարց էին լուծում, և նույնիսկ բլոգեր Լապշինն է անդրադարձել և ասել՝ հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն չի խոսում այս թեմայով, թեկուզ իր փիառի համար: Այս փիառի կոչերին ինչպե՞ս եք վերաբերվում»։
Արարատ Միրզոյան. «Մենք ոչ մի բան փիառի համար չենք անում, թող արդյունքները լինեն, թող ուրիշները փիառ, դիվիդենտներ ստանան այդ արդյունքներից: Կրկին ո՛չ նախանձում ենք, ո՛չ էլ այդպիսի խնդիր ենք դնում մեր առջև: Մեզ համար կարևոր են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները և արտերկրում, որտեղ էլ որ լինի, մեզ հասու, բնականաբար, միջոցներով և դիվանագիտական ու միջազգային պրակտիկայում ընդունված միջոցներով մենք հետամուտ ենք լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների սպասարկմանը։ Շնորհակալ եմ»:
Նորություններ

