«Շատ տարածված են «ռոմանտիկ» խարդախությունները»․ֆինանսական առցանց շորթումներն աճել են, մասնագետները հորդորում են «կասկածամիտ» լինել, չփոխանցել անձնական տվյալները | Region

«Շատ տարածված են «ռոմանտիկ» խարդախությունները»․ֆինանսական առցանց շորթումներն աճել են, մասնագետները հորդորում են «կասկածամիտ» լինել, չփոխանցել անձնական տվյալները

Մարտ 06,2025 15:55

Փորձագետները խորհուրդ են տալիս՝ երբ ձեզ զանգում են ու ներկայանում որևէ կազմակերպությունից, հետն էլ անձնական տվյալներ են ասում, միշտ կասկածեք, անջատեք հեռախոսն ու զանգեք բանկ՝ ճշտումներ անելու

Բանկային համակարգն այսօր քաղաքացիներին առաջարկում է առցանց վարկավորում, թվում է, թե հեշտացվել է վարկ ստանալը, սակայն դրան զուգահեռ կիբեռհանցագործները  ծուղակներ են ստեղծում, ու վարկավորման պատրվակի տակ քաղաքացիներից  փորձում են ստանալ անձնական տվյալներ ու գումարներ շորթել։

‹Վերջին 1-2 տարում տեսնում ենք ֆինանսական ներդրումային խաբեությունների կտրուկ աճ, տեսնում ենք տարբեր տիպի «ֆիշինգային» երևույթներ, երբ առաջարկում են առցանց վճարումներ կատարել ու ավելորդ տեղեկություններ են կորզում: Ինչքան ավելացել է առցանց վճարումների թիվը, այնքան ավելացել են գումար կորզելու տարբեր մեխանիզմները››,-այս մասին այսօր «Արմենպրես»-ի  մամուլի կենտրոնում քննարկման ժամանակ ասաց ‹‹CyberHUB-AM››-ի համահիմնադիր Արթուր Պապյանը։

Նա հայտնեց, որ շատ տարածված են, այսպես կոչված, ռոմանտիկ խարդախությունները։ Դրանք այն դեպքերն են, ըստ փորձագետի, երբ արտասահմանից որևէ մեկը ՀՀ քաղաքացու հետ ծանոթություն է հաստատում, հետո առաջարկում ամուսանանալ․«Հետո ինչ-որ պահի դա վերաճում է ֆինանսական խարդախության սխեմայի։ Մյուս դեպքերից են, երբ, իբր ծանոթի անունից գրում են, թե Իսպանիայում կամ մեկ այլ տեղ թալանել են, արագ փող ուղարկիր, կվերադառնամ, կտամ։ Մեկ այլ տարբերակ էլ՝ ինչ-որ գործարքի համար խաբեությամբ կորզում են մարդկանց անձնական տվյալները ու դրանցով գործարքներ անում»։

Պապյանը  ՀՀ քաղաքացիներին հորդորում է զգոն լինել,  քանի որ հայ-ադրբեջանական հաքերային «փոխհրաձգության» պայմաններում բազմաթիվ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսք է եղել ժամանակին։

«Տեսեք, երբ զանգում են ու ներկայանում են որպես Նիգերիայից քեռու տղա, պարզ է, որ քաղաքացիներն այդ խայծը կուլ չեն տա։ Երբ զանգում են ու ներկայանում  որևէ կազմակերպությունից ու հետն էլ տվյալ մարդու անձնական տվյալներն են ասում, այ այդտեղ սկսում են վստահություն ձեռք բերել։ Հետևաբար՝ շատ զգույշ ու ուշադիր պետք է լինել։ Նման դեպքերում անպայման անջատել հեռախոսը և զանգել բանկի կամ տվյալ կազմակերպության հեռախոսահամարով։ Անձնապես գնալ այդտեղ ու տեղում ճշտել բոլոր հարցերը»,-ասաց Արթուր Պապյանը։

Ֆինանսական համակարգում խարդախությունների ճնշող մեծամասնությունը կազմում են այն դեպքերը, երբ զեղծարարները ինչ-որ ճանապարհով կարողանում են ստանալ սպառողների անձնական տվյալները: Անդրադառնալով այս խնդրին՝ Կենտրոնական բանկի զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանը նշեց վերջին ժամանակներում դրանցից ամենատարածվածին․«Հաճախ զեղծարարները ներկայանում են ֆինանսական հաստատությունների անվամբ: Սպառողներին հղում են ուղարկում, նրանք մուտք են գործում այդ հղումներով՝ չգիտակցելով, թե ո՞վ և որտեղի՞ց է դա ուղարկել, և այնտեղ լրացնում են իրենց անձնական տվյալները: Տարածված է նաև կրիպտոներդրումների առաջարկները: Հենց այսպես էլ մարդիկ դառնում են խարդախության զոհ: Այս դեպքերում, երբ որևիցե բանկի գործողություններում  նկատվում է ոչ իրավաչափ գործողություն, Կենտրոնական Բանկը հնարավորինս աջակցում է սպառողին››:

Մասնագետները քաղաքացիներին հորդորում են ավելի «կասկածամիտ» լինել, և ուշադրություն դարձնել իրենցից պահանջվող տեղեկություններին, քանի որ շատ դեպքերում զեղծարարների կողմից պահանջած տեղեկությունը անհրաժեշտ չէ ֆինանսական հաստատություններին: Կարևոր է նաև հետևել այս թեմայով Կենտրոնական Բանկում և մամուլում պարբերաբար հրապարակվող տեղեկություններին:

Եթե ստացված զանգը քաղաքացուն տարօրինակ է թվում, անհրաժշտ է միանգամից զանգել ֆիզիկական քարտի կամ բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված հեռախոսահամարով կամ այցելել բանկ։

Արթուր Պապյանն   անդրադարձավ նաև առցանց դրամապանակների միջոցով, մասնավորապես քովիդ համաճարակի շրջանում տարածված առցանց  վարկավորումներին, նշելով՝ դրանք ներկայումս հարվածում են բանկային համակարգի հեղինակությանը։

«Թեև, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, դա չնչին ծավալ է կազմում, բայց անգամ մի քանի դեպքի առկայության պայմաններում սկսում է գոյանալ անվստահություն քարտային, վճարամիջոցների և ֆինանսական համակարգի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս թեմայով քննարկումներ իրականացնելու և մեկ քլիքով վարկավորման գործընթացը դանդաղեցնելու ժամանակն է»,-ասաց Արթուր Պապյանը։

Մարիամ Թովմասյանն էլ հավելեց, որ հարցը Կենտրոնական Բանկի ուշադրության կենտրոնում է, և մշտապես իրականացվում են քննարկեւմներ հարցի լուծման ուղղությամբ, սակայն հարցը շատ նուրբ է,  դրա համակարգային լուծումը կարող է հավելյալ խնդիրների հանգեցնել։

Կենտրոնական բանկի գործառնական և ՏՏ ռիսկերի բաժնի վերլուծաբան Վլադիմիր Քառյանն էլ վստահեցրեց․ «Մենք պարբերաբար բանկերում ստուգումներ ենք իրականացնում, բայց կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ զեղծարարության դեպքում կիբեռհանցագործները  99% դեպքերում թիրախավորվում են ոչ թե բանկերի համակարգերը, այլ կոնկրետ սպառողներին»։

Նիկոլ Մարգարյան

Լուսանկարները՝ Արմենպրեսի

Նորություններ