«Ո՞վ է ասել, որ գյուղի կանայք միայն տնային գործերով ու գյուղատնտեսությամբ կարող են զբաղվել»․58-ամյա տիկին Անահիտն իր հմտությունները վերածել է փոքրիկի բիզնեսի

Բավրայում տիկին Անահիտին շատերը գիտեն, հմուտ դերձակ է, երիտասարդ տարիներին իր ներուժը չի կարողացել լիարժեք իրացնել, արդեն հասուն տարիքում մասնակցում է կարի վերապատրաստման դասընթացի ու սկսում իր բիզնեսը
Կյանքը գյուղում դժվար է, առավելևս՝ կնոջ համար։ Գյուղի կանանց մեծ մասն իրենց առօրյան նկարագրելիս՝ առաջին բանն, որ ասում են՝ «լույսը բացվում է՝ գործ ենք անում, մութն ընկնում է՝ գործ ենք անում»։ Հողագործություն, անասնապահություն, տնային գործեր, ընտանիքի հոգսեր․այս ծանրաբեռնված առօրյայում կանանցից շատերն անգամ երազելու ժամանակ չեն ունենում, քչերն են համարձակվում գյուղատնտեսությունից այն կողմ այլ բանի մասին մտածել, բիզնես ծրագրել, առավելևս դրանք իրականություն դարձնել։
Տիկին Անահիտը հաղթահարելով բոլոր դժվարությունները իր երազանքն իրականություն է դարձրել։
Անահիտ Սեդրակյանն իր հմտություններն ու ներուժը տարիներով չի օգտագործել, տան հոգսերն ու գործերը շատ էին, հետո մի օր որոշում ու սկսում է իր սիրելի գործով զբաղվել։ Շիրակի մարզի Բավրա համայնքում ու համայնքից դուրս նրան շատերը գիտեն՝ լավ կար է անում, պատվերներ շատ ունի։
Ասում է՝ գործել սկսել է վաղ տարիքից: Քանի որ գյուղական պայմաններում, այն էլ իր երիտասարդության շրջանում զբաղմունք չկաև, գործելը իր և իր հասակակացների համար ժամանակ անցկացնելու միջոց էր։ Նաև՝ գյուղում բնակվող ամեն կին ինքը պետք է իր տան գործն աներ, և այս դեպքում՝ կար ու ձև իմանալը նաև անհրաժեշտություն էր:
Ամուսնանալուց հետո իր կարղությունները ավելի շատ պետք եկան, հմտությունները սկսեց կիրառել իր նոր ընտանիքում: Անգամ այդ շրջանում, ընտանեկան հոգսերի մեջ էլ ժամանակ էր գտնում սիրելի զբաղմունքի համար:
«Կար ու ձևը միշտ էլ ինձ համար ամենասիրելի զբաղմունքներից են եղել, բայց այն, որ մի օր պարզապես առօրյա աշխատանքս կվերածեմ սեփական փոքրիկ բիզնեսի, պատկերացնել չէի կարող»,- REGIONSTV-ին ասում է տիկին Անահիտը:
Արդեն թոռների համար էր գեղեցիկ հագուստներ կարում, երբ հնարավորություն ընձեռվեց վերապատրասստումների մասնակցելու։ Քանի որ դերձակի վերապատրաստման դասընթացը գյուղում էր, համաձայնվեց: 2011-ին ավարտելով դասընթացը՝ որակավորվեց որպես մորթե մուշտակների կարի մասնագետ: Ասում է՝ չնայած արդեն երիտասարդ չէր, սակայն որոշեց, որ երիտասարդության տարիներից իր ցանկությունը կյանքի կոչելու համար երբեք ուշ չէ, մանավանդ, որ իրեն այդ գործում արդեն ոգևորում էին զավակներն ու թոռները:
Եվ կարծես թե նա արդեն իր երազանքների աշխատանքն ուներ:
«Սկզբնական շրջանում գործարանը աշխատում էր բնականոն հունով, բոլորս ոգևորությամբ կատարում էինք մեր գործը: Հումքը՝ կաշի-մորթին ներմուծվում էր Վանաձորից: Սակայն որոշ ժամանակ անց առաջացած բարդությունների պատճառով գործարանը դադարեցրեց իր աշխատանքը»,-հիշում է տիկին Անահիտը
Աշխատանք կորցնելը նրա համար հավելյալ խթան էր, չհանձնվեց, որոշեց ինքնուրույն շարունակել կարի գործը:
Աշխատանքային պայմանների փոխվելու հետ փոխվեցին նաև նրա նպատակները, հետո նոր խնդիրներ առաջ եկան՝ համապատասխան գործիքներ ձեռք բերելու համար միջոցներ էին անհրաժեշտ, մյուս կողմից էլ հարազատների անհանգստությունն էր»։
«Երեխաներս և ամուսինս սկզբում մտածում էին, որ արդեն բավականին մեծ եմ, և չեմ կարողանա այս ամենը համատեղել իմ առօրյա գործերի հետ, ֆիզիկապես չեմ հասցնի, սակայն ես հակառակվեցի նրանց, քանի որ շատ էի սիրում իմ աշխատանքը»,-ասում է տիկին Անահիտը։
Սկսեց աշխատել, պատվերներ ընդունել, որոշ ժամանակ հաջողություններն ապաացույց դարձան, որ նոր բան սկսելու համար տարիքն ու սահմանափակ հնարավորությունները խոչընդոտ դառնալ չեն կարող:
«Հիմա երեք կարի մեքենա ունեմ, որոնք գնել եմ իմ աշխատանքից ստացված եկամուտով, և ավելի եմ հեշտացրել գործս, մեծացնելով նաև դրա ծավալները։ Հագուստի, անկողնային պարագաների բազմաթիվ պատվերներ եմ ստանում ոչ միայն մեր և հարակից գյուղերից, այլև Ամասիայի տարածաշրջանից, մինչև անգամ՝ Գյումրիից»,-պատմում է տիկին Անահիտը։
Հիշում է, թե ինչ հպարտություն էր զգում, երբ իր կարած հագուստը օգտագործվել է Մոսկվայի հայկական դպրոցում կայացած միջոցառման ընթացքում.«Մոսկվայի հայկական դպրոցում անցկացվելու էր ազգային ավանդույթներին նվիրված միջոցառում: Ծանոթների միջոցով ինձ հետ պայմանավորվեցին, ուղարկեցի պատվերը, և երեխաները ելույթ ունեցան հենց իմ կարած ազգային հագուստով»:
Արդեն հարազատների կասկածներն էլ է փարատել, թե կողքից աշխատանքը կարող է է՛լ ավելի հոգնեցուցիչ լինել գյուղի առօրյա հոգսերի հետ, ասում է։
Նկատում է՝ ո՞վ է ասել, որ գյուղի կանայք միայն տնային գործերով ու գյուղատնտեսությամբ կարող են զբաղվել, այդպես չէ, եթե կա ձգտում ու անկեղծ ցանկություն, ամեն ինչ է հնարավոր է։
Իր կարի գործն օգնում է ցրել առօրյա հոգսերը, ու ինչպես տիկին Անագիտն է ասում՝ լիարժեք հանգստանում է, երբ նստում է կարի մեքենայի դիմաց:
Մարտի 8, կանանց իրավունքների պաշտպանության օր։ Այս մասին խոսելիս տիկին Անահիտը նշում է՝ հիմա կանայք ավելի շատ հնարավորություններ ունեն, ուրախանում է, երբ այսօր ավելի շատ կանայք են ղեկավար պաշտոններ զբաղեցնում․«Դա առաջընթաց է, որոշ չափով հավասարություն է առաջացնում, ինչը իր երիտասարդ տարինեին չկար»։
Նիկոլ Մարգարյան
Նորություններ

