Մենք շատ մոտ ենք Ադրբեջանի հետ «Խաղաղության համաձայնագրի” նախագծի վերջնականացմանը․Արարատ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին:
Հարցազրույցում նախարար Միրզոյանը պատասխանել է Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության օրակարգի, զարգացման մեծ ներուժ ունեցող ուղղությունների, միջազգային հարթակներում փոխաջակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վերաբերյալ, այլ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի:
Հարցազրույցն ամբողջությամբ ցուցադրվել է հնդկական լրատվամիջոցի մարտի 11-ի եթերում, բովանդակությունը ներկայացված է ստորև:
Հարց. Հնդկաստանը և Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունեն: Մեզ հետ է այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Այստեղ՝ Դելիում, նա բանակցություններ է ունեցել արտաքին գործերի նախարարի հետ: Այսպիսով, բարի գալուստ WION: Իմ առաջին հարցն է. ինչպե՞ս կբնութագրեք Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները: Երկու երկրների միջև համագործակցության ի՞նչ ոլորտներ եք տեսնում:
Արարատ Միրզոյան. Շնորհակալություն հրավերի համար: Խոսելով Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների մասին՝ պետք է հիշել, որ այս հարաբերությունները՝ Հնդկաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերություններն, ունեն դարերի պատմություն: Հիշենք, որ 18-րդ դարում Հնդկաստանում եղել է աշխույժ հայկական համայնք՝ մտավորականների, առևտրականների համայնք, որը և՛ նպաստում էր Հնդկաստանի գլոբալ դիրքավորմանն առևտրի և տնտեսության առումով, և՛ ուներ հսկայական ներդրում մշակութային հեռանկարի մեջ և՛ Հայաստանում, և՛ Հնդկաստանում: Հետաքրքիր է իմանալ, որ, օրինակ, ապագա Հայաստանի Հանրապետության գրավոր սահմանադրություն ունենալու առաջին փորձը կատարվել է, այն գրվել է Հնդկաստանում: Նաև առաջին հայկական հրատարակված պարբերականը լույս է տեսել Հնդկաստանում՝ Մադրասում, ներկայիս Չեննայում:
Այսպիսով, վերադառնալով արդի պատմությանը՝ Հնդկաստանը եղել է առաջին պետություններից մեկը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թվականին, և հետաքրքիր է, որ ընդամենը չորս տարի անց մենք հաջողեցինք ստորագրել մեր երկու պետությունների միջև «Բարեկամության և համագործակցության» մասին պայմանագիրը՝ բավականին լուրջ փաստաթուղթ: Այդ ժամանակից ի վեր քաղաքական երկխոսությունն, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացել է, և հատկապես վերջին 3-4 տարիներին մենք հարաբերությունների զգալի բարելավում ենք գրանցել, մենք ունենք շատ ինտենսիվ փոխադարձ քաղաքական այցեր, քաղաքական խորհրդակցություններ մեր արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ներառյալ նախարարների մակարդակով: Մենք նաև մշտապես հանդիպում ենք Համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որտեղ նշում ենք ոլորտները և կոնկրետ քայլերը, որոնք կարող ենք երկկողմանի իրականացնել: Այսպիսով, եթե հարցնեք, թե ինչպես կնկարագրեի հարաբերությունները, ապա դրանք շատ սերտ և բարեկամական հարաբերություններ են, որոնք զարգանում են:
Հարց. Եկեք խոսենք այն հանդիպման մասին, որը դուք ունեցաք այստեղ՝ Դելիում: Մենք տեսանք ձեր և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար դոկտոր Ս. Ջայշանկարի միջև հանդիպումը։ Ինչպիսի՞ն էին զրույցները: Որո՞նք էին դրանց հիմնական արդյունքները և ձեր այստեղ՝ Դելի, կատարած այցի հիմնական արդյունքները:
Արարատ Միրզոյան. Նախ և առաջ, մենք հնարավորություն ունեցանք գնահատել այն, ինչ արդեն արվել է, ինչպես են կյանքի կոչվել մեր նախկինում ունեցած պայմանավորվածությունները, ինչպես նաև խոսել ապագա հնարավոր և պոտենցիալ ծրագրերի և համագործակցության ոլորտների մասին:
Հարց. Եկեք խոսենք պաշտպանական հարաբերությունների մասին՝ հարաբերությունների, որոնք զարգանում են: Վերջին մի քանի տարիներին դուք նաև համակարգեր եք ստացել Հնդկաստանից, մի բան, որի մասին խոսվել է: Այսպիսով, եթե դուք կարող եք թերևս խոսել այս փոխգործակցության մասին, թե ինչպես եք հիմնականում ավելացնում ձեր պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ: Կան հրապարակումներ, որոնք ենթադրում են, որ դուք ներմուծել եք նաև հնդկական պաշտպանական սարքավորումներ: Այսպիսով, եթե կարող եք թերևս խոսել կամ տալ ավելի լայն գնահատական այս մասին:
Արարատ Միրզոյան. Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, և ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա: Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը և, մասնավորապես, Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռք բերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ, այնուամենայնիվ, որևէ այլ իմաստով, այն ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ: Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ, բայց նաև ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը, մեր բանակը բարեփոխելու, մեր բանակը արդիականացնելու գործընթացում, և այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին, սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ:
Հարց. Ես հասնում էի այդ կետին: Մենք տեսել ենք Ադրբեջանից եկող մեկնաբանություններ այն հրապարակումներից հետո, թե դուք ներմուծել եք Հնդկաստանում արտադրված պաշտպանական միջոցներ, հատկապես Պինակա: Այսպիսով, եթե դուք կարող եք թերևս խոսել Ադրբեջանից եկող արձագանքի մասին:
Արարատ Միրզոյան. Դե, ես հիմնականում արդեն անդրադարձա այս թեմային. Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողությունները արդիականացնելն է, պաշտպանական համակարգը որպես ամբողջություն արդիականացնելը, և ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ:
Հարցազրույցի շարունակությունը՝ այստեղ
Նորություններ

