Մեկը՝ հույս ու հավատով, մյուսը՝ փոխելու հույսով, Սարիկը՝ սարի պես․Գյումրու քաղաքապետի թեկնածուների խորհրդանշական, ոչ համոզիչ ու անհասկանալի կարգախոսները

2025 թվականի մարտի 30-ին Գյումրու բնակիչները որոշում կկայացնեն, թե ով կղեկավարի քաղաքի ավագանին և քաղաքապետարանը։ Քաղաքում տեղի կունենան արտահերթ ՏԻՄ ընտրություններ, քաղաքապետի պաշտոնի համար ու ավագանիում մանդատ ունենալու համար պայքարում է 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն։
Այս ուժերը, մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն ու ծրագրերը ներկայացնելը, իրենց կարգախոսներով են ներկայանում։
Քվեաթերթիկում 1-ին համարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, 99 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։ Այս ուժն իր կարգախոսի համար բառախաղ է մտածել՝ «Սարիկին սար են դարձրել», կարգախոսով խոստանում են՝ «Սարի պես Գյումրու թիկունքին» կլինեն։
2-րդ համարը «Կոմունիստական կուսակցությունն» է, որը գլխավորում է Գյումրին 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը։ 2012 թականին հրաժարական է տվել, այդ նույն շրջանում էլ նա «Հանրապետական» կուսակցությունից դուրս եկավ։ «Ես իմ բնավորությամբ կուսակցական չեմ, ես ավելի շատ եկեղեցական եմ»,-այսպես էր հիմնավորել նա կուսակցությունից դուրս գալու որոշումը։ «Ես հավատք ունեցող անձնավորություն եմ, մի քանի եկեղեցիներ կառուցող․․․»,-այսպես էր ինքն իրեն մշտապես բնորոշում Ղուկասյանը։ Ահա այս նույն ոգով էլ կուսակցությունը, բայց հավանաբար Ղուկասյանն անձամբ է կարգախոսն ընտրել՝ «Ե’վ հույս, և’ հավատ, և’ սեր»։ Ի դեպ, նա այս կարգախոսով է ներկայացել նաև նախկին առաջադրումների ժամանակ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը 3-րդ համարն է, 30 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է Գյումրու ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանը։ «Միասին հանուն Գյումրու» այս համեստ կարգախոսով է հանդես գալիս «Ապրելու երկիրը»։
4-րդ համարը՝ «Մայր Հայաստան»-ն է, 56 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։ Կարգախոսը նույնն է, ինչ 2023-ին Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ՝ «Միացի´ր, որ փոխենք»։
Քվեաթերթրիկում 5-րդ համարը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն է», որի քաղաքապետի թեկնածուն նախկին երգիչ Արտյոմ Թումանյանն է՝ սոցիալական ցանցերում ահագին քննարկված ֆայտոնով քաղաքում շրջող նախընտրական հոլովակով։ «Նա մոլի նիկոլական չէ»,-կուսակցության ղեկավարն է ասել Թումանյանի մասին։ «Գյումրեցու որոշում»՝ այս ուժի կարգախոսն է։ Իրեն «հեղափոխական», «գյումրեցիների արբանյակ» համարող Թումանյանն ու իրեն առաջադրած ուժն արդեն որոշել են՝ Թումանյանն է գյումրեցու որոշումը։
Քվեաթերթիկի 6-րդ համարը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը «Եվրադաշինք»-ով առաջադրված քաղաքապետի թեկնածուն է։ Կարգախոսը՝ «Գյումրու արժանապատվության ընտրություն»։
7-րդ համարի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ընտրցուցակը գլխավորում է գործարար Արտյոմ Ղարաղազարյանը «Ճիշտ քաղաք» կարգախոսով։ Գործարարի պատկերացրած «ճիշտ» քաղաքը թերևս պարզ կլինի նրա նախընտրական ծրագիրը հրապարակելուց հետո, թե որն է նրա «ճիշտը»։
Համար 8 ը՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների «Մեր քաղաքը» դաշինքով են մասնակցում ընտրություններին։ Այս ուժի քաղաքապետի թեկնածուն նախկին ԲՀԿ-ական, այսժմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։ «Քաղաք, որին արժանի ես դու» այս կարգախոսը շատ խորհրդանշական է՝ եթե հիշենք 2013-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգությունը Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջև։
Քվեաթեթրիկի վերջին՝ 9 համարի տակ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, քաղաքապետի թեկնածուն՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Նրա՝ «Ես քո Գյումրին եմ» կարգախոսն էլ պակաս խորհրդանշական չէ։ Կարգախոսը Մխիթարյանի հեղինակած երգի բառերից են։ Այս երգում նա Գյումրին ներկայացնում է թաղ առ թաղ՝ «․․․ես քո կայարանն եմ, իսկ դու՝ իմ տեքստիլը, ես թուրքի մայլեն եմ, դու՝ իմ Արագածը․․․»։
Անշուշտ, նախընտրական կարգախոսները պետք է ուղերձ ունենան, հշվող ու տպավորիչ լինեն, բայց առավել կարևոր են այս ուժերի նախընտրական ծրագրերն ու դրանց իրատեսական լինելը։
Սյուզաննա Խառատյան