«Ադրբեջանի նպատակն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ՀՀ-ն պատրաստվում է ռևանշի»․Արմեն Պետրոսյան | Region

«Ադրբեջանի նպատակն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ՀՀ-ն պատրաստվում է ռևանշի»․Արմեն Պետրոսյան

Մարտ 24,2025 16:08

Փորձագետները կարծում են, որ Ադրբեջանը երկար ժամանակ ՀՀ-ի հետ չի ստորագրի որևէ փաստաթուղթ

«Առաջին խոսնակը քննադատություն չէր հնչեցնում Հայաստանի նկատմամբ, մյուսները մեղադրում էին խաղաղություն չցանկանալու մեջ։ Նրանք ասացին, որ հայերը պետք է շնորհակալ լինեն, որ տեղում ահաբեկիչներին չեն սպանել, ինչպես մյուս երկրները կվարվեին, և դա ադրբեջանական իշխանությունների մարդասիրական բարձրագույն դրսևորումն է, որ սպանելու փոխարեն դատում են։ Խոսեցին, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի և անգամ հիշատակում չպետք է լինի։ Այն, ինչն իրենց է վերաբերվում, փորձում էին մեզ վրա բարդել»,-այսօր «Մեդիա կենտրոնոմ» հրավիրված քննարկմանն ասաց Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակների հայտարարություններին ԺՀՄԻԳ համաժողովում։

Անցած շաբաթ Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն էր տարածում, իբրև թե հայկական կողմը կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը պարբերաբար հերքում էր ադրբեջանի հայտարարությունները։

Ընդ որում ադրբեջանական ապատեղեկատվությունների հոսքը հաջորդել էր կողմերի այն հայտարարությանը, որ Խաղաղության համաձայանգրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են և համաձայնեցված, սակայն Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում՝ ՀՀ Սահամանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

Այսօրվա քննարկման մեկ այլ մասնակից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը խնդրի առնչությամբ հայտաարարեց՝ Ադրբեջանը չի պատրաստվում ստորագրել որևէ փաստաթուղթ․«Սա է պատճառը, որ, նույնիսկ թեև արդեն երկու կողմերը հաստատել են տեքստի փոխհամաձայնեցված տարբերակը, Ադրբեջանը շարունակում է առաջադրել այլ նախապայմաններ՝ իր հիմնավորումները ունենալու համար»։ Ըստ նրա, Ադրբեջանի գործողությունները կրում են քարոզչական բնույթ՝ ուղղված ամբողջ աշխարհի դիրքորոշումները հերքելուն։

«Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է թելադրել տեղեկատվական պատերազմի հարցեր»,- նշեց Աննա Մելիքյանը՝ շարունակելով իր դիտարկումը։ Նա պատմեց, որ իր մասնակցությամբ վերջին միջոցառման ժամանակ ադրբեջանցի բանախոսներից մեկը մեծ հպարտությամբ խոստովանել է, որ 2020 թվականին տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակ է տարել՝ նշելով, որ իրենց նախագահը 31 հարցազրույց է հաջողացրել տալ միջազգային ԶԼՄ-ներին։

Աննա Մելիքյան

Աննա Մելիքյանն ընդգծեց, որ այս խաղաղության համատեքստում Ադրբեջանը կորցնում է նախաձեռնությունը թելադրելու և, հետևաբար, փորձում է այլընտրանք ստեղծել՝ փորձելով ներկայացնել, որ իրական համաձայնագիրը ուղղված չէ խաղաղության հաստատմանը, և Հայաստանը պատրաստ չէ այդ խաղաղությանը։

Իսկ Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի նպատակն է երկար ժամանակ չստորագրել որևէ փաստաթուղթ՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ թեև ՀՀ-ն, որ համաձայնել է պայմաններին, իսկապես պատրաստվում է ռևանշի․«Ադրբեջանի՝ ռազմական առումով ակտիվացման նպատակն է ցույց տալ միջազգային հանրությանը, (իրենց տեսանկյունից և իրենց շատ պարզամիտ հաշվարկներով), որ ՀՀ-ն մի կողմից պայմանավորվում է, համաձայնեցնում է վերջնական տեքստը, բայց մյուս կողմից պատրաստվում է ռևանշի, հայ հասարակությունում մեծ մակարդակի է հասնում ռևանշիզմը, և անգամ դեռևս անցյալ երկու ամիսների ընթացքում իրենք խոսում են ապրիլին հավանական էսկալացիայի մասին, անգամ ամսաթվեր էին դրա վերաբերյալ նշում՝ ապրիլի 20-ի կողմերը, որ իբր ՀՀ-ն պատրաստվում է էսկալացիայի։ Հիմնական նպատակն է այն, որ որքան էլ միջազգային հանրությունը տեսնում է դրական իրավիճակ մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև կոնֆլիկտի հանգուցալուծման հնարավորություն, սին տպավորություն է, որովհետև ՀՀ-ն պատրաստ չէ և չի ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորել, այլ պատրաստվում է ռևանշի»։

Արմեն Պետրոսյանը նաև նշեց, որ այս իրավիճակը տեղի է ունենում այն ժամանակ, երբ միջազգային հանրությունն այլ առաջնահերթություններ ունի։ «Հարավային Կովկասում էսկալացիայի համար չկա իրական հիմք։ Ներգրավված պետությունները ավելի կենտրոնացած են իրենց խնդիրների վրա և չեն ակտիվացնում տարածաշրջանի դրական միտումները», – ընդգծեց Պետրոսյանը:

Ադրբեջանական քարոզչության դեմ պայքարի հարցում Պետրոսյանը ասաց, որ գործելը բարդ է լինելու՝ ավտորիտար վարչակարգի, փակ մամուլի ու սոցցանցերի պայմաններում․ «Պետք է հասկանալ, որ այդպիսի ռեժիմի հետ գործելու համար համապատասխան մեխանիզմներ են անհրաժեշտ», – նկատեց  նա։

 

Սյուզաննա Խառատյան

 

Նորություններ