Ինչու է օրակարգ նետվել ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը. կա՞ հայկական շահ, թե՝ ոչ
Ինչու է օրակարգ նետվել ՀՀ Սահմանադրության փոփոխության ու Մայր օրենքի նախաբանում Անկախության հռչակագրի հղման վերանայման հարցը: Ընդդիմությունը համոզված է՝ Փաշինյանը Բաքվի պահանջն է կատարում, հիշեցնում են՝ այս պահանջով ուղիղ հայտարարություններ Բաքվից մի քանի անգամ են հնչել, հատկապես վերջին օրերին:
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի այն եզակի իշխանություններից է, որը Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում է, չի դիտարկում ու չի քննարկում՝ այդ պահանջները կատարելիս կա՞ հայկական շահ, թե՝ ոչ»,- հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը վստահ է ՝ Բաքուն Երևանի հետ խաղաղության չի ձգտում, չի էլ հրաժարվում իր ծավալապաշտական նկրտումներից: Ըստ նրա՝ Ալիևի ծրագիրն է, որ Հայաստանը պետք է լինի 10 հազար քառ. կմ անկլավ Ադրբեջանի կազմում:
«Արցախի կորստով անվտանգության խնդիրները Հայաստանի առաջ ծառացան, որովհետև երբ բանակցվում էր Արցախի ճակատագիրը, որևէ մեկը չէր մտածում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին»,-նշեց պատգամավորը: