Սահմանադրության նախագիծը բացարձակապես երեխայամետ չէ․ Դավիթ Թումասյան
Չունենալով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն, ՀՀ արդարադատության նախարարությունը տևական ժամանակ ռեսուրս ծախսեց մի աշխատանքի վրա, որը ցավոք ուղղված է հիմնականում Անկախության հռչակագիրը հանելուն, մնացած փոփոխությունները՝ կոսմետիկ են․․․․
Չեմ քննարկում բովանդակային այլ հարցեր, բայց քննարկեմ նեղ մասնագիտական հարցեր․․․
ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը երեխայի իրավունքների հոդվածի մասով տառացի նախատեսել է նույն կարգավորումները, որոնք եղել են 2015 թ-ի սահմանադրությամբ։ Բայց կան կարգավորումներ, որոնք լավարկման փոխարեն, ունենք երեխայի իրավունքների տեսանկյունից վատարկում։ Մասնավորապես՝
1 – Երեխային վերաբերող հարցերում ոչ թե երեխայի շահերը, այլ նրա լավագույն շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան և խիստ ցանկալի էր, որ երեխայի լավագույն շահերը բացվեին սահմանադրությունում, ինչը չի արվել։
2 – – հատուկ շեշտված է, որ ․․․․Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար․․․ Այս նորմը խիստ վիճահարույց է ոչ միայն երեխայի իրավունքների, այլ առհասարակ մարդու իրավունքների տեսանկյունից, և եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա ժողովրդի մի խումբ չի կարող վատթարացնել անձի իրավական կարգավիճակը, ներառյալ՝ երեխաների, իր շահերից ելնելով։
3 -Սահմանադրությամբ չի ֆիքսվել երեխայի տարիքը՝ մինչև 18 տարեկան լինելը, ինչը խիստ կարևոր է իրավունքի տարբեր ճյուղերում միատեսակ մոտեցում ձևավորելու համար։
4 – Սահմանադրությունը անտեսել է ծնողների իրավունքներ և պարտականություններ նախատեսող հոդվածը,
5 – Սահմանադրությունը չի պաշտպանել երեխայի մերձավոր ազգականների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, ինչը գործնականում գերտարածված է։ Հազարավոր տատիկներ, պապիկներ, ծնողների քույրեր և եղբայրներ ուղղակի դուրս են մնացել։
6 – բացառապես դատարանի թույլտվությամբ է սահմանվել ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակելը՝ երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով, սակայն գործնականում բազմաթիվ են դեպքեր, երբ խնամակալության և հոգեբարձության մարմինները երեխայի կայնքին կամ առողջությանը սպառնացող վտանգի դեպքում կարող են երեխային վերցնել ընտանիքից։ Իսկ նման ձևակերպմամբ երեխան մնալու է վտանգավոր պայմաններում, քանի որ Սահմանադրության մեջ որևէ բացառություն չկա,
7 – իրավունքների և արգելքների ցանկը ներկայացնելով՝ Սահմանադրությունը չի ընձեռում հնարավորություն այլ իրավունքների կամ արգելքների նախատեսման համար, որոնք ունենալու են ունիվերսալ բնույթ։
8 – կրթության իրավունքը ներկայացված է խեղված ձևով՝ շեշտելով, որ կրթության իրավունքը, որի իրացումը աշխատանքը արդյունավետ և բարեկեցությունը հասանելի դարձնելու միջոց է։ Այսինքն, կրթության իրավունքը ենթադասվում է կրթության իրավունքին և դառնում է լոկ աշխատելու համար միջոց։ Արդյունքում ստացվում է անտրամաբանական եզրահանգում, որ եթե կրթության իրավունքը չփոխկապակցվի աշխատանքի հետ, ապա այն իրավունք չի համարվելու․․․
9 – հարկադիր աշխատանքը ներկայացնելիս անտեսվել է ԱՄԿ 1930թ․-ի Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին, ինչպես նաև 1999թ․-ի Երեխայի աշխատանքների վատթարագույն ձևերի մասին կոնվենցիաները։ Դրա փոխարեն թողնվել է կիսատ ձևակերպումը։
10 – չի տարանջատվել սոցիալական ապահովության և սոցիալական աջակցության իրավունքի բովանդակությունը, ինչն իրավունքի իրացման մասով խնդրահարույց է։
Հ․Գ․ Ենթադրում եմ, որ շարքը շարունակելի կլինի, բայց անգամ կես ժամ կարդալը բավարար էր այսքանը ֆիքսելու համար․․․․
