Քաղաքացիությունից զրկում, դատավորների վերագնահատում, ընտրական նոր կանոններ ու առանց ԱԽ-ի. ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում | Region

Քաղաքացիությունից զրկում, դատավորների վերագնահատում, ընտրական նոր կանոններ ու առանց ԱԽ-ի. ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում

Նոյեմբեր 23,2026 12:56

Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում հայտնված նոր Սահմանադրության նախագիծը ծավալային առումով զգալիորեն ավելի սեղմ է. գործող՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 220 հոդվածի փոխարեն այն բաղկացած է 12 գլխից և 89 հոդվածից։ Թեև պահպանվում է կառավարման խորհրդարանական մոդելը, փաստաթուղթը պարունակում է մի շարք առանցքային փոփոխություններ՝ սկսած նախաբանից ու Սահմանադրության ընդունման կարգից մինչև դատական համակարգ, դատախազություն, լրատվամիջոցներ և անվտանգային կառույցներ։

Ինչ նոր դրույթներ ու փոփոխություններ է առաջարկում նոր նախագիծը գործող Սահմանադրության համեմատ։

Ինչպես արդեն նշել են, և ինչպես արդեն իշխանութունը հայտարարել էր՝ նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը։

Նոր նախաբանը և «պետական շահ» հասկացությունը

Նախագծում Սահմանադրությունը բնորոշվում է որպես հավաքական պայմանավորվածություն ՀՀ ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին՝ ընդգծելով «միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությունը»։

Հոդված 1-ում ՀՀ հիմնադիր է հռչակվում ժողովուրդը, իսկ պետության կողմից ժողովրդի անվտանգության, ազատության, բարեկեցության ապահովումը, ինքնության ու մարդու իրավունքների պաշտպանությունը ուղղակիորեն սահմանվում են որպես պետական շահ (նույն կերպ՝ 7-րդ հոդվածով պետական շահ է հռչակվում նաև տնտեսական զարգացումը)։

«Սոցիալական համերաշխության» նոր բացատրությունը. Հոդված 7-ում տրվում է այս սկզբունքի սահմանումը. այն յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքի քաջալերման և այդ ջանքի արդյունքի վրա հիմնված բարեկեցություն կառուցելու սկզբունքն է։

Սահմանադրությունը հանրաքվեի դնելու կարգը 

Գործող՝ 2015 թվականի Սահմանադրությամբ գոյություն ունի երկու ճանապարհ. Մայր օրենքի հիմնարար գլուխներն ու որոշ հոդվածներ փոխվում են միայն հանրաքվեով, իսկ մյուս հոդվածները կարող է փոխել Ազգային ժողովը՝ պատգամավորների 2/3-ի ձայներով։

Նոր նախագիծը վերացնում է այս բաժանումը. Սահմանադրությունը կամ Սահմանադրության ցանկացած փոփոխություն ընդունվում է միայն հանրաքվեի միջոցով (Հոդված 77)։

Ըստ նոր Սահմանադրության նախագծի՝ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ պատգամավորների առնվազն 1/3-ը, Կառավարությունը կամ 200 հազար քաղաքացի (իսկ փոփոխությունների դեպքում՝ 150 հազար քաղաքացի)։ Հարցը հանրաքվեի դնելու որոշումն ԱԺ-ն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով (գործող Սահմանադրությամբ հանրաքվե նշանակելու համար պահանջվում էր 2/3)։

Հանրաքվեով Սահմանադրությունը կամ փոփոխություններն ընդունված են համարվում, եթե կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների 1/3-ը (Հոդված 82)։ Մյուս հարցերով հանրաքվեների համար պահպանվում է բոլոր քաղաքացիների 1/4-ի շեմը։

Խորհրդարանի մանդատների բաշխումն ու կայուն մեծամասնության նոր կարգը. ի՞նչ է նախատեսում նախագիծը

Նոր Սահմանադրության նախագծում խորհրդարանական ընտրությունների և մեծամասնության ձևավորման կարգը ստանում է հստակ ու փուլային տրամաբանություն (Հոդված 30): Փաստաթուղթը միաժամանակ ապահովում է ընդդիմադիր/մյուս ուժերի ներկայացվածության երաշխիքները և սահմանում ավելի խիստ մեխանիզմ՝ կայուն խորհրդարանական մեծամասնություն ունենալու համար:

Մեկ երրորդի երաշխիք՝ մյուս ուժերին: Եթե ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների երկու երրորդից ավելին, մյուս ուժերին տրամադրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց ընդհանուր բաժինը կազմի խորհրդարանի մեկ երրորդը:

Երկու շաբաթ՝ կոալիցիա կազմելու համար: Եթե առաջին ընտրություններից հետո մեծամասնություն չի ձևավորվում և երկու շաբաթվա ընթացքում կոալիցիա չի կազմվում, նորընտիր Ազգային ժողով չի ձևավորվում, և անցկացվում են նոր ընտրություններ:

Կայուն մեծամասնության մեխանիզմը՝ միայն կրկնակի ձախողումից հետո: Կայուն մեծամասնության ապահովման մեխանիզմը, ներառյալ անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը, կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կրկնակի ընտրությունները ևս չեն հանգեցնում մեծամասնության ձևավորմանը:

Այս կարգավորմամբ նախագիծը փորձում է խուսափել թե՛ խորհրդարանում մեկ ուժի գերակշռության չափազանց մեծ դիսբալանսից, թե՛ չձևավորված կամ անկայուն մեծամասնությամբ խորհրդարանի աշխատանքից:

Անվտանգության խորհուրդը, Զինված ուժերը

Նոր Սահմանադրության նախագծում առհասարակ հիշատակում չկա Անվտանգության խորհրդի մասին։ Գործող՝ 2015 թվականի Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ «պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը», և պաշտպանության նախարարը դրանց շրջանակում է ղեկավարում զինված ուժերը։

Նոր նախագծի 57-րդ հոդվածում այդ դրույթը հանված է. զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են՝ ԱԺ վերահսկողությամբ, գերագույն հրամանատարը վարչապետն է, ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ Գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին։

Նախագծում ավելացել է նոր կանոն (Հոդված 57). եթե անհետաձգելի անհրաժեշտության դեպքում վարչապետը որոշում է կայացնում ՀՀ տարածքում զինված ուժերի կիրառման մասին, և Կառավարությունը չի վերացնում կամ չեղյալ չի հայտարարում այդ որոշումը, ապա հայտարարվում է ռազմական կամ արտակարգ դրություն։

Նոր Սահմանադրության նախագծում (Հոդված 57) առաջին անգամ հստակ ամրագրվում է ՀՀ զինված ուժերը երկրի սահմաններից դուրս ուղարկելու կարգը, մինչդեռ գործող՝ 2015 թ. Սահմանադրության տեքստում (Հոդված 155) նման առանձին կետ չկար, և հարցը հիմնականում կարգավորվում էր օրենքներով ու միջազգային պայմանագրերով:

Կառավարությունը զորքերը երկրից դուրս կարող է ուղարկել միայն մարդասիրական կամ բնապահպանական օգնության, զորավարժությունների կամ խաղաղության դիտորդական առաքելությունների նպատակով (Հոդված 57): Նման որոշում կայացվում է Ազգային ժողովի համաձայնությամբ՝ բացառությամբ վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի (Հոդված 57): Անհետաձգելի դեպքերում վարչապետի՝ զինված ուժեր կիրառելու արագ լիազորությունը չի տարածվում երկրից դուրս զորք ուղարկելու վրա:

Խորհրդարան, դեսպաններ և գործադիրի վերահսկողություն

Ազգային ժողովը պահպանում է իր առնվազն 101 պատգամավորով համամասնական կազմն ու 5-ամյա ժամկետը, սակայն ավելացել են վերահսկողական նոր գործիքներ։ ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը հրապարակային նիստում քննարկում է փոխվարչապետների, նախարարների և դիվանագիտական ներկայացուցիչների (դեսպանների) թեկնածուների նշանակման հարցը և խորհրդատվական եզրակացություն ներկայացնում վարչապետին։

ԱԺ խմբակցությունը կարող է յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում մինչև երկու անգամ նախաձեռնել փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցչին անվստահություն հայտնելու գործընթաց, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Փոխվում է նաև պատգամավորի կարգավիճակը։ Կառավարության անդամ նշանակվելու դեպքում նրա պատգամավորական լիազորությունները ոչ թե դադարում են, այլ կասեցվում։

Նախագծով Ազգային ժողովը կարող է ինքն իրեն արձակել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայներով։ Գործող Սահմանադրությունում նման ընդհանուր հնարավորություն չկա։

Ընդդիմության մասնակցությունը նշանակումներում

Բացի ԱԺ փոխնախագահի մեկ պաշտոնից և էթիկայի հանձնաժողովում հավասար ներկայացվածությունից, ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ ընտրվում է մեկական անդամ ԲԴԽ-ում, Դատախազական խորհրդում,  անկախ պետական մարմիններում (ԿԸՀ, ԿԲ, Հաշվեքննիչ պալատ և կոլեգիալ ինքնավար մարմիններում ։

Դատական իշխանություն. դատավորների մեկանգամյա վերագնահատում

Նախագծի անցումային դրույթներում ներմուծվում է սկզբունքային նորույթ՝ մեկանգամյա վերագնահատում։ Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում իրականացվելու է գործող դատավորների (բացառությամբ ՍԴ դատավորների) և ԲԴԽ դատավոր չհանդիսացող անդամների մեկանգամյա վերագնահատում։ Մինչև այդ նրանք գործելու են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։

Ստուգվելու են դատավորի բարեվարքությունը, վարքագծի և շահերի բախման կանոնների պահպանումը, մասնագիտական կարողությունները և գույքային դրության համապատասխանությունը օրինական եկամուտներին։ Գործընթացն իրականացնելու է 5 անդամից բաղկացած անկախ հանձնաժողովը (2 անդամ՝ նախագահի, 2-ը՝ Մարդու իրավունքների հանձնակատարի, 1-ը՝ Կառավարության առաջարկությամբ, որոնց ընտրում է ԱԺ-ն)։

Դատախազություն և քննչական մարմիններ. նոր խորհուրդ և ինքնավար քննչական մարմին

Այս ոլորտում նախագիծն առաջարկում է երկու խոշոր ինստիտուցիոնալ փոփոխություն.

Ստեղծվում է նոր անկախ պետական մարմին՝ Դատախազական խորհուրդ (10 անդամ՝ 5 դատախազ, 5 իրավաբան գիտնական կամ հեղինակավոր իրավաբան,) (Հոդված 67)։ Այն կազմելու է դատախազների թեկնածուների ցուցակները, լուծելու է կարգապահական հարցերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն է ներկայացնելու ԱԺ գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու վերաբերյալ և հարուցելու է քրեական հետապնդում գլխավոր դատախազի նկատմամբ։

Հակակոռուպցիոն/ինքնավար քննչական մարմին (Հոդված 69). Սահմանադրական մակարդակով ամրագրվում է, որ կոռուպցիոն հանցագործություններով և պաշտոնատար անձանց պաշտոնեական հանցագործություններով նախաքննությունն իրականացնում է ինքնավար քննչական մարմինը, որի ղեկավարին նշանակում է ԱԺ-ն։

Ընտրական իրավունքի նոր սահմանափակումը և քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը

Նոր Սահմանադրության նախագիծը երկու սկզբունքային փոփոխություն է նախատեսում քաղաքացիության և ընտրական իրավունքի ոլորտում.

Ընտրելու իրավունք՝ միայն Հայաստանում մշտապես բնակվողների համար. Եթե գործող Սահմանադրությամբ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք՝ անկախ բնակության վայրից, ապա նոր նախագծով (Հոդված 20, 28) այդ իրավունքից օգտվելու համար պահանջվում է ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել Հայաստանում։ Սա փաստացի սահմանափակում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական մասնակցությունը։

Քաղաքացիությունից զրկելու հնարավորություն. Գործող Սահմանադրությունը (Հոդված 47) ուղղակիորեն արգելում է ՀՀ քաղաքացուն զրկել քաղաքացիությունից։ Նոր նախագիծը վերացնում է այս բացարձակ արգելքը՝ սահմանելով (Հոդված 24), որ դատարանի որոշմամբ անձը կարող է զրկվել քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար։

Հայ Աաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը պահպանվում է

Նախագիծը պահպանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության ճանաչումը։ Փոխվում է պետության և եկեղեցու հարաբերությունների մասին ձևակերպումը։ Նախագծում նշվում է, որ եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորվում են օրենքով։ Նախագիծն առաջին անգամ Հայաստանի սահմանադրական բնորոշման մեջ ավելացնում է «աշխարհիկ» բառը։ Այս դրույթը ներառվում է անփոփոխելի հոդվածների շարքում։

Ի՞նչ է փոխվում զինանշանի ու դրոշի կարգավորման մեջ

Գործող Սահմանադրությամբ դրոշի և զինանշանի նկարագրությունը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է սովորական օրենսդրական կարգով՝ խորհրդարանի կողմից, առանց սահմանադրական տեքստում դրանց փոփոխության համար առանձին հանրաքվեի պահանջ սահմանելու։

Նոր նախագիծն այս ոլորտում մտցնում է սկզբունքային փոփոխություն (Հոդված 16 և Հոդված 84)։

Խորհրդանիշների մասին օրենքը՝ հանրաքվեով. Հոդված 16-ի 1-ին մասով նախատեսվում է, որ զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով։

Գործող խորհրդանիշները պահպանվում են, բայց փոփոխությունը բարդանում է. Նախագծի անցումային դրույթներում (Հոդված 84 ամրագրվում է, որ գործող զինանշանի և դրոշի նկարագրությունը սահմանող օրենքները շարունակում են գործել, սակայն եթե հետագայում որոշվի դրանցում փոփոխություններ կատարել կամ ընդունել նոր օրենք, ապա այդ գործընթացն արդեն պետք է անցնի հանրաքվեի միջոցով։

Այսպիսով՝ եթե գործող Սահմանադրության շրջանակում զինանշանի ու դրոշի մասին օրենքը կարող էր փոխվել խորհրդարանական օրենսդրական ընթացակարգով, ապա նոր նախագծով դրանց փոփոխությունը կամ նոր օրենքի ընդունումը ուղղակիորեն կապվում է հանրաքվեի ինստիտուտի հետ՝ դարձնելով խորհրդանիշների վերանայումը հանրային քվեարկության առարկա։

ԶԼՄ-ներ և Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողով, ՄԻՊ

Նախագծում ԶԼՄ-ներին նվիրված հոդվածում (Հոդված 28) ավելացել է ուղղակի սահմանադրական պահանջ. «Զանգվածային լրատվության միջոցները գործում են ֆինանսական թափանցիկության սկզբունքով» (ինչպես և կուսակցությունները)։

ՀՌՀ կարգավիճակի փոփոխություն. Եթե գործող Սահմանադրությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) անկախ սահմանադրական մարմին էր, ապա նոր նախագծում այն հանվել է անկախ սահմանադրական մարմինների շարքից (այդ ցանկում մնացել են միայն ԿԸՀ-ն, ԿԲ-ն և Հաշվեքննիչ պալատը։ Անցումային դրույթներով  նախատեսվում է, որ ՀՌՀ-ն վերափոխվելու է օրենքով ստեղծվող ինքնավար մարմնի։

Մարդու իրավունքների հանձնակատար. Գործող «Մարդու իրավունքների պաշտպան» անվանումը նախագծում փոխարինվել է «Մարդու իրավունքների հանձնակատար» եզրույթով (ընտրվում է ԱԺ-ի կողմից՝ 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի։

 

Նելլի Բաբայան

Նորություններ