Աղաբեկյան. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը մանիպուլյատիվ է, Շահրամանյանի՝ ԼՂ հայերի բռնի տեղահանումն ու ԼՂ լուծարման մասին հրամանագիրը Ադրբեջանի բռնության հետևանք էր

Արամայիս Աղաբեկյանը կարծում է, որ եթե Հայաստանն անգամ չի կարողանում պաշտպանել իր սահմանները, ապա Արցախի ժողովրդի ինչ վերադարձի մասին կարելի է խոսել, երբ միջազգային իրավունքը շատ վատ է գործում, եթե չասենք, որ այն ընդհանրապես չի գործում
Ադրբեջանի նախագահ Ալիևը Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում օրերս ասել է, որ բանակցություններում հիմնական խոչընդոտն այն է, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը համառորեն փորձում էր խաղաղության պայմանագրի մեջ ներառել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»։ «Ազատություն» ռադիոկայանն այս առնչությամբ պարզաբանում է ստացել ՀՀ ԱԳՆ-ից։
«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,-պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ն։
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը REGIONSTV-ի հետ զրույցում ԱԳՆ-ի պարզաբանման մասին ասաց, որ Ադրբեջանի նախագահը ճանաչում է «ԼՂՀ-ի լուծարման մասին Սամվել Շահրամանյանի հրամանագրի օրինականությունը։ Սա ամենակարևորն է։ Հայաստանի ԱԳՆ-ն փաստել է իրողությունը»։
Մինչդեռ ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն այլ կարծիքի է։ Նա REGIONSTV-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունն, ասաց, որ այն շատ մանիպուլյատիվ է նախ այն պատճաով, որ Շահրամանյանի հրամանագրի մի մասի ստորագրումն ու հրապարակումը Տեղեկատվական շտաբի կայքում եղել է Ադրբեջանի կողմից բռնության արդյունք․« Անվտանգության երաշխիքներ չկային, ուստի ադրբեջանական կողմը դիմեց բռնությունների»։
«Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Արամայիս Աղաբեկյանն ընդգծեց՝ այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում հայերի ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է, ցանկացած որոշում, որը կայացվել է ադրբեջանական զենքի սպառնալիքի տակ չի կարող համարվել ժողովրդի կամքի օրինական արտահայտություն։ Նա մատնանշեց, որ միջազգային դերակատարները, հղում անելով ԱԳՆ հայտարարությանը՝ անտեսում են, որ բռնության և հարկադրանքի տակ են կայացվել այդ որոշումները։
Նրա կարծիքով՝ արտաքսումից հետո Շահրամանյանը կարող էր Արցախի տեղեկատվական շտաբի էջում հրապարակել փաստաթուղթ հրամանագրի կամ դրա մի մասի չեղարկման մասին, որը ուժը կորցրած կճանաչեր բռնության սպառնալիքի տակ ստորագրված փաստաթուղթը։
Նիկոլ Փաշինյանը, ըստ Աղաբեկյանի, հղում անելով Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթին, չի ճանաչում ԼՂ լեգիտիմությունը և գործում է այնպես, ինչպես իրեն դուր է գալիս։
«Դա շատ նման է նրան, երբ Ստեփանակերտի քաղաքապետի շուրջ ինչ-որ քրեական գործ էր հարուցվում, երբ ամեն կերպ ասում էին, որ ԼՂ գոյություն չունի, բայց Արցախի հետ կապված ցանկացած գործիքի կիրառման համար նշվում է Լեռնային Ղարաբաղը։ Դրանք երկակի ստանդարտներ են, ոչ ավելին»,- ասաց Աղաբեկյանը։
ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները ապահովելու ցանկության մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ն պարզապես հաստատել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա։
Անդրադառնալով ԱԳՆ հայտարարության այն հատվածին, որտեղ նշվում է, որ առաջարկվել է խնդիրների լուծման համար ստեղծել միջազգային մեխանիզմ, փորձեր են արվել նաև երրորդ երկրներում հանդիպումներ կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, որոնք մերժվել են ԼՂ կողմից, Արամայիս Աղաբեկյանը պարզաբանեց՝ խոսքը վերաբերում է 2023 թվականի ամռանը Սոֆիայում և Բրատիսլավայի հանդիպումներին․«Սոֆիայում հանդիպումը չի կայացել, քանի որ այնտեղ որևէ միջազգային մեխանիզմի մասին խոսք չկար. Քննարկումը վերաբերում էր ինտեգրացիոն գործընթացներին։ Բայց եթե նույնիսկ այս տրամաբանությամբ շարժվենք, ապա ռուսական կողմը Հայաստանին խոստացել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ հովանու ներքո հանդիպում կկազմակերպի տեխնիկական հարցերի շուրջ եւ խոստացել էր, որ Լաչինի միջանցքը կբացվի։ Հետագայում, թեև ռուսական կողմը չկատարեց իր խոստումը, հայկական կողմը համաձայնեց հանդիպման։ Բայց այս դեպքում ադրբեջանական կողմը հրաժարվել է եւ չի մասնակցել Բրատիսլավայում նախատեսված հանդիպմանը»։
Արցախյան հարցը փակելն, ըստ Աղաբեկյանի, կախված է նրանից, թե Հայաստանի ժողովուրդը, այդ թվում՝ արցախցիները, կընդունե՞ն Փաշինյանի գիծը (կուրսը), թե ոչ. «Այսինքն՝ շարունակու՞մ են Փաշինյանին թողնել ՀՀ ղեկին, թե՞ ոչ, եթե այո, ուրեմն Արցախի հարցը փակված է։ Արցախի ժողովրդի վերադարձի մասին խոսելիս պետք է իրատես լինել՝ եթե այս պահին ունենք Հայաստան, որն անգամ չի կարող պաշտպանել իր սահմանները»։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապան Աղաբեկյանը նշեց, որ չգիտի, թե ներկայումս Հայաստանը որքանով է պաշտպանում այս գաղափարը։
«Այն, որ հիմա ասում են, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, ճիշտ չէ: Մինչև ԱԳՆ-ի հայտարարությունն ասում էին, որ հակամարտություն չկա, այլ կա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման խնդիր, որում ԼՂ-ի մասին խոսելն իմաստ չունի»,- ընդգծեց Արամայիս Աղաբեկյանը։
Զաբելա Ավագյան