«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Եթե բացարձակ հաղթանակ չգրանցենք, կհամագործակցենք ընդդիմադիր ուժերի հետ»․Սևակ Խաչատրյան
«Կարծում եմ այս պահին գուշակություններ անել պետք չէ, բայց ինչպես նախկինում ենք հայտարարել, մենք և մեր թիմը գնում ենք բացարձակ հաղթանակի, և օրվա վերջում, քվեարկության արդյունքները ցույց կտան, որ մենք կունենանք հաղթանակ»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատ համայնքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում այսօր համայնքապետի ընտրություններն են: Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք: Սևակ Խաչատրյանը «Հաղթանակ» դաշինքի թեկնածուն է:
Սևակ Խաչատրյանը պնդեց՝ իշխանություններից սպասում է ցանկացած քայլ, սակայն չի սպասում, թե իր դեմ քրեական գործ կհարուցվի: Լրագրողի հավելմանը, թե ամբողջ քարոզարշավի ընթացքում շրջանառվել է այն փաստը, որ նա մասնակցել է նոյեմբերի 9-ի ակցիաներին, և հնարավո՞ր է հաղթանակի պարագայում այդ փաստը իր դեմ օգտագոծել, Խաչատրյանը պատասխանեեց.-«Ես այդ գործով արդեն հարցաքննվել եմ, ի դեպ՝ ԱԱԾ-ի քննչական կոմիտեում: Ոչ մի քրեական գործով չեմ անցել, ոչ մի քրեական գործում կարգավիճակ չեմ ունեցել: Բոլորը հստակ տեսել են, որ ես չեմ մասնակցել որևէ գործողության, միայն լուռ մասնակցել եմ»:
Հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակի դեպքում, ըստ համայնքապետի թեկնածուի, Վաղարշապատ համայնքը մոտակա տարիների ընթացքում կզարգանա, և չի իրականանա ՔՊ-ի գլխավոր նպատակը, այն է՝ ասել, թե անգամ հակաեկեղացական քաղաքականության պարագայում, իրենք վայելում են ժողովրդի վստահությունը:
Հավելեց, որ «Հաղթանակ» դաշինքը մասնակից որևէ ուժի հետ նախքան ընտրությունները քննարկումներ չի ունեցել, սակայն այն դեպքում եթե չգրանցեն բացարձակ հաղթանակ, պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից:
Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
Տեղամասերում աշխատում են դիտորդական առաքելություններ, նրանցից մի քանիսն արդեն որոշակի խախտումներ են արձանագրել։
Նիկոլ Մարգարյան
