Իմ կատարած աշխատանքը մեզ ավելի մեծ վստահություն է տալիս, Գյումրիի ու Փարաքարի դեպքերում այդքան էլ այդպես չի եղել․Արգիշտի Մեխակյան
«Այս ամբողջ ընթացքում մենք իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ վաղարշապատցու բացարձակ վստահությունը ստանալու համար: Հենց այդ մտքով եմ ես այստեղ»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատ համայնքի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ՔՊ-ն նմանատիպ վստահություն ուներ նաև Գյումրիում և Փարաքարում, սակայն արդյունքում երկու տեղերում էլ պարտվեց, Մեխակյանը պատասխանեց.«Շնորհակալ եմ ձեր դարակազմիկ հարցի համար, բայց սա Վաղարշապատն է: Ինչպես Խոյ համայնքում իմ կառավարման տարիներին, այնպես էլ Վաղարշապատում իմ ժամանակավոր պաշտոնավարման ժամանակահատվածում բնակիչների հետ կատարած աշխատանքը մեզ ավելի մեծ վստահություն է տալիս, նախորդ երկու դեպքերում այդքան էլ այդպես չի եղել»:
ՔՊ կուսակցության թեկնածուն մեկնաբանություն տվեց նաև քարոզարշավի ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ մասնավորապես քարոզչանյութերի տարածմանն ու բարեգործության անվան տակ ընտրողներին շահագրգռելու հայտնի դեպքին.«Բազմիցս կրկնել եմ, որ բարեգործության մեջ ընտրախտում չի եղել, քանի որ առաջինը՝ այդ ընթացքում քարոզարավը սկսված չի եղել, երկրորդը, ես այդ միջոցառման մեջ հրավիրյալ եմ եղել, և երրորդը՝ այնտեղ որևէ քաղաքական ուժի հետ կապված խոսակցություն տեղի չի ունեցալ: Եթե կա վարույթ, այն կքննվի, ու բոլորիս համար պարզ կլինի: Ինչ վերաբերում է պաստառներին, ապա այնտեղ, որտեղ խախտում է եղել, սահմանված ժամկետում մենք այն վերացրել ենք, հետո էլ ինքներս ենք բազմիցս խախտումներ արձանագրել մյուս թեկնածուների մոտ»:
Հարցին՝ իրենց տան հասցեի՞ն էլ է օտար քաղաքացիների գրանցում հայտնվել, ինչպես ահազանգում են մի շարք բնակիչներ, Մեխակյանը պատասխանեց՝ եթե նման ահազանգեր կան, թող դիմեն ոստիկանություն, իսկ իրենց տան հասցեին այլ անձինք գրանցված չեն:
Լրագրողները նրան հիշեցրին՝ Թալինից բավականին շատ մարդ էր եկել իր քարոզարշավի վերջին օրը, Մեխակյանն արձագանքեց՝ իր բոլոր աջակիցները, որոնք հարկ են համարել գալ, իրենց որոշմամբ են մասնակցել։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ Վաղարշապատում Մեխակյանը չունի բավարար աջակցություն, վերջինս հորդորեց բոլորի դեմքերը նկարներով նույնականացնել ու պարզել, համեմատել՝ եկածների քա՞նի տոկոսն են այլ տեղերից:
Նրա ամփոփոիչ հանրահավաքին չէր մասնակցել Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հարցին՝ արդյոք հարկ չհամարեց նախընտրական վերջին հանրահավաքին գալ, Մեխակյանը խորհուրդտվեց այդ հարցն ուղղել Փաշինյանին։
Արդյո՞ք չեկավ, որ իր բացասական ստվերը չգցի իր վրա, Մեխակյանը վստահեցրեց, որ իրենց օրակարգում ի սկզբանե նախատեսված չի եղել Փաշինյանի մասնակցությունը․«Հանրահավաք ի սկզբանե չէինք էլ պլանավորել, պարզապես բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված քայլերթ արեցինք»:
Անդրադարձավ նաև ողջ քարոզարշավի ընթացքում ակտիվորեն քննարկվող այն հարցին, որ այս պահն Արգիշտի Մեխակյանը կանգնած է մի քաղաքական ուժի կողքին, որը հանձնել է Արցախը, այն դեպքում, երբ նրա հայրը՝ Մեխակ Մեխակյանը ժամանակին ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ազատագրման գործում, ու զոհվել պատերազմում.«Ես իմ կյանքում, իմ ոչ մի որոշման համար չեմ փոշմանել: Պետք է հարցնել այն մարդկանց, ովքեր փորձում են իմ հոր հիշատակը շահարկելով որևէ քաղաքական շահ հետապնդել կամ փորձել ցեխոտել իմ անունը»:
Խոսելով նման համեմատություններից, ասաց.«Որոշ քաղաքական ուժեր այդ հարցը իրենց համար դիլեմա են սարքել, և այժմ իրենք էլ անձամբ չեն կարողանում դրա տակից դուրս գալ: Ինչ եղել է Արցախի հետ, եղել է մեր բոլորի աչքի առաջ»:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում այսօր համայնքապետի ընտրություններն են: Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք:
Նիկոլ Մարգարյան
