Ովքեր կարող են օգտվել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար աջակցության նոր ծրագրից․մանրամասնում է սոցապ նախարարության պաշտոնյան | Region

Ովքեր կարող են օգտվել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար աջակցության նոր ծրագրից․մանրամասնում է սոցապ նախարարության պաշտոնյան

Ապրիլ 11,2025 14:42

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար պետությունն ընդլայնում է սոցիալական աջակցությունների շրջանակը՝ միաժամանակ ներդնելով ավելի հասցեական և կարիքահեն մոտեցում։ Ներկայումս միաժամանակ գործում են մի քանի պետական ծրագիր, որոնք միտված են մեղմելու ժամանակավոր բնակության դժվարությունները և ապահովելու նվազագույն կենսամակարդակը։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ներկայումս գործում են մի շարք աջակցության ծրագրեր։ Որոշակի փոփոխություններով շարունակվում է կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը, որը ապրիլի 1-ից արդեն ուղղված է առանձին խմբերի։

Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը։

Արտակ Հարությունյանը ներկայացրեց աջակցության ծրագրի մանրամասները։ Ըստ այդմ՝ ապրիլի 1-ից փոփոխված սոցիալական վճարումների տրամադրման կարգով՝ աջակցություն կշարունակեն ստանալ այն անձինք, որոնք դասվում են հատուկ խմբերի։ Մասնավորապես՝ առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք, անչափահասները, 63 տարին լրացած քաղաքացիները, ինչպես նաև նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի կերակրողին ու ստանում են համապատասխան նպաստ կամ կենսաթոշակ։ Ծրագրում ներառվել են 18 տարին լրացած այն անձինք, որոնք դեռևս ընդգրկված են պարտադիր կրթության համակարգում։

Ըստ Հարությունյանի՝ հունվարից մարտ ամիսներին այդ խմբերի յուրաքանչյուր ներկայացուցչին տրամադրվել է ամսական 50.000 դրամ,  ապրիլից հունիսը ներառյալ գումարը կտրամադրվի 40.000 դրամ, իսկ հուլիսից դեկտեմբեր այդ անձինք կստանան 30.000 դրամ։

Երեկ կառավարությունը որոշում կայացրեց դրամական աջակցություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։ Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ որպես կարիք դիտարկվել է որոշակի եկամուտների շեմը չգերազանցելու հանգամանքը։

Ընտանեկան աջակցության հիմքում դրվում է եկամուտների շեմը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով եթե ընտանիքը չունի ամսական 55,000 դրամից բարձր եկամուտ, ապա ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ այդ ընտանիքը կստանա ամսական 40,000 դրամ աջակցություն գումարած համելյալ 10,000 դրամ։

«Եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամից, որոնց հաշվով ընտանիքը 55 հազար դրամից ավելի եկամուտ չունի, կդիտարկվի շահառու և կստանա 40 հազար դրամ աջակցություն ընտանիքի համար՝ գումարած ևս 10 հազար դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած երկրորդ անդամից: Այսինքն՝ «40 հազար դրամ + 40 հազար դրամ», այն է՝ 80 հազար դրամ»,-ասաց Արտակ Հարությունյանը։

Եթե անձը չի գտնվում Հայաստանում, ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի:

Աջակցությունից չեն կարող օգտվել այն քաղաքացիները, որոնք գտնվում են մշտական խնամքի տակ պետական հաստատություններում՝ մանկատներում, ծերանոցներում, քանի որ այդ անձինք արդեն օգտվում են ամբողջական պետական հովանավորությունից, նրանց համար նախատեսված է այլ աջակցություն՝ անկախ ձևաչափից։

Բացի այդ, լրացուցիչ ֆինանսական օգնություն չի տրամադրվի այն անձանց, ովքեր օգտվում են պետության կողմից տրամադրված սոցիալական բնակարանային ֆոնդից կամ արդեն բնակվում են պետական միջոցներով հատկացված տարածքներում։ Այս խմբի շահառուները բնակվարձի վճարման խնդիր չունեն, ուստի նրանք չեն ընդգրկվում նոր աջակցության ծրագրերում։

Բացի այս, ընտանիքը աջակցություն չի ստանա, եթե ունի 2017 թվականից բարձր արտադրության ավտոմեքենա կամ եթե այդ ավտոմեքենայի համար վճարում են գույքահարկ 15000 դրամից ավելի գումար։

Ըստ Արտակ Հարությունյանի՝ հաշվի է առնվում որոշակի գույք ունենալու հանգամանքը․«Միանձնյա սեփականության դեպքում ընտանիքը չի օգտվի աջակցությունից, կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավել սեփականության իրավունք»։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ