«Մոռացե’ք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին»․Փաշինյանի կոչը Բաքվին | Region

«Մոռացե’ք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին»․Փաշինյանի կոչը Բաքվին

Ապրիլ 17,2025 16:47

Խորհրդարանում  Փաշինյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն պատրաստ է միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին

Ներհայաստանյան դիսկուրսի մի հսկայական մասը լրացվում է նրանով, թե ինչ են ասում ուրիշները, ինչ են ասում այլ մայրաքաղաքներում։ Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ պրոբլեմը ոչ միայն այն է, որ Հայաստանյան քաղաքական և հանրային որոշ դերակատարներ, հաճախ այդպիսով դառնում են օտար ասելիքների քարոզչական գործակալներ, այլև այն, որ դուրս է թողնվում ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ ենք ասում մենք, ի՞նչ ենք ասում մենք։ Սա հաճախ չի էլ կարևորվում և սա Սան Ստեֆանոյի և Բեռլինի ռելիքտային մտածողությունն է, համաձայն որի մենք կամ ասելիք չունենք, կամ մեր ասելիքը կարևոր չէ»,-ասաց Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ՝ մեր ճակատագրի համար ամենակարևորը մեր ասելիքն է, որովհետև մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելի, կառավարելու առաջնային գործիքը․« Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ինչո՞ւ և ինչպես։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Ընդ որում, սա ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը այլևս երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է և այդ փաստաթղթում Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ալմաթայի հռչակագիրը, ըստ էության, դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք։  Իսկ այդ հռչակագրում խորհրդային Հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ։ Եվ ուրեմն, Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակ ի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը և հայտարարում են պաշտոնապես, Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»։

Փաշինյանը նույն կոչը հղեց նաև Ադրբեջանի կառավարությանը՝ չանել հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը․« Հայաստանը և Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցրել են, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտել և ինչպես ցույց տվեցի ապրիլի 15-ի իմ զեկույցում, համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Մոռացե’ք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին և մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին»։

Նա նաև ասաց՝ աշխարհ ամենօրյա ռեժիմով փոխվում է և եթե չկարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, պարզապես  դուրս կմնանք դրանից, իսկ կառավարության առաքելությունը սա է՝ առաջնորդել կենսական այն վերափոխումները, որոնք հիմնվելով մեր ազգային արժեքների վրա՝ մեր պետությունը կդարձնեն առավել կենսունակ՝ ճանապարհ բացելով  նրա երջանիկ ապագայի համար։

 

Նորություններ