Գերմանիայում հայերին սպառնացել են հեռախոսազանգերի միջոցով․ հայ համայնքը մտահոգված է Գերմանիայում աճող թուրքական ազգայնականությամբ ու կրոնական ծայրահեղականությամբ

Գերմանիայում բնակվող հայերը սպառնալիքներով հեռախոսազանգեր են ստացել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ։
«Մենք չենք մոռացել 1915 թվականը, դու, հայ պոռնիկ», «Ես քեզ կբռնաբարեմ քո տանը», «Դու հայ, ես գրողի ծոցը ուղարկեմ ողջ քո ժողովրդին», «Մենք ձեզ կրկին կսպանենք, դուք՝ անպիտաններդ, ևս մեկ ցեղասպանություն կտեսնեք»։ Հայերն ահա այսպիսի սպառնալիքներ են ստացել։
Բռնության նմանատիպ սպառնալիքներ են եղել հայերի նկատմամբ նաև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից առաջ։ Այս սպառնալիքներին անդրադարձել է t-online գերմանական լրատվական հարթակը, որին հայ իրավաբան Գուրգեն Պետրոսյանը հայտնել է՝ հայերին սպառնալիք հնչեցնող զանգահարողները ներկայացել են որպես թուրք կամ ադրբեջանցի։
Այս սպառնալիքների մասին հաղորդումները հավաքագրել է Գերմանա-հայկական իրավաբանների ասոցիացիան՝ (DeArJv)-ը։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ, Բեռլինի Գերմանա-հայկական հարաբերությունների վերակազմակերպման կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը REGIONSTV-ին տված հարցազրույցում անդրադառնալով խնդրին, ասաց՝ թուրքական ազգայնականության ցանկացած դրսեւորում ընկալվում է որպես պոտենցիալ սպառնալիք։
Նա նշեց՝ թեև Գերմանիան պաշտոնապես (Բունդեսթագը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել) ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, երկրում կրկին հակահայկական տրամադրություններ ու միջադեպեր են տեղի ունենում։
Մկրտչյանի խոսքով՝ հայ համայնքի մտահոգությունները կապված են Գերմանիայում թուրքական ազգայնականության և կրոնական ծայրահեղականության աճի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների պատմական համատեքստի հետ։
«1915-1923 թվականներին Օսմանյան և հանրապետական կառավարությունների կողմից 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը խորը հետք է թողել աշխարհով մեկ սփռված հայերի հոգիներում: Գերմանիայի հայ համայնքի դեմ ուղղված սպառնալիքները կարող են դիտվել որպես այս պատմական անարդարության ցավալի հիշեցում և որպես կոլեկտիվ անհանգստության խթան: Հակամարտությունը հաճախ խթանում է ազգայնական տրամադրությունները և կարող է օգտագործվել ծայրահեղական խմբերի կամ անհատների կողմից, ովքեր ձգտում են ատելություն և բռնություն հրահրել հայերի դեմ: Ցավոք սրտի, այսօր շատ հասարակություններ բախվում են ծայրահեղական գաղափարախոսությունների, այդ թվում՝ ծայրահեղ ազգայնականության և այլատյացության առաջացմանը»,- նշեց Արամ Մկրտչյանը։
Ըստ փորձագետի՝ սոցիալական ցանցերը և առցանց հարթակները կարող են լինել և՛ հաղորդակցության գործիք, և՛ տարածք ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման համար։ Նրա ներկայացմամբ՝ հակահայկական պատմություններն ու սպառնալիքները արագորեն տարածվում են համացանցում Telegram-ի միջոցով՝ հասնելով լայն լսարանին՝ հրահրելով պոտենցիալ բռնություն։
Իրավապաշտպանն ահազանգում է Գերմանիայում բնակվող հայերի հեռախոսահամարներին ստացվող բռնության սարսափելի սպառնալիքների մասին՝ «Մենք նորից կսպանենք ձեզ, այ սրիկաներ, դուք կտեսնեք հերթական ցեղասպանությունը», «1915-ը չենք մոռացել, հայ պոռնիկ», «Դու հայ ես, ես քո ժողովրդին կուղարկեմ դժոխք»։
«Համացանցը անանուն մնալու հնարավորություն է տալիս, ու դա ոգևորում է հանցագործներին, միաժամանակ բարդացնում նրանց հետքը գտնելն ու պատասխանատվության ենթարկելը: Սովորաբար, այդ սպառնալիքները կրում են քարոզչական բնույթ, սակայն նման սպառնալիքների անտեսումը կարող է հանգեցնել ողբերգական հետեւանքների։ Այս դժվարին իրավիճակում չափազանց կարևոր է, որ Գերմանիայի կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը համերաշխություն ցուցաբերեն հայ համայնքի նկատմամբ և ձեռնարկեն կոնկրետ գործողություններ՝ ապահովելու նրանց անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասաց հասարակական գործիչը։
Մկրտչյանի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները տեղյակ են բնակչության տարբեր խմբերի, այդ թվում՝ հայ համայնքի նկատմամբ ատելության ու սպառնալիքների խնդրին։
«Գերմանիայում կա օրենսդրություն ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարի համար: Նման գործողությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության: Այս պահին բաց աղբյուրներում չկա կոնկրետ տեղեկատվություն այն մասին, որ գերմանական քննչական մարմիններին հաջողվել է գտնել և պատասխանատվության ենթարկել Գերմանիայում հայ համայնքի դեմ ուղղված վերջին սպառնալիքների բոլոր մեղավորներին: Գերմանիայում համապատասխան մարմիններն արձանագրում են քաղաքական դրդապատճառներով հանցագործությունների դեպքերը, ներառյալ՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունները: Այս վիճակագրությունն օգնում է պետությանը միջոցներ ձեռնարկել նման հանցագործությունները կանխելու համար։ Հայոց ցեղասպանությունը չճանաչելը կամ ժխտելը կարող է նպաստել անպատժելիության մթնոլորտի ստեղծմանը և ատելության բորբոքմանը: Պատմական ողբերգության հստակ ճանաչումը հաշտեցման և ապագա հանցագործությունների կանխարգելման կարևոր քայլ է»,- ընդգծեց Արամ Մկրտչյանը։
Խոսելով հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներին գերմանական ոստիկանության արձագանքի մասին՝ Արամ Մկրտչյանը նշեց, որ Գերմանիայում ոստիկանությունը լուրջ է վերաբերվում բռնության սպառնալիքներին և դրանց պատասխանում է օրենքով սահմանված կարգով։
«Ոստիկանությունը պարտավոր է ընդունել բռնության ցանկացած սպառնալիքի մասին հաղորդումներ՝ անկախ դրանց ձևից (բանավոր, գրավոր, առցանց): Յուրաքանչյուր հայտարարություն գրանցվում է և հիմք է դառնում հետագա հետաքննության համար։ Ոստիկանությունը գնահատում է ստացված սպառնալիքի լրջությունը՝ հաշվի առնելով ենթատեքստը, աղբյուրի արժանահավատությունը, նախկինում տեղի ունեցած միջադեպերի առկայությունը և այլ գործոններ։ Կախված գնահատականից, կարող են ձեռնարկվել տարբեր արձագանքման միջոցներ»,-ասաց Մկրտչյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ հայերին ուղղարկված այդ անանուն սպառնալիքների վերաբերյալ հետաքննություն է տարվում՝ հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ընդ որում, մեղավոր ճանաչվածները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության՝ տուգանք կամ ազատազրկում՝ կախված հանցագործության ծանրությունից․Գերմանիայում բռնության և խտրականության զոհերի համար կան տարբեր թեժ գծեր և աջակցության ծառայություններ, որտեղ կարող եք դիմել օգնության և խորհրդատվության համար (օրինակ՝ թեժ գիծ 116 016): Կարևոր է, որ տուժած համայնքի անդամները ցանկացած սպառնալիքի մասին զեկուցեն ոստիկանություն՝ ժամանակին արձագանքելու համար»։
Արամ Մկրտչյանը նկատում է՝ Հայոց Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց էլ մարդիկ կրկին բախվում են նման ատելության և բռնության սպառնալիքների, ինչն անընդունելի է․« Սա խարխլում է խաղաղ համակեցության և մարդկային արժանապատվության հարգման հիմքերը: Այս սպառնալիքները, հավանաբար, արմատավորված են հայկական էթնիկ և մշակութային ինքնության նկատմամբ նախապաշարմունքով և անհանդուրժողականությամբ: Դրանք կարող են կապված լինել պատմական հակամարտությունների, աշխարհաքաղաքական լարվածության կամ պարզապես ատելության գաղափարախոսությունների տարածման հետ: Գերմանիայի հայ համայնքի անդամների համար նման սպառնալիքները կարող են չափազանց տրավմատիկ լինել, մարդիկ կարող են իրենց չափազանց խոցելի զգալ: Նրանք կարող են վախենալ իրենց և իրենց սիրելիների անվտանգության համար: Որպես հասարակություն՝ մենք պետք է միանշանակ դատապարտենք ատելության և բռնության սպառնալիքների ցանկացած դրսևորում»։
Զաբելա Ավագյան