Վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը անչափահասի նկատմամբ | Region

Վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը անչափահասի նկատմամբ

Ապրիլ 30,2025 16:00

Համաձայն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տվյալների,

Վերջին հինգ տարիների ընթացքում՝ 2020-2024 թվականներին Հայաստանում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը անչափահասի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը։

Նախորդ տարի՝ 2024 թվականին արձանագրվել է 43 դեպք։ Սեռական բռնության ենթարկված անձանց մոտ 85%-ը կանայք են՝ 140 դեպք։ Արձանագրված դեպքերի մեծ մասը՝ 91 դեպք տեղի է ունեցել Երևանում, իսկ մարզերից առավել շատ դեպքեր արձանագրվել են Կոտայքի մարզում՝ 10 դեպք և 9-ական դեպքեր՝ Արմավիրի և Լոռու մարզերում։

Ապրիլը սեռական բռնության դեմ պայքարի և իրազեկման ամիս է։ Այդ շրջանակներում  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը նախաձեռնել էին «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. վաղ կանխարգելում, արդյունավետ պաշտպանություն և պատշաճ ուղղորդում» խորագրով քննարկում և ցուցահանդես։

Նախաձեռնության նպատակն էր ներկայացնել սեռական բռնության կանխարգելման և արձագանքման ուղղությամբ իրականացվող հիմնական քայլերը՝ իրավական կարգավորումների, ոլորտային գերատեսչությունների կողմից ներդրված մեխանիզմների և կարողությունների զարգացման միջոցառումների մասին։

Ցուցահանդեսը ներկայացնում էր սեռական բռնության ենթարկված անձանց 21 պատումներ, որոնք պատմում էին բռնությունը, տրավման հաղթահարելու բարդ ճանապարհի մասին։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը հայտնել է, որ  Առողջապահության նախարարության հետ մշակում են ուղեցույց, որի նպատակն է օգնել բուժաշխատողներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրել սեռական բռնության ենթարկված անձանց։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս կարևորել է համակարգված աշխատանքը խնդրի հաղթահարման ուղղությամբ․ «Այս ոլորտում խնդիրները բազմաշերտ են։ Առաջնայիններից է մասնագիտական հանրույթի շրջանակում գիտելիքի, հմտությունների և զգայունության պակասը, ինչը հաճախ բերում է հասարակական կարծրատիպերի ամրապնդմանը։ Այդ կարծրացած մոտեցումների հետևանքով բռնության ենթարկված անձը երբեմն չի էլ գիտակցում, որ բռնության զոհ է դարձել, տեղի ունեցածը նորմալ է համարում կամ չի բարձրաձայնում կատարվածի մասին։ Այս իրավիճակն իր հերթին հանգեցնում է նորանոր հանցագործությունների։ Հատկապես ցավալի է, երբ սեռական բռնության զոհ են դառնում երեխաները՝ երբեմն ընտանիքի ներսում, ընտանիքի անդամի կողմից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը և հավելել,- «Իրավասու կառույցները պետք է ունենան բավարար մասնագիտական պատրաստվածություն և հստակ մեխանիզմներ՝ նման դեպքերը կանխելու և դրանց պատշաճ արձագանքելու համար։ Օրինակ՝ ունեցել ենք դեպք, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է փոխել դպրոցը՝ պատճառաբանելով, թե նրան շատերն են ճանաչում և հետագայում կարող է ճնշումների և թիրախավորման զոհ դառնալ»։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»–ի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանն առանձնացրեց երեք հիմնական խնդիրներ, որոնք վերաբերում էին սեռական բռնության կանխարգելման ոլորտում բացերին, դեպքերի վարմանն ու աջակցությանը, ինչպես նաև վիճակագրության և հետազոտությունների բացակայությանը։

«Մենք աշխատել ենք յոթ անչափահաս հղիների հետ, որոնցից հինգը ծննդաբերել են, ունեցել ենք չափահաս շահառու, որը միայն իր ծննդաբերական ցավերի ժամանակ է իմացել, որ հղի է: Այս բոլոր դեպքերով մենք հղիության ընդհատման հնարավորություն չենք ունեցել ժամկետների պատճառով: Պետք է նշեմ, որ միայն մեկ դեպքով է նորածինը մնացել ընտանիքում: Իսկ սրանք միայն մեզ դիմած դեպքերն են, սակայն մենք գիտենք, որ անչափահաս հղիներ մենք ավելի շատ ունենք»,-նշել Տաթևիկ Աղաբեկյանը` հավելելով, որ կենտրոնն իր գործունեության 18 տարիների ընթացքում 294 անձանց է աջակցել, որոնցից 114–ը անչափահասներ են եղել:

Եթե Դուք կամ Ձեզ ծանոթ մեկը ենթարկվել է սեռական բռնության կամ կա նմանատիպ ռիսկ և ունեք աջակցության, խորհրդատվության կարիք, դիմեք Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն։ Թեժ գիծ՝ 077 991280։

Նորություններ