«Ամոթ կլիներ, եթե հայկական զորքերը մասնակցեին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ու պատվեին Պուտինին, ՌԴ-ն ամեն կերպ օգնեց Ադրբեջանին օկուպացնել Արցախը»․Վարդանյան | Region

«Ամոթ կլիներ, եթե հայկական զորքերը մասնակցեին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ու պատվեին Պուտինին, ՌԴ-ն ամեն կերպ օգնեց Ադրբեջանին օկուպացնել Արցախը»․Վարդանյան

Մայիս 11,2025 14:25

Բավականին ժամանակ անց առաջին անգամ Հայաստանի վարչապետը այցելեց Մոսկվա։ Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցեց 2-րդ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։ Նրա այցը հակասություններ է առաջացնում Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին։

«Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղավ գնալ Մոսկվա՝ մասնակցելու շքերթին»,-այս կարծիքին է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

REGIONSTV-ի հետ զրույցում նա նշեց, որ Ռուսաստանի իշխանությունները շատ սուր են բարձրացրել հարցը և հասակացրել են Հայաստանի իշխանություններին, որ այն երկրներին, որոնք չեն մասնակցի Հաղթանակի շքերթին, Ռուսաստանը կհամարի անբարյացակամ։

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետը սխալ որոշում է կայացրել․«Ռուսաստանից ֆինանսավորվող ռուսական և որոշ հայկական լրատվամիջոցներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ։ Նրանք ամեն օր կեղծ լուրեր են տարածում և վախեցնում են Հայաստանին։ Նրանք նաև պնդում են, որ եթե Ռուսաստանը չլիներ, Հայաստանը կդադարեր գոյություն ունենալ, կկորցներ իր անկախությունը և այլն։ Նրանք ամեն օր նման աշխատանք են կատարում Հայաստանի դեմ։ Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ»։

Այս շքերթին, ինչպես նշեց Վարդանյանը, հիմնականում մասնակցել են ավելի քան 20 երկրների դիկտատորներ, ուստի այնտեղ Հայաստանի համար տեղ չկա, Հայաստանի տեղը պետք է լինի քաղաքակիրթ աշխարհում։

«Հայաստանը պետք է խուսափի մասնակցել այնպիսի միջոցառումներին,  որոնք կարող են խաթարել երկրի հեղինակությունը և հակասել ազգային շահերին։  Հայաստանի իշխանությունների որոշումը՝ հայկական զորքերը չուղարկել Մոսկվայում Հաղթանակի շքերթին, երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման տրամաբանական հետևանք է»,-ասաց քաղաքագետը։

Նա հիշեցրեց Ռուսաստանի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը, որը հանգեցրեց Արցախի օկուպացիային։

«Չնայած այն հանգամանքին, որ 2-րդ Համաշխարհային պատերազմին մասնակցել և զոհվել են հազարավոր հայեր, շքերթին մասնակցել են ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Որքան ես գիտեմ, Ռուսաստանը առաջարկել է Հայաստանին ներկայացնել իր զորքերը մայիսի 9-ի շքերթին, սակայն Հայաստանի իշխանությունները դա անտեղի են համարել և չեն ուղարկել մեր ԶՈՒ ստորաբաժանումները։ Հայաստանի այս քայլը  ես ճիշտ եմ համարում, քանի որ Ռուսաստանը Հայաստանի համար ոչ բարյացակամ երկիր է։ Ռուսաստանը ամեն կերպ օգնել է Ադրբեջանին օկուպացնել Արցախը։ Ամոթ կլիներ, եթե հայկական զորքերը մասնակցեին այդ շքերթին և պատվեն Պուտինին, չնայած, էլ ավելի մեծ ամոթ է Փաշինյանի մասնակցությունը»,-նշեց Վարդանյանը։

Նրա ներկայացմամբ՝ այդ շքերթին նկատելի էր, թե որքան անհանգիստ էր Նիկոլ Փաշինյանը. «Ակնհայտ էր, որ Փաշինյանն իրեն անհարմար էր զգում Լուկաշենկոյի կողքին, որի հետ նա լավ հարաբերությունները չունի։ Ավելին, Փաշինյանը չպետք է գլխարկ կրեր լավ և արևոտ եղանակին, երբ բոլոր առաջնորդները գլխարկ չէին կրում»։

Այդուհանդերձ, Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում կայացած շքերթին, ըստ Վարդանյանի, չի ազդի Հայաստանի՝Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա․« Չնայած Արևմուտքը Ռուսաստանին, այսպես ասած՝ լավ չի վերաբերվում, սակայն ըմբռնումով են վերաբերվում շքերթին Հայաստանի մասնակցությանը, ու կարծում եմ՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ»։

Նրա կարծիքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայում շատ դինամիկ են զարգանում, և  պատահական չէ, որ երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները ներկայումս ամենաբարձր մակարդակի վրա են։ Հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել։ Իրականում, Արևմուտքը գոհ է Փաշինյանից, ով որոշ բարեփոխումներ է իրականացրել և բավարարել Արևմուտքի պահանջները։ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանը միանալու մտադրության մասին օրինագիծ, և այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ»։

Արմեն Վարդանյանը նաև հավելեց, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին հարաբերությունները և զարգացնի հարաբերությունները այլ երկրների հետ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին, ապա, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրմամբ դրանց մակարդակը բարձրացել է։

«Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը մի շարք հնարավորություններ է ընձեռում ընդլայնելու համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, պաշտպանության, անվտանգության և ժողովրդավարության։ Եթե Ադրբեջանը փորձի հարձակվել Հայաստանի վրա, ապա կարծում եմ, որ ԱՄՆ-ն կտրուկ քայլեր կձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ դիվանագիտական ​​կամ այլ միջոցներով»,-վստահեցրեց Արմեն Վարդանյանը։

Զաբելա Ավագյան

Նորություններ