Պատիժը խստացնելով հնարավոր չէ լուծել խնդիրը։ Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը չպետք է անդրադառնա զինապարտների կրթության, անձնական կյանքի վրա | Region

Պատիժը խստացնելով հնարավոր չէ լուծել խնդիրը։ Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը չպետք է անդրադառնա զինապարտների կրթության, անձնական կյանքի վրա

Մայիս 16,2025 21:36

«Իրավաբանությունից հեռու մարդկանց թվում է, թե միայն պատիժը խստացնելով հնարավոր է լուծել խնդիրը: Սակայն դրա դասական ժխտումը լոնդոնյան այն օրինակն է, երբ հրապարակում կախում էին գրպանահատներին, բայց այդ նույն ժամանակում, նույն հրապարակում մյուսի գրպանից ինչ-որ բան էին գողանում»,- REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն՝ անդրադառնալով կառավարության երեկ հաստատած որոշմանը։

Հիշեցնենք,  երեկվա նիստում գործադիրը որոշում կայացրեց վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացնել։ Ըստ այդմ՝ այսուհետ վարժական հավաքներից խուսափելու դեպքում սահմանվում է տուգանք որպես պատիժ՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, ինչպես նաև սահամանվում է պատիժ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

Նախագծի հիմնավորման մեջ նշած է՝ պաշտոնական վիճակագրություն համաձայն՝ միայն անցած երկու տարում պարտադիր զինվորական ծառայությունից, զորահավաքից կամ վարժական հավաքներից խուսափելու հոդվածներով ավելի քան 3 հազար քրեական գործ է հարուցվել։

Մհեր Հակոբյանի կարծիքով՝ միայն պատժի խտացումը բավարար չէ խնդիրները լուծելու համար, ավելին՝ այն պետք է դիտարվի որպես երկրորդական, ոչ թե հիմնական գործիք։

Փորձագետի դիտարկմամբ՝ որևէ խնդիր լուծելու լավագույն միջոցը այն պատճառների ու պայմանների վերացումն է, հենց խնդիրներն են ստիպում մարդկանց խուսափել հավաքներից: Միայն երևույթը «հմայիչ» կերպով ներկայացնելով է հնարավոր հասնել հարցի լուծմանը:

Վերլուծաբանի խոսքով՝ կոնկրետ վարժական հավաքները իրենցից բազում խնդիրներ են ենթադրում՝ անվտանգայինից մինչև հոգեբանական ու սոցիալական:

«Քաղաքացուն կանչում են վարժական հավաքի, սակայն տանում են մարտական ծառայության: Եթե հավաքների նպատակը սովորելն է, ինչո՞ւ է քաղաքացին գիշերը զորամասում անցկացնում՝ կտրված իր սոցիալական միջավայրից ու հարազատներից: Այդպես են անում, որովհետև անազնիվ են քաղաքացիների հետ: Իրականում վարժական հավաքների նպատակը ոչ թե սովորեցնելն է, այլ զինվորական թվաքանակի ավելացումը: Հավաքներից խուսափելը հենց պետության անազնիվ լինելու հետևանքն է»,-բացատրում է ռազմաքաղաքական վերլուծաբանը, վստահեցնելով, որ համալիր մոտեցում դրսևորելուց և այս խնդիրներին լուծումներ տալուց հետո հավաքից խուսափողների թիվը կտրուկ կերպով կկրճատվի:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց բանակում մեծածավալ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին։ Նրա կարծիքով՝  այդ բարեփոխումները պետք է հիմնված լինեն ոչ թե պատժի մեխանիզմների, այլ տարբեր տիպի աջակցող կամ շահագրգող փաթեթներ առաջարկելու հիման վրա:

Մանրամասնեց.«Այն մարդկանց, ովքեր զինապարտ են, կամ գտնվում են զինվորական պարտականության այլ շրջանակներում, պետք է առաջարկվեն տարբեր տիպի փաթեթներ: Կարևոր է նաև սահմանել ժամանակահատված, որը չի խաթարի վերջիններիս կյանքի ընթացիկ ռիթմը: Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը չպետք է անդրադառնա նրանց աշխատանքի, կրթության, ընդանրապես անձնական կյանքի վրա»:

Հակառակ պարագայում, ինչպես նշեց իրավապաշտպանը, մենք գործ ենք ունենալու մի իրավիճակի հետ, երբ մարդկանց մոտ առաջանալու են ծառայությունից խուսափելու, կամ երկրից ժամանակից շուտ հեռանալու միտումներ:

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ