«Հայաստանն էլ օգտագործում էր ռուսական զենք, այդ թվում՝ այն յոթ շրջանները վերցնելու համար»․Լավրովը՝ ռուսական զենքի, դա չմտակարարելու ու ՀՀ-ի հնարավոր «ուկրաինացման» մասին

«Հիշեցնեմ՝ Հայաստանն էլ, գրեթե բոլոր տարներին, անկախություն ձեռք բերելուց հետո օգտագործում էր ռուսական զենք, այդ թվում՝ ժամանակին վերցնելու համար այն յոթ շրջանները, որոնց համար պաշտոնական հավակնութուն երբեք չի ունեցել»,-այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայ լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը ռուսական զենքով է Արցախի դեմ պատերազմել ու էթնիկ զտում իրականացրել։
«Ի դեպ, Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում ԼՂ-ն ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսական զենք՝ վերցնելու համար չվիճարկվող ադրբեջանական յոթ շրջաններն ու այնտեղ ամրաշինական, ռազմական գծեր ստեղծելու համար։ Դրանք ցույց էին տալիս, որ այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու համար էր հաշվարկն արված։ Որոշ վերլուծաբաններ նշում էին, որ այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր այն մասին, որ ընդհանրապես չէին պլանավորում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին։ Ուստի, այո, Աֆրիկայում էլ, Մոզամբիկում էլ է օգտագործվում ռուսական զենք, Կալաշնիկովի ավտոմատ։ Շատ երկրներում է օգտագործվում, և դա չի նշանակում, թե այդ զենքն ամենուր օգտագործվում է այն նպատակներով, որոնք օրինակ համահունչ կլինեին բոլորին ձեռնտու սկզբունքներին»։
Նույն լրագրողի մեկ այլ դիտարկմանը՝ Ռուսաստանը զենք չի մատակարարել Հայաստանին, չնայած դրա դիմաց Հայաստանը վճարել է, Լավրովը պատասխանեց. «Մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, կարգավորել ենք այդ հարցը: Այդ վճարումները փոխանցվել են այլ նպատակների, այստեղ հակասություն չկա: Մատակարարումների առումով կարող եմ ասել՝ Ռուսաստանը հիմա ունի իրավիճակ, որով պայմանավորված՝ ստիպված ենք կռվել ամբողջ Եվրոպայի դեմ: Գործնականում, եվրոպական երկրներից Ուկրաինա հասնող զենքը շատ է, ժամանակակից զենք է, և այդ զենքը մեր պատասխանն է պահանջում: Համոզված եմ՝ մեր հայ բարեկամները մեզ հասկանում են, գիտեն, որ նման իրավիճակներում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել: Բայց անգամ այդ իրավիճակում հայ գործընկերների հետ պայմանագրերով նախատեսված համակարգերը փոխանցվում են և մենք այդ պրակտիկան կշարունակենք»:
Այս դեպքում Ռուսաստանը չպետք է ընդդիմանա Հայաստանի՝ այլ երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից զենք-զինամթերք ձեռքբերելուն, այս դիտարկմանն ի պատասխան էլ Սերգեյ Լավրովը այսկերպ պատասխանեց․«Որևէ խնդիր չկա, դա մեր հայ բարեկամների ընտրությունն է: Եթե իրենք ցանկանում են ունենալ ֆրանսիական կամ այլ երկրի բազա՝ լրացուցիչ մատակարարների համար, խնդրեմ, մենք որևէ բան չենք պարտադրելու: Մեր դաշնակիցներն իրենք պետք է որոշեն, թե որտեղից ավելի լավ զենք գնել: Նույնիսկ՝ այն ամենով հանդերձ, ինչ ես քիչ առաջ ասեցի»։
Նա նաև հավելեց՝ Ֆրանսիան Ռուսաստանի համար, մեղմ ասած, բարեկամ երկիր չէ:
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք ԵՄ-ին անդամակցության հարցում սպառնում են Հայաստանին, արդյոք Հայաստանի «ուկրաինացման» վտանգ կա, այս հարցին էլ ՌԴ ԱԳ նախարարը պատասխանեց․ « Հայաստանի ի՞նչ ուկրաինացման մասին կարող է խոսք գնալ․ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է։ Հայաստանում ռուսաց լեզուն և ռուսական մշակույթը անօրինական չի հռչակվում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին, որոնք ուզում են ռուսերեն խոսել։ Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենն՝ ի տարբերություն Ուկրաինայի»։
Նա նշեց․«Նույն շրջանակում Հայաստանում արգելված չէ ադրբեջաներենը, կամ Ադրբեջանում, այդ թվում՝ նաև Ղարաբաղում, սահմանադրությամբ արգելված չէ հայերենը, բայց, այ, Ուկրաինայում ռուսերենն արգելված է»։