«Կոռուպցիայի միջոցով բանակից ազատվելու դրույթն այս նախագծով օրինականացվում է»․քննարկում գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատող նախագծի մասին | Region

«Կոռուպցիայի միջոցով բանակից ազատվելու դրույթն այս նախագծով օրինականացվում է»․քննարկում գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատող նախագծի մասին

Մայիս 21,2025 16:42

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի  ներկայացրած օրենսդրական փոփոխությունները, ըստ որի գումարի դիմաց հնարավոր կլինի զինծառայության ժամկետը կրճատել, դժգոհությունների տեղիք է տվել։ Նրա մշակած նախագծով առաջարկվում է 15 մլն դրամ վճարելով բանակում զինծառայության անցնել  6 ամսով, իսկ  20 մլն վճարելով՝ ընդամենը 1 ամիս։

Հայկ Սարգսյանի ներկայացմամբ՝ տվյալ նախագծի անհրաժեշտությունը եղել է դեռ տարիներ առաջ, առավելապես այն պատճառով, որ այն որոշ չափով կհանգեցնի զորակոչից խուսափողների թվի նվազմանը։

Հայկ Սարգսյան

«Բազմաթիվ քաղաքացիներ մի շարք ճանապարհներով խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Հիմնական տարբերակը քաղաքացիությունից հրաժարվելն է։ 2020-2024 թվականների ընթացքում մինչև 18 տարեկան ավելի քան 8700 քաղաքացիներ գնացել են այս ճանապարհով։ Եվ երբ ես առաջարկում եմ բարձր տուրք դնել քաղաքացիների վրա, դա անում եմ այս արատավոր երևույթը կանխելու համար։ Մեր քաղաքացիները այսօր ընդամենը 25000 դրամ են վճարում քաղաքացիությունից հրաժարվելու դիմում տալու համար։ Իմ առաջարկը կկրճատի խուսափողների թիվը, ու անգամ եթե նրանք շարունակեն գնալ այդ ճանապարհով, նրանց վճարած գումարներով կլրացնենք նրանց չծառայելու բացը՝ ուրիշ անձանց ծառայության բերելով»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քնարկմանն այսպես պատգամավորը հիմնավորեց իր նախագիծը։

Անդրադառնալով ծառայությունից խուսափելու դեպքերին, նա նշեց՝ այս պահին բանակում չծառայելու համար հետախուզվում է 10000 քաղաքացի, իսկ բանակ զորակչվում է զորակոչի ենթակաների միայն 30-40 տոկոսը։  Ըստ նրա՝ դրա հիմնական պատճառը աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անվտանգային խնդիրներն են, մարդիկ վախենում են։ Հենց սա էլ, պատգամավորի ներկայացմամբ, հագեցնում է նրան, որ քաղաքացիները ծախսում են մեծ գումարներ, և առողջական հիվանդությունների թղթեր ստանալու համար դիմում են տարբեր պաշտոնյաների, կամ էլ պարզապես լքում են Հայաստանը ուսման կամ բուժման նպատակներով, ու այլևս չեն վերադառնում։

Պատգամավորի խոսքով՝ այս գործընթացը կանխելու համար անհրաժեշտ է ավելի գրավիչ դարձնել ծառայությունը, ինչին էլ ուղղված է նախագիծը։

Նազելի Մովսեսյան

Այս կարծիքին հակադարձեց քննարկման մեկ այլ մասնակից՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը․«Նախագիծը ոչ թե գրավիչ է դարձնում բանակը, այլ կարելի է ասել՝ ոչ գրավիչ է դարձնում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպես բազմիցս նշվել է այստեղ կա սոցիալական անարդարության բաղադրիչ, այսպես օրինականացվում է տրվող վճարների հիմքով կոռուպցիան, որը բնականաբար ընդունելի չէ»։ Այսինքն, ինչպես նշեց Մովսեսյանը, նախկինում կոռուպցիայի միջոցով բանակից ազատվելու դրույթն այս նախագծով օրինականացվում է։

Ինչ վերաբերում է նախատեսված գումարին, ապա նա ասաց՝ եթե այսպես նախագիծն ընդունվի, դրանից կօգտվեն հարուստ քաղաքացիները․«Բայց  եթե հաշվենք այդ տասնութ տարիները, ստացվում է, ամսական 70 հազար դրամ կուտակելով, 18 տարում ընտանիքներն այդ գումարը կհավաքեն, և կկարողանան իրենց զավակներին ազատել բանակից»։

Նրա խոսքով՝ բանակում ծառայությունից խուսափելու շատ պատճառներ կան, դրանցից ուշագրավը զինծառայության ընթացքում գրանցվող մահացության դեպքերն են՝ ոչ մարտական պայմաններում․«Հաշվի առնելով բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի վիճակագրությունը, դա ցուցանիշ է, որ քաղաքացիները կարող են խուսափել զինծառայությունից»։

Նա հիշեցրեց՝ նախորդ տարի մահացության 40 դեպքից միայն 4-ն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանք։ Վերջին հինգ տարիներին,  ըստ Մովսեսյանի, մահվան դեպքերի 70-80%-ը ոչ մարտական պայմաններում են եղել։ Սա լուրջ պատճառ է, որ ծնողները, կամ հենց զորակոչիկները, ինչպես ասաց փորձագետը, չցանկանան անցնել զինվորական ծառայության։ Սարգսյանը հստակեցրեց՝ ոչ թե ազատվում են բանակից, այլ ժամկետն է կրճատվում։

Անդրադարձ եղավ նաև ընդդիմադիր ուժերի կարծիքներին, ովքեր պնդում են, թե այսկերպ քաղաքացիները բաժանվում են երկու դասակարգի, ու օրինագծի նպատակը բյուջե լցնելն է։ Հաջորդ պատճառը ըստ նրանց մոտալուտ ընտրություններն են, իսկ նպատակը՝ Հայաստանի ապառազմականացումը։

Պատգամավորն անտրամաբանական համարեց նման մեկնաբանությունները, կրկին հաստատելով նախագծի նպատակները․«Մեր նպատակն է Զինված ուժերի քանակը ընդլայնելը, ուզում ենք մեծացնել նաև պահեստազորի թիվը։ Թույլ չտանք քաղաքացիներին լքել Հայաստանը՝ զորակոչելով նրանց ծառայության, այդկերպ լուծելով նաև դեմոգրաֆիական խնդիրը։ Եթե նախագիծը ճիշտ աշխատի, տարեկան կունենանք 3000 ավել զինծառայող։ Առաջին անգամ մենք հնարավորություն կունենանք արգելել հարուսների երեխաներին լքել ՀՀ-ը կամ քաղաքացիություն փոխել։ Նրանց զորակոչելու ենք ծառայության, դրանից հետո կանչենք 25-օրյա հավաքների, որոնց չներկայանալու դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվությում՝ կալանք մինչև 8 տարի ժամկետով»։

Տիկին Մովսեսյանն էլ իր հերթին իր տարբերակները առաջարկեց զինծառայությունը գրավիչ դարձնելու համար․«Կարևոր է ապահվել զինվորական ծառայության պատշաճ իրականացումը։ Զինված ուժերում բացառել որևէ տեսակի վատ վերաբերմունքի դրսևորումը, ստեղծել այնպիսի բանակ, որը հիմնված կլինի մարդու իրավունքների գերակայության վրա»։

Նիկոլ Մարգարյան

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Նորություններ