«Մեզ հետ պատահածը մեր իսկ սխալների ու դավաճանությունների պատճառով էր»․այս կարծիքին է ՀՀ-ում հարցվածների մեծամասնությունը

«Մեզ հետ պատահածը մեր իսկ սխալների ու դավաճանությունների պատճառով էր»․այս կարծիքին են Կովկասյան բարոմետրի հարցումներին մասնակցածների 83.7%-ը։
Կովկասյան բարոմետրը հրապարակել է 2024 թվականին իրականացրած հարցումների արդյունքները։ Այն իրականացվել է Հայաստանի 10 մարզերում և Երևանում, ընդգրկվել են գյուղական և քաղաքային բնակավայրերի չափահաս 1561 քաղաքացիներ։
Լեռնային Ղարաբաղի վերջին դեպքերից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի քանի պնդումների հիման վրա հարցվածների պատասխանները բավականին ուշագրավ են։
Պնդումներից մեկի՝ «ինձ թվում է, որ մեր տարածաշրջանում Հայաստանը մնացել է մեն-մենակ իր խնդիրների հետ», հարցվածների 77.6%-ը համաձայն է, 25.5%-ը կարծում է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի զարգացումն ու հետևանքներն անխուսափելի են։ Հարցվածների 20.6%-ը կարծում է, որ Ղարաբաղյան կոնֆլիկն այլևս գոյութուն չունի։
«Հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության համար ի՞նչ նախադրյալներ են պետք»․այս հարցին ի պատասխան հարցվածների 21.1%-ը համարում է Խաղաղության պայմանագրի կնքումը, 19.3%-ը գտնում է, որ դրա համար ամենակարևորը «ուժեղ բանակ ունենալն է», «կորցրած տարածքների վերակագնումն ու ռազմագերիների վերադարձը» որպես խաղաղության հասնելու տարբերակ դիտարկում է հարցվածների համապատասխանաբար՝ 14.4 և 10.4 տոկոսը։ Հարցվածների 5.8%-ը կարծում է, որ «ցեղասպանության ճանաչումն է» հարցի լուծումը, 3.6%-ի կարծիքով՝ «անվտանգության երաշխիքներ որևէ 3-րդ երկրի կողմից», 1.8%-ի կարծիքով՝ «ազատ հասանելիություն կորսված տարածքներին»։
Այլ տարբերակն է առաջ քաշել հարցվածների 22 տոկոսը, որից 4.5%-ի կարծիքով խաղաղության հասնելու համար նախադրյալներ չկան, 4%-ի կարծիքով՝ ուժեղ դիվանագիտություն է հարկավոր, 1.5%-ի կարծիքով՝ Հայաստանի համար հաղթական պատերազմ, «Հայաստանին պետք է լավ ղեկավար» և «փոխադարձ վստահություն»՝ 1%։
Հարցման ընթացքում քաղաքացիներին է ներկայացվել նաև Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ խաղաղության երեք սահմանում, իսկ նրանք նշել են, թե որքանով կցանկանային, որ դրանք իրականություն դառնային։
Ըստ այդմ՝ հարցվածների ՝ 88.5%-ը ցանկանում է «միջազգային սահմանների փոխադարձ ճանաչմամբ, և բոլոր տեղահանվածների վերադարձով նախկին բնակության վայրեր» տարբերակն իրականություն դառնալ, ահա միայն 53.5%-ն է անկալում, որ այն իրականություն կդառնա։
Հարցված քաղաքացիների 84.9%-ը ցանկանում է, որ իրականություն դառնա խաղաղությունն այնպես, ինչպես ինքն է սահմանում ու հասկանում։
«Երկու ժողովուրդների շահերից բխող փոխադարձ համաձայնություն»․հարցվածների 74.9%-ն ուզում է որ այն դառնա իրականություն, դեմ է՝ 13.1%ը, այս տարբերակն իրականություն դառնալու ակնկալիք ունի հարցվածների 46.4%-ը:
«Ադրբեջանի հետ պատերազմն ուղղակիորեն բացասաբար է ազդել իմ կյանքի վրա»․հարցվածների 86%-ն այս կարծիքին է։
«Երբ տեսնում եմ Հայաստանի խորհրդանիշներն, օրինակ՝ Արարատը, ուժեղ զգացողություններ եմ ունենում»․կրկին հարցվածների 86%-ն է համաձայն այս կարծիքի հետ։
«Հայաստանից դուրս ծնված հայերն արժանի են ունենալ նույն իրավունքներն, ինչ այստեղ ծնվածները»․այս պնդման հետ համաձայն է հարցվածների 66.1%-ը։
Հարցվածների 62%-ը համաձայն է «Ես պատասխանատվություն եմ զգում նրանց նկատմամբ, ովքեր ստիպված են եղել պատերազմի պատճառով լքել իրենց տները» պնդման հետ։
Նիկոլ Մարգարյան